Բավ է պառակտվել
16-02-2022 18:14

Հայաստանում իրատեսական են համարում ԵԱՏՄ-ում վարկային տեղեկատվության փոխանակման համակարգ ստեղծելու գաղափարը

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իրատեսական է համարում ԵԱՏՄ երկրների հաճախորդների վարկային տեղեկությունների փոխանակման համակարգի ստեղծման գաղափարը։

«Եթե մեզ հաջողվի վարկային պատմության մասին տեղեկատվությունը փոխադարձ հասանելի դարձնել, դա էական օգնություն կլինի մեր հաճախորդներին»,- ասել է նա։

Այս առնչությամբ Սարգսյանը պարզաբանել է, որ Հայաստանից հաճախորդները, մեկնելով, օրինակ, Ռուսաստան, կկարողանան այնտեղ միջոցներ ստանալ՝ հիմնվելով Հայաստանում ձևավորված իրենց վարկային պատմության վրա։

«Եվ հակառակը՝ մեր քաղաքացիները, ովքեր երկար տարիներ ապրել են արտերկրում, իսկ հետո վերադարձել, կկարողանան այստեղ վարկեր ստանալ այնտեղ ձևավորված վարկային պատմության հիման վրա»,- ասել է նա։

Սա, նրա խոսքով, կնպաստի քաղաքացիներին ֆինանսական հասանելիության հետ կապված խնդիրների լուծմանը։

Միաժամանակ նա հայտնել է, որ Ռուսաստանի հետ այս ուղղությամբ արդեն որոշակի աշխատանք է տարվել, և որոշակի արդյունքներ են ձեռք բերվել, համագործակցություն է հաստատվել նաև այլ երկրների հետ։

2020 թվականի հունիսին ԵՏՀ Կոլեգիան հավանություն է տվել ԵԱՏՄ-ում վարկային պատմություններում ներառված տեղեկատվության փոխանակման կարգի մասին համաձայնագրի վերջնական նախագծին։

Համաձայնագիրը մի կողմից կնպաստի ԵԱՏՄ բոլոր երկրների ռեզիդենտների համար հավասար պայմանների ստեղծմանը մյուս անդամ երկրների տարածքում բանկերից վարկեր ստանալու համար։ Մյուս կողմից՝ փաստաթուղթը հնարավորություն կտա բանկերին համարժեք գնահատել ռիսկերը՝ այլ անդամ երկրների ռեզիդենտներին վարկավորման որոշումներ կայացնելիս։ Դա կխթանի Միությունում միջսահմանային վարկավորման զարգացումը։

Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ԵԱՏՄ երկրների ռեզիդենտներին պահանջել և ստանալ իրենց վարկային հաշվետվությունը մեկ այլ անդամ երկրում գտնվելու ժամանակ՝ այդ երկրի ֆինանսական հաստատություններին վարկավորման համար դիմելիս։