Բավ է պառակտվել
30-03-2021 22:08

Հայաստանում վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր ընկերությունների նկատմամբ

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։

Վերջին օրերին Հայաստանում ձվի գներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով․ ընդամենը մի քանի օրվա ընթացքում գինը 60 դրամից հասավ 140-ի 1 ձվի դիմաց։ Միաժամանակ, շատ խանութներում վաճառքը սահմանափակվել էր․ 1 անձին՝ ոչ ավել, քան 10 հատ ձու, իսկ որոշ խանութներում այն ի սպառ վերացել էր։

Հանձնաժողովում նշվում է, որ վարույթը հարուցվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և/կամ հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում:

Կարգավորիչի որոշման մեջ նշվում է, որ ս․թ․ մարտ ամսվա ընթացքում սպառողների կողմից Հանձնաժողովի թեժ գծի մի շարք բողոքներ են ստացվել այն մասին, որ վաճառակետերում նկատվում է հավի ձվի պակասորդ, իսկ այն առևտրի կետերում, որտեղ ձուն առկա է, այն իրացվում է զգալի բարձր գնով՝ 1 ձվի դիմաց հասնելով 100-ից մինչև 120 դրամի։

Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև զանգվածային լրատվամիջոցների կողմից ներկայացված մի շարք հաղորդումներ, որոնցում նույնպես բարձրացվել է մարտ ամսվա ընթացքում հավի ձվի պակասորդներին և իրացման բարձր գներին առնչվող հարցեր։

Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարտի 16-ից 25-ն ընկած ժամանակահատվածում խոշոր առևտրի կենտրոններում դիտարկվում է հավի ձվի պակասորդ, իսկ ձվի առկայության օրերին իրացման գինը տատանվում է 74-91 դրամի սահմաններում` կախված արտադրող ընկերությունից, ինչպես նաև ձվի տեսակից և կարգից։

Մարտի 30-ին կայացած նիստի ընթացքում ՏՄՊՊՀ-ն որոշեց հարուցել վարչական վարույթ «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Արաքս թռչնաֆաբրիկայի» կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ: ($ 1 - 530,7 դրամ):