Բավ է պառակտվել
06-05-2019 15:16

Հայաստանի ոստիկանությունում մեկնաբանել են Dodge Charger թանկարժեք մեքենաների գնման մասին տեղեկությունը

 

Հայաստանի ոստիկանությունը մեկնաբանել է գերատեսչության կողմից կուլտային Dodge Charger ավտոմեքենաներ գնելու կամ գնման մտադրության կապակցությամբ սոցցանցերում տարածված տեղեկությունները։
Ավելի վաղ ոստիկանապետին կից Հասարակական խորհրդի ֆեյսբուքյան էջում հայտնվել էին Հայաստանի ճանապարհային ոստիկանության մակնշմամբ Dodge Charger ավտոմեքենաների լուսանկարները:
«Առանձին քաղաքացիների մտահոգվելու տեղիք է տվել այն, որ նշված ավտոմեքենայի շարժիչի հզորությամբ պայմանավորված՝ վառելիքի ծախսը չհիմնավորված շատ է և հանգեցնելու է բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսի»,- նշվել է պարզաբանման մեջ:
Գերատեսչությունում հայտնել են, որ ոստիկանության նոր ստեղծվելիք պարեկային ծառայության համար տրանսպորտային միջոցների հնարավոր գնումն իրականացվելու է բացառապես մրցութային կարգով՝ մրցույթի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների երաշխավորմամբ:
Ոստիկանությունում նշել են տեխառաջադրանքի պահանջները. տրանսպորտային միջոցը շահագործող անձնակազմի անվտանգություն, վառելիքի ծախս, ավտոպարկի ընթացիկ սպասարկման և պահեստամասերի ձեռքբերման ծախսեր, ոստիկանական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական և տակտիկական հնարավորությունների առկայություն:
«Ոստիկանությունը ներկա դրությամբ Dodge Charger մակնիշի տրանսպորտային միջոցը չի գնել: Հիշյալ ավտոմեքենան հայկական շուկայում տարածում չունի, ուստի որոշվել էր գործնական վարման եղանակով պարզել դրա հնարավորությունները, ինչն, ի դեպ, որևէ ծախսերի չի հանգեցրել»,-պարզաբանել են գերատեսչությունում:
Ոստիկանության մամլո ծառայությունն ընդգծել է, որ շարունակելով թափանցիկ գործելաոճը՝ ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հանրությանը սպասվելիք կարևոր բարեփոխման ծրագրի ընթացքի և արդյունքների վերաբերյալ:
Ասվել է նաև, որ բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերմամբ, այլ լինելու են խորքային՝ ենթադրելու են գործելակերպի, ոստիկանական մասնագիտական պատրաստվածության, ժամանակակից սպառազինության, տեխնիկական հագեցվածության, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բոլորովին նոր աստիճան: Արդյունքում, ոստիկանությունում կիրագործվեն համակարգաստեղծ փոփոխություններ՝ 5-10 տարվա հեռանկարում:
«Վստահեցնում ենք, որ ոստիկանությունը որոշումներ ընդունելիս բացառապես ղեկավարվելու է ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և հասարակական անվտանգության մակարդակի բարձրացման նկատառումներով», - ասվել է հայտարարության մեջ։