Բավ է պառակտվել
10-06-2022 11:32

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը

Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, տեղեկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղարի էջից։

ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի նախագահողն է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Տեղի կունենան նեղ և ընդլայնված կազմերով նիստեր, ինչից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես կգան հայտարարություններով մամուլի համար։

Նիստի օրակարգում ընդգրկված են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ արագ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Նիստից հետո նախատեսվում են արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների միջև և 2022-2024թթ. խորհրդակցությունների ծրագրի ընդունումը։

Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը զուգահեռ բողոքի ցույց անցկացրեց նախագահական նստավայրի դիմաց։ Նրանց ճանապարհը փակեցին մեծաքանակ ոստիկանական ուժեր։ Մի քանի ելույթից հետո ցուցարարները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ։