Բավ է պառակտվել
30-04-2019 13:02

Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Երևանում երեքշաբթի մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը։

Նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, որոնք կքննարկեն ինտեգրացիոն փոխգործակցության հարցերի մեծ շրջանակ։

Նիստի օրակարգում ընդգրկված են ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման, միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման, արդյունաբերական կոոպերացիայի, առևտրի, մաքսային համագործակցության և տնտեսության հետ առընչվող հարցեր։

Ծրագրվում է քննարկել “Արդյունաբերական կոոպերացիայի, ենթակոնտրակտացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանց” ծրագրի նախագծի իրագործման ասպեկտները, անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքը։

Անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին կներկայացվի “Եվրասիական տնտեսական միությունում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման պայմանների ստեղծման մասին” ԵՏՀ զեկույցը, որը խորհուրդներ է ներառում Միության ներսում ինտերնետ-առևտրի զարգացման վերաբերյալ, ԵՏՀ հաշվետվությունը 2018 թվականին հանձնաժողովի ընդունած որոշումների կարգավորող նախագծերի ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ, առաջարկներ ապրանքներն արտահանելիս ծագման երկրի սահմանման հանդեպ միասնական մոտեցումների հաստատման մասին։

Միջկառավարական խորհրդի անդամները կքննարկեն նաև արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում “միասնական պատուհան” ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի նախագիծը։

Նախօրեին Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ։ Նիստին մասնակցել են Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նիստի օրակարգում ընդգրկվել է ավելի վաղ քննարկված շուրջ երկու տասնյակ հարց։ Խոսքը գնում է ԵԱՏՄ անդամ պետությունների և երրորդ կողմերի միջև կնքված միջազգային պայմանագրերի արդյունքների ու մի շարք հարակից հարցերի, ինչպես նաև Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ Ավելի վաղ համաձայնացվել է ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագրի նախագիծը։

Միջկառավարական խորհուրդը միության մարմիններից է, որի կազմում են անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները։ Խորհուրդը ապահովում է ԵԱՏՄ պայմանագրի և Եվրասիական տնտեսական խորհրդի որոշումների իրականացումն ու վերահսկողությունը: Այն նաև հանձնարարականներ է տալիս Եվրասիական տնտեսական խորհրդին և իրականացնում է միության շրջանակներում պայմանագրով և միջազգային պայմանագրերով նախատեսված այլ լիազորություններ: ԵԱՏՄ անդամ երկրների ինտեգրացիոն համագործակցության սկզբունքային հարցերի էական մասը քննարկվում է միջկառավարական խորհրդի շրջանակներում:

2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների, այդ թվում՝ միջկառավարական խորհրդի նախագահությունը: