Բավ է պառակտվել
30-05-2022 09:31

ԵՄ-ում կրկին կփորձեն համաձայնեցնել Ռուսաստանի դեմ ուղղված նավթային էմբարգոն․ DW

Եվրամիության 27 երկրի մշտական ներկայացուցիչների կոմիտեն երկուշաբթի՝ մայիսի 30-ի առավոտյան կփորձի համաձայնության գալ ռուսական նավթի ներմուծման էմբարգոյի շուրջ՝ ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը հաստատելու համար։

Սա կլինի վերջին նման փորձը ԵՄ գագաթնաժողովից առաջ, որը կսկսվի մայիսի 30-ին կեսօրից հետո և կտևի երկու օր, գրում է DW-ն։

Կիրակի օրը՝ մայիսի 29-ին, մշտական ​​ներկայացուցիչների հանդիպմանը չհաջողվեց այնպիսի լուժում գտնել նավթային էմբարգոյի հարցում, որը կբավարարեր ԵՄ անդամ բոլոր 27 երկրներին, հայտնել են ԵՄ-ում DW-ի երկու աղբյուրները։

«Կարևոր է շարունակել աշխատել և չհանձնվել մինչև դրան [պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ փոխզիջման՝ խմբ.] չհասնենք: Դեռևս մի փոքր ժամանակ կա մինչև Եվրոպական խորհրդի (ԵՄ գագաթնաժողովի պաշտոնական անվանում՝ խմբ․) մեկնարկը։ Սա կարող է աշխատել, իսկ կարող է և չաշխատել։ Բայց մենք պետք է փորձենք»,- ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:

Ինչպես պարզաբանել է DW-ի զրուցակիցը, նավթի էմբարգոյի շուրջ համաձայնության գալը դժվար է, քանի որ ԵՄ որոշ երկրներ մյուսներից ավելի շատ կախվածություն ունեն ռուսական նավթից։

«Պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հետ կապված իրավիճակն այնպիսին է, որ մենք համաձայնության ենք եկել բոլոր հարցերի շուրջ, բացառությամբ մեկի, որը տեխնիկապես շատ դժվար է․ դա նավթն է (...) Հիմնական հարցը վերաբերում է ԵՄ մի քանի երկրների, որոնցից մեկը Հունգարիան է»,- ասել է իր հերթին Եվրամիության անդամ երկրներից մեկի բարձրաստիճան դիվանագետ։ Բացի Հունգարիայից, ռուսական նավթից կախված երկրների թվում են Չեխիան, Սլովակիան, Բուլղարիան և Խորվաթիան, ասել է նա:

«Այստեղ քաղաքական խնդիրներ չկան, քանի որ մենք բոլորս, նաևՎիկտոր Օրբանը (Հունգարիայի վարչապետ՝ խմբ.) համաձայն ենք, որ պետք է հնարավորինս շուտ ընդունել այս փաթեթն», - ասել է DW-ի աղբյուրը։ Դիվանագետի խոսքով, ինքը չգիտի, արդյո՞ք ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչները երկուշաբթի կհասնեն փոխզիջման, սակայն համոզված է, որ նավթի էմբարգոյի հարցում ԵՄ երկրներն արդեն «վերջնուղի են դուրս եկել» ։

Այժմ ԵՄ երկրներն հիմնականում քննարկում են լցանավերով ռուսական նավթի մատակարարումների էմբարգոն և խողովակաշարով դրա մատակարարումների արգելքի հետաձգումը։ Սակայն քանի որ Եվրամիության ներքին շուկան միասնական է, դա կստեղծի խաղի անհավասար կանոններ ԵՄ տարբեր երկրների ընկերությունների համար։ Եվ ԵՄ-ում տեխնիկապես շատ դժվար է անվանում այն հարցը, թե ինչպես ապահովել շուկայի նվազագույն խեղաթյուրումներով նման մասնակի էմբարգոն։ Իսկ գագաթնաժողովներում տեխնիկական հարցերը սովորաբար չեն լուծում։ Եթե ​​բարձր մակարդակի հանդիպումից առաջ համաձայնություն ձեռք չբերվի, իսկ ԵՄ երկրների ղեկավարները կարողանան փոխզիջում գտնել, ապա մանրամասները կարող են համաձայնեցվել գագաթնաժողովից հետո մի քանի օրվա ընթացքում։