Բավ է պառակտվել
03-01-2021 13:16

Վրաստանում ավարտի կհասցնեն դեպի Լարս ճանապարհի շինարարությունը միակ ավտոմոբիլային ճանապարհն օպտիմալացնելու համար

Վրաստանի իշխանությունները կշարունակեն Ռուսաստան տանող միջպետական նշանակության միակ ավտոմոբիլային ճանապարհի օպտիմալացումն ու բարեկարգումը: Այսպես, երկրի կառավարությունը 2021 թվականին կշարունակի Խաչի լեռնանցքի տակ ճանապարհի և թունելի շինարարությունը։

Խոսքը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաբարդ և վտանգավոր հատվածը՝ Քոբի-Գուդաուրին շրջանցող Քվեշեթի-Քոբի ճանապարհի մասին է։ Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ ինը կիլոմետրանոց թունել Խաչի լեռնանցքի տակ: Դա կլինի ամենաերկար թունելներից և Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։

Թունելի կառուցում է նախատեսվում նաև Ռուսաստանը Վրաստանի հետ կապող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Քվեշեթի-Կոբի ամենավտանգավոր հատվածում։ Ընդհանուր առմամբ, այս տարի ծրագրի վրա կծախսվի 80 միլիոն լարի (մոտ 25 միլիոն դոլար): Միջոցների կեսից ավելին Վրաստանը կստանա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից:

Նշենք, որ ձմռանը Կոբի-Գուդաուրին պարբերաբար փակվում է ձյան տեղումների պատճառով:

Ավելի վաղ Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպպուրիան բազմիցս նշել էր, որ Վրաստանն ու Ռուսաստանը կապող վրացական ռազմավարական ճանապարհին Քվեշեթի-Կոբի թունելի կառուցումը թույլ կտա հայաստանյան փոխադրողներին այլևս փակված չմնալ “Վերին Լարս” անցակետ տանող ճանապարհին:

Բացի այդ, վրացական նախագծի իրականացումը ռուսական կողմից անցակետի արդիականացման ֆոնին հնարավորություն կտա հնարավորինս պարզեցնել փոխադրողների աշխատանքը:

“Վերին Լարս” անցակետով Հայաստանից Ռուսաստան և հակառակը ամեն տարի փոխադրողներն առնվազն 10 հազար ուղերթ են կատարում: Գործող ճանապարհը ներկայիս իրողություններում փաստացի միակն է Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների մատակարարման համար։

Քանի դեռ չկա նոր ճանապարհը, հայ ներկրողների համար Լարս տանող միակ այլընտրանքային հնարավորությունը բազմամոդալ փոխադրումներն են․ երկաթուղով կամ ավտոմոբիլային ճանապարհով Երևանից Փոթի, այնտեղից լաստանավով դեպի Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ և Ռուսաստանի այլ քաղաքներ:։

Եթե չլիներ քաղաքական հարցը, Հայաստանն ու Ռուսաստանը կապող 6 ուղիներից առավել շահավետը Նար (Հյուսիսային Օսիա)–Գորի ճանապարհն է, որն անցնում է Հարավային Օսիայի տարածքով։ Այն դեպի Լարս տանող ճանապարհից 80 կիլոմետրով ավելի երկար է, սակայն օսական երթուղին նախընտրելի է ավելի հարմարավետ կլիմայական պայմանների և ռելիեֆի պատճառով: