Բավ է պառակտվել
02-06-2020 16:21

Ռուսաստանի համար գազի գինը միշտ քաղաքական լծակ է եղել ՀՀ–ի համար

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում անդրադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ հրապարակած ուսումնասիրություններին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժանորդներին հասնող գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին:
Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) առաջարկում է սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռության սակագինը, որը հաշվարկվել է Գազպրոմի ներկայացրած հայտի հիման վրա։ ՀԾԿՀ-ն առաջարկում է 1000 խմ գազի դիմաց սահմանել $266,71՝ գործող $255,06 փոխարեն։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր սահմանել $283,14։
Իսկ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր բնակիչ–բաժանորդ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը՝ 139 000 դրամից նվազեցնել մինչև 135 909.6 դրամ։
Պատգամավորն ասում է, որ հերթական անգամ կանգնում ենք գազի սակագնի փոփոխության խնդրի առաջ, ընդ որում՝ խիստ երկրորդական է, թե քանի տոկոսով է բարձրանալու գազի սակագինը:

Արման Բաբաջանյանի խոսքով թանկացումը տեղի է ունենում միջազգային շուկաներում էներգակիրների էժանացման ֆոնին, բայց ռազմավարական գործընկեր ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական քայլ է, որն ունի բացառապես քաղաքական բաղադրիչ:
«Ռուսաստանի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ, այդպիսին է նաև այսօր: Ամեն անգամ գազի սակագնի քննարկման ժամանակ մեզ ուրվականի պես այցի է գալիս Հայաստանի հանցավոր անցյալը, քանի որ այդ անցյալում 2013-ին կնքված գազային խայտառակ համաձայնագրի արդյունքում է Ռուսաստանը գազային տոտալ մենաշնորհ հաստատել Հայաստանում»,–ասաց Բաբաջանյանը։
Ըստ Արման Բաբաջանյանի ՝ այս իրավիճակից միակ ելքը այդ համաձայնագրերի վերանայումն է: «Ակնհայտ է սակայն, որ մինչև այդ համաձայնագիրը չվերանայվի, մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում՝ ամեն անգամ գազի թանկացման տեսքով ապտակ ստանալով մեր ինքնիշխանությանը»,- նշեց Բաբաջանյանը: