Բավ է պառակտվել
09-07-2019 11:19

Սինգապուրում հայտարարել են Հայաստանի հետ տնտեսական համագործակցության պատրաստակամության մասին

Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդը պատրաստակամություն է հայտնել համագործակցել հայ գործընկերների հետ։

Ինչպես տեղեկացրել է հայկակակն կառավարության մամլո ծառայությունը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Խորհրդի նախագահ Բեհ Սվան Գինը նշել է, որ իր գլխավորած կառույցը պատրաստ է սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում և Հայաստանին տրամադրել տեխնիկական օժանդակություն:

Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությանն են ներկայացվել ենթակառուցվածքների, արդյունաբերության, ներդրումների ներգրավման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Սինգապուրի տպավորիչ ցուցանիշները, տնտեսության ոլորտում հարևան պետությունների հետ համագործակցության արդյունքները:

Փաշինյանը կարևորել է Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել փոխգործակցության պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները հարցեր են ուղղել խորհրդի անդամներին` հետաքրքրվելով տարբեր ուղղություններով խորհրդի կողմից իրականացվող քայլերի մասին:

Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդն իրագործում է ներդրումների խրախուսմանն ուղղված գործողություններ` նպատակ ունենալով Սինգապուրը դարձնել գործարար և ներդրումային կենտրոն:

Խորհուրդը պատասխանատու է կազմակերպությունների և ներդրողների համար արժեքավոր լուծումներ մշակելու և ներկայացնելու գործում, դրանով իսկ նպաստելով Սինգապուրում գործարար միջավայրի կայուն զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը: