Բավ է պառակտվել
12-11-2014 08:38

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը: 
Վարչապետը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված ավելի քան 20-ամյա համագործակցությունը, որի շրջանակում լուրջ քայլեր են կատարվել մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, բարեփոխումների իրականացման և մարդկային կարողությունների հզորացման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել այդ նպատակով ՀԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական և տեխնիկական հսկայական օժանդակության համար:
Զրուցակիցները հաջողված և արդյունավետ են գնահատել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը, ապա քննարկել «Երկրի գործընկերության ներկա (2014-2017թթ.) ռազմավարության» իրականացման հետագա ընթացքը: Որպես Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններ՝ վարչապետը կարևորել է, մասնավորապես, էներգետիկ, գյուղատնտեսական և ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Երկուստեք կարևորվել է նաև սոցիալական, տեսչական, ավիացիայի, հարկային ոլորտներում, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:
ՀԲ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի երկարաժամկետ գործընկերն է և գերազանց գնահատել մեր երկրի վարկային պորտֆելի կատարողականը: Լորա Թակն ընդգծել է, որ ՀԲ-ն պատրաստ է շարունակելու օժանդակությունն ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից տնտեսական առաջնահերթություններ համարվող ոլորտներին:
Վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ընդլայնելու ՀԲ հետ համագործակցությունը և նշել, որ մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետևողականորեն զարգացնելով տնտեսությունը և նվազեցնելով աղքատությունը:
Հովիկ Աբրահամյանը և Լորա Թակը մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության խորացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ ևս: