Բավ է պառակտվել
06-07-2019 17:17

Վիետնամցի գործարարները պատրաստ են ներդրումներ կատարել Հայաստանում

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը հանդիպում է ունեցել Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և մոտ 20 վիետնամցի գործարարների հետ, հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը:

Վիետնամի առևտրի պալատի ղեկավար Վու Թիեն Լոկը նշել է, որ տեղեկացված է իր երկրի կառավարության ղեկավարի հետ Փաշինյանի բանակցությունների արդյունքների մասին` հավելելով, որ հանդիպմանը ներկա գործարարները շահագրգռված են հայ գործարարների հետ կապերի հաստատմամբ և խորացմամբ: Մասնավորապես, նա նշել է, որ գործարարները ներկայացնում են արդյունաբերական, գյուղատնտեսական, տեխնոլոգիաների և առևտրի ոլորտները։

Փաշինյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերն` ընդգծելով, որ այսօր երկրում չկան ներդրումներ իրականացնելու արհեստական խոչընդոտներ:

“Հայաստանի կառավարության նպատակն է երկիրը դարձնել տեխնոլոգիական պետություն: Վերջին տարիներին ՏՏ ոլորտը Հայաստանում աճել է 5 անգամ: Արդյունաբերության զարգացումը ոչ միայն շարունակվում է, այլև՝ արագանում: Ուրախ եմ, որ մեր երկրների ՏՏ ոլորտների պատասխանատուներն արդեն համաձայնել են իրականացնել համատեղ փորձնական ծրագրեր”, - ասել է նա:

Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ վարչապետը նշել է գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կրթությունը և տեքստիլ արդյունաբերությունը։ Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանն ունի ազատ առևտրային ռեժիմ Վրաստանի, ԵԱՏՄ-ի երկրների հետ, և շուտով նման ռեժիմ կգործի նաև Իրանի հետ: Բացի այդ, Հայաստանն ունի GSP և GSP ռեժիմներ ԵՄ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հետ:

“Վստահ եմ, որ վիետնամական գործարարների համար մեր երկիրը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն նշված ոլորտներում, այլև հայկական խմիչքները՝ կոնյաը և գինին, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքը Վիետնամ արտահանելու համատեքստում”, - ասել է նա, համոզմունք հայտնելով, որ որակ-գին հարաբերակցության առումով այդ արտադրանքը կարող է մրցունակ լինել վիետնամական շուկայում:

Այնպիսի խոշոր ընկերությունների ղեկավարներ, ինչպիսիք են Sovico, Vingroup, Contrexim, Huang Som, Tiscovina, Hapro, Kangaroo, Voci, Constrexim Hod և այլն, կոնկրետ առաջարկներ են ներկայացրել հայկական շուկա մուտք գործելու, Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու, հայկական արտադրանքը, ներառյալ՝ գինին և կոնյակը արտահանելու ուղղությամբ։

Կառավարության ղեկավարը հանձնարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին շարունակել քննարկումները ներկայացված առաջարկների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, վարչապետը նշել է, որ ակնկալում է հանդիպել վիետնամցի գործարարների հետ այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք հայ-վիետնամական համատեղ բիզնես-համաժողովում, որը լավ հնարավորություն կհանդիսանա գործարար կապերի հաստատման համար:

Փաշինյանը հարցազրույց է տվել Վիետնամի առաջատար Nhan Dan հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է հայ-վիետնամական հարաբերությունների, ինչպես նաև Հանոյում անցկացված բանակցությունների արդյունքների մասին: