Բավ է պառակտվել
06-03-2022 11:50

Visa-ն ու Mastercard-ը կասեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում, ՌԴ ԿԲ-ն հանդես է եկել պարզաբանմամբ

Կիրակի գիշերը Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում։

Երբ ընկերությունները դադարեցնեն բոլոր գործողությունները ՌԴ-ում, ռուսական բանկերի կողմից թողարկված քարտերը չեն գործի արտերկրում: Ռուսաստանում նաև չեն աշխատի քարտերը, որոնք թողարկված են օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների կողմից:

Visa-ն ու Mastercard-ը հիմնավորել են իրենց որոշումն Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությամբ:
«Մենք ստիպված էինք քայլեր ձեռնարկել Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումից ու անընդունելի իրադարձություններից հետո, որոնց ականտեսն ենք: Մենք ցավում ենք այն աղդեցության համար, որը ցուցաբերում է այդ որոշումը մեր գործընկերների, հաճախորդների, վաճառողների, քարտապանների վրա, որոնց մենք սպասարկում ենք Ռուսաստանում: Այդ պատերազմն ու խաղաղության ու կայունության նկատմամբ շարունակվող սպառնալիքը ստիպում են մեզ արձագանքել՝ մեր արժեքների համաձայն»,-հայտարարել է Visa-ի ղեկավար Էլ Քելին, ում խոսքերն է մեջբերվել մամլո հաղորդագրությունում։
«Հաշվի առնելով հակամարտության աննախադեպ բնույթն ու տնտեսական իրավիճակի անորոշությունը՝ մենք որոշել ենք դադարեցնել մեր ծառայությունները Ռուսաստանում»,- ասվում է Mastercard-ի հաղորդագրության մեջ:
Ընկերությունում ափսոսանք են հայտնել ռուսական շուկայից հեռանալու որոշման կապակցությամբ:
«Այդ որոշումը դժվարությամբ է կայացվել: Mastercard-ը Ռուսաստանում աշխատում է ավելի քան 25 տարի: Այդտեղ մենք շուրջ 200 գործընկեր ունենք, որոնց շնորհիվ մեր ընկերությունն այդքան կարևորություն ունի բազմաթիվ շահագրգիռ կողմերի համար: <...> Երբ տեղին լինի և եթե թույլատրվի օրենքով, մենք կօգտագործենք նրանց նվիրվածությունն ու ստեղծագործական մոտեցումը գործողությունները վերականգնելու ուղղությամբ աշխատանքի համար»,- հայտարարել են Mastercard-ում:
ՌԴ խոշորագույն բանկը՝ Սբերբանկը, պարզաբանել է, որ այդ որոշումը չի ազդի երկրի ներսում Visa-ի և Mastercard-ի աշխատանքի վրա: Քարտերը կգործեն, դրանցով հնարավոր կլինի կատարել գործողություններ Ռուսաստանի տարածքում՝ կանխիկացնել գումար, քարտի համարով փոխանցումներ կատարել, վճարել ինչպես օֆլայն, այնպես էլ ռուսական առցանց խանութներում:
«Visa-ի և Mastercard-ի կողմից թողարկված քարտերով արտերկրում և արտերկրյա ինտերնետային խանութներում վճարումները կսահմանափակվեն: Մենք խորհուրդ ենք տալիս արտերկրում գտնվող ռուսաստանցիներին, որոնք գտնվում են արտերկրում, նախապես կանխիկացնել բավականաչափ գումար և վճարել խոշոր ծախսերի դիմաց (հյուրանոց, տոմսեր),-նախազգուշացրել է Սբերբանկը:
Ռուսաստանի բանկը հաստատել է, որ Visa և Mastercard բոլոր քարտերը, որոնք թողարկվել են ռուսական բանկերի կողմից, շարունակում են գործել ՌԴ տարածքում սովորական ռեժիմով նախքան դրանց ժամկետի ավարտը:
«Դրանց հետ կապված գործառնությունները մշակվում են երկրի ներսում՝ Վճարային քարտերի ազգային համակարգում, և պատժամիջոցները չեն ազդում դրանց վրա: Հաճախորդի միջոցները նման քարտերի հետ կապված հաշիվներում ամբողջությամբ պահպանված են և հասանելի», - պարզաբանել է ՌԴ Կենտրոնական բանկը:
Այնտեղ հավելել են, որ չի հաջողվի օգտվել Mastercard և Visa քարտերից արտերկրում, և վճարել պատվերներն օտարերկրյա ինտերնետային խանութներում: Արտերկիր մեկնելու դեպքում Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս կանխիկացնել գումարը կամ օգտվել «Միր» ռուսական վճարային համակարգից երկրներում, որտեղ այն ընդունվում է (ՌԴ ԿԲ-ի հաղորդմամբ՝ դրանք են Թուրքիան, Վիետնամը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Հարավային Օսիան ու Աբխազիան):
Ռուսական վճարային համակարգի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ «Միր» քարտերն ընդունվում են Թուրքիայում, ԱՄԷ-ում, Վիետնամում, Հայաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Կիպրոսում:
Ալֆա բանկի գնահատմամբ՝ անջատման գործընթացը կտևի առնվազն երեք օր: Նախքան այդ Mastercard և Visa քարտերը կշարունակեն անխափան աշխատել: