Բավ է պառակտվել
20-12-2024 23:19

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ. Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի 10 ամիսների ընթացքում հասել է 10,2 միլիարդ դոլարի, ինչը կրկնակի գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր առևտրատնտեսական կապերը կայուն աճ են գրանցում։ Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում փոխադարձ առևտուրը կազմել է 10,2 մլրդ դոլար, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները։ Իսկ տարին դեռ չի ավարտվել, ուստի այդ ցուցանիշը կարող է աճել»,- նշեց նա։

Օվերչուկն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթով վճարումների, և ռուսական ռուբլու մասնաբաժինը այդ գործարքներում հասել է 96,3%-ի։ Բացի այդ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը՝ արդյունաբերական նախագծերում ներդրումները կազմում են 3,4 մլրդ դոլար։

«Հայաստանում ակտիվորեն աշխատում են ավելի քան 40 ռուսական խոշոր ընկերություններ, որոնցից շատերը երկրի խոշոր հարկատուներից են»,- հավելեց փոխվարչապետը։