Բավ է պառակտվել
11-02-2019 18:36

Հայաստանի արտաքին պարտքը մոտեցել է 11 միլիարդ դոլարի

2017 թվականի վերջին Հայաստանի համախառն արտաքին պարտքն անցել է 10 միլիարդ դոլարի նշագիծը և այսօր արդեն հասել է 11 միլիարդ դոլարի: Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմել է մոտ 10 մլրդ 836 մլն դոլար:

Համախառն արտաքին պարտքի ցուցանիշները հաճախ շփոթում են պետական պարտքի ցուցանիշների հետ, մինչդեռ դրանք տարբեր հասկացություններ են:

Պետական պարտքի ցուցանիշը բաղկացած է ներքին և արտաքին պարտքից: Դա կառավարության և Կենտրոնական բանկի պարտքերի հավագումարն է:

Համախառն արտաքին պարտքի դեպքում խոսում ենք միայն արտաքին պարտքի մասին, որը ներառում է ոչ միայն արտաքին պետական պարտքը (կառավարության և Կենտրոնական բանկի), այլև մասնավոր հատվածի, հիմնականում բանկերի՝ արտաքին պարտքը:

Համախառն արտաքին պարտքը գերազանցում է պետական պարտքը: Այսպես, եթե 2018 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ համախառն արտաքին պարտքը կազմել է 10 մլրդ 836 մլն դոլար, ապա պետական պարտքը եղել է 6 մլրդ 741 մլն դոլար, որից 5 մլրդ 411 միլիոն արտաքին պետական պարտքն է կազմել:

Մինչ օրս համախառն արտաքին պարտքի ամենախոշոր մասնաբաժինն ունեն պետական կառավարման մարմիններ՝ համախառն արտաքին պարտքի 45.5% -ը: 2018-ի սեպտեմբերի դրությամբ ծավալը կազմել է մոտ 4 մլրդ 937 մլն դոլար: Խոսքը կառավարության արտաքին պարտքի մասին է:

Դրան հետևում են ավանդական կազմակերպությունների, հիմնականում՝ բանկերի պարտքերը (22.4%): Այս ցուցանիշը կազմում է մոտ 2 միլիարդ 433 միլիոն դոլար ր ներառում է ինչպես բանկերի արտաքին ֆինանսական պարտավորություններն կամ վարկերն, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների ավանդները:

Մնացածը Կենտրոնական բանկի արտաքին պարտքն է:

Տարիների ընթացքում համախառն արտաքին պարտքը սկսել է աճել զգալի ծավալներով և արագացված տեմպերով: Այնուամենայնիվ, մամուլում և այլ հարթակներում քիչ է խոսվում համախառն արտաքին պարտքի մասին:

Համախառն արտաքին պարտքը ներառում է նաև մասնավոր հատվածի ֆինանսական պարտավորությունները, որոնք սպասարկվում են հենց մասնավոր հատվածի կողմից: Իսկ պետական պարտքը սպասարկվում է պետական բյուջեի, այսինքն՝ հարկ վճարողների հաշվին: Թերեւս դա է պատճառը, որ ազգային պարտքը միշտ ուշադրության կենտրոնում է, իսկ համախառն արտաքին պարտքը հազվադեպ է հիշատակվում: