Բավ է պառակտվել
10-12-2019 20:00

Հայաստանի ատոմակայանի երկրորդ բլոկն արդիականացվում է ՌԴ-ի տրամադրած 270 մլն դոլար վարկի միջոցով

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել են Հայկական ատոմակայան։ Նրանք ծանոթացել են 2019-ին ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։
Հայաստանի ատոմակայանի երկրորդ բլոկն արդիականացումն իրականացվում է ՌԴ-ի տրամադրած 270 մլն դոլար վարկի միջոցով։ Արձագանքելով խոսակցություններին, որ այս վարկի չափը հնարավոր է նվազեցվի՝ դարձնելով մինչեւ 200 մլն դոլար, Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին ասաց.«Հիմա քննարկումներ են ընթանում եւ, որքան որ ես եմ հասկանում, դեկտեմբերի վերջերին՝ մոտավորապես դեկտեմբերի 26-ին, նախատեսվում է հերթական համատեղ նիստը, որտեղ այդ հարցերը կբարձրացվեն եւ կքննարկվեն»։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ վարկի երկարաձգման հիմքերը քննարկվել են եւ կա փոխհամաձայնություն։ Դա պայմանավորված է որոշ աշխատանքների երկարաձգման անհրաժեշտությամբ՝ ասաց նախարարը։ «Այդ իսկ պատճառով մինչեւ 2021 թվականը վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա երկրորդ էներգոբլոկի արդիականացման աշխատանքները հասցնել իրենց ավարտին։
Անդրադառնալով Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու ծրագրերին՝ Սուրեն Պապիկյանը նկատեց, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ բարձրավոլտ էլեկտրացանցերն արդեն իսկ կառուցվում են։ «Սա բերելու է նրան, որ Հայաստանը կդառնա տարանցիկ ուղի ոչ միայն Վրաստանի եւ Իրանի, այլ նաեւ ԵԱՏՄ երկրների եւ, մասնավորապես, ՌԴ-ի համար, որովհետեւ այն հզորությունները, որ նախատեսվում է Հայաստանում կառուցել՝ իրացնել, այդ հնարավորությունը մեզ ընձեռելու է։
Սուրեն Պապիկյանը չկիսեց դիտարկումը, թե ԵՄ-ի հետ համաձայնագրով պայմանավորվածություն կա ատոմակայանը շահագործել մինչեւ 2026 թվականը եւ դադարեցնել շահագործումը։ « Մի բան փաստ է, որ ՀՀ–ի համար ատոմակայանն ունի ստրատեգիական նշանակություն։ ՀՀ-ն խնդիր ունի էներգետիկ առումով ոչ միայն ինքնաբավ լինել, այլ նաեւ շարունակել լինել արտահանող երկիր։ ԱԷԿ-ը ապահովում է ՀՀ-ի էներգիայի 40 տոկոսն այս պահին, բայց իր ողջ հզորությամբ գործելու դեպքում այն կարող է ասնել մինչեւ 50 տոկոսի։ Այս ատոմակայանը կաշխատի մինչև 2036 թ»։