Բավ է պառակտվել
10-07-2018 11:36

Կոռուպցիայի և «ստվերի» դեմ պայքարի շնորհիվ պետբյուջե է վերականգնվել 42մլն դոլար- Փաշինյան

Կոռուպցիայի և ստվերային հատվածի դեմ ակտիվ պայքարի արդյունքում պետբյուջե է վերականգնվել 20 մլրդ 622 մլն դրամ կամ մոտ 42մլն դոլար , երեքշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում շատ ակտիվ ընթանում է կոռուպցիայի, չարաշահումների և ստվերային տնտեսության դեմ պայքար: Սա շատ կարևոր ցուցանիշ է և կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք: Երկու ամիս, որից կես ամիսն առնվազն ծախսվել է զուտ կազմակերպչական աշխատանքների վրա: Այսինքն սա 1, 5 ամսվա ցուցանիշ է», - ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին արդեն պետբյուջե է փոխանցվել այդ գումարից 800 մլն դրամը, իսկ մնացածը կփոխանցվի ստուգումների ավարտից հետո, քանի որ միջոցների ծավալը կարող է ավելանալ:

Վարչապետն ընդգծեց, որ սա վերաբերում է միայն հարկային պարտավորությունների մասով վերականգնված վնասին:

«Սա չի վերաբերում յուրացումների, ապօրինի հարստացումների, այլ կոռուպցիոն երևույթների հետ կապված գործերին, որոնք նույնպես իրենց ծավալներով չափազանց մեծ են: Այս պրոցեսը շարունակվելու է, պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք: Մինչև վերջ ենք վերականգնելու և աննահանջ: Ուրախ եմ, որ մեր իրավապահ մարմինների փոխգործակցության մակարդակը բարձրանում է», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծեց, որ այս կապակցությամբ 10 մլրդ դրամ սուբվենցիաների ձևով կհատկացվի մարզերին, որ մարզերի բնակիչները զգան փոփոխությունները:

«Մթնոլորտի փոփոխությունը մարդիկ տեսնում են, կոռուպցիայի դեմ պայքարը տեսնում են, հիմա դրա արդյունքները պետք է տեսնեն նաև համայնքներում», - նշեց ՀՀ վարչապետը:

«Փաստորեն հաշվի առնելով այն, որ սուբվենցիաները տրամադրվում են համայնքների համաֆինանսավորմամբ` ակնկալվում է, որ արդյունքում համայնքներում կներդրվի մոտ 30 մլրդ դրամ, ինչը լուրջ միջոցներ են, որոնք թույլ կտան հասնել կոնկրետ փոփոխությունների», - ասաց Փաշինյանը:

Ինչպես իր հերթին նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, վնասի վերականգնման գործընթացը կշարունակվի: Երբ արձանագրվել է չվճարված հարկը, տվյալ ընկերությունն այն մուտք է արել իր իսկ ընկերության հաշվին, որը կալանքի տակ է, և չի կարող որևէ տեղ կորել։ Հիմա ստուգումների արդյունքում, երբ ակտը կվերջնականանա, գումարը մասնավոր ընկերության հաշվից փաստացի կտեղափոխվի պետական բյուջե:
«20 միլիարդ 622 միլիոնը օր օրի փոփոխվող թիվ է, այն բարձրանալու միտում ունի։ Այս պահի դրությամբ 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է: Այդ գումարից այսօր ադեն բյուջեում արձանագրված է միայն 800 մլն դրամը, 12,7 մլրդ դրամը ներկայացված է հաշվեգրման բյուջե, մոտ 7 մլրդ դրամը նախնական հաշվարկներն են, որոնք դեռ գտնվում են քննչական ծառայությունների ուսումնասիրության տակ և կարող են աճի միտում արձանագրել», - ասաց Անանյանը:

Նրա խոսքով, բոլոր ակտերը նախատեսվում է հրապարակել մինչև հուլիսի 15-ը: