Բավ է պառակտվել
18-03-2020 14:21

Յուրաքանչյուր բանկ ինքը պետք է որոշի վարկերը սառեցնել թե՞ ոչ

Կորոնավիրուսի համաճարակից առաջացած անհանգստության պատճառներից մեկն էլ քաղաքացիների՝ բանկերում եւ վարկային կազմակերպություններում ունեցած վարկերն են։
Արտակարգ դրության սահմանման վերաբերյալ քննարկումների ժամանակ նաեւ հարցեր եղան՝ կապված վարկերի հետ։ Եղավ առաջարկ, որ բանկերը սահմանեն տոտալ վարկային արձակուրդ՝ բոլոր վարկառուների համար։ ԿԲ-ն արդեն հայտարարել է, որ ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։
ԿԲ-ն առեւտրային բանկերին եւ կազմակերպություններին հորդորել է ստեղծված իրավիճակում վարկառուների, օրինակ, հյուրատնային ռեստորանային, տրանսպորտի, ժամանցի ոլորտնում գործող ընկերությունների ու կազմակերպությունների վարկային պարտավորությունների հանդեպ երկկողմ համաձայնությամբ կիրառել անհատական մոտեցում։ Այս մասին պարզաբանել է նաեւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը.
«Եթե բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ՝ հնարավորություն ենք տվել մինչեւ 6 ամիս ժամկետով փոխել վարկավորման պայմանները. հետաձգել վարկի մարումները, երկարացնել վարկի ժամկետները, տեղն էկած պահին՝ նաեւ իջեցնել տոկոսադրույքները։ Այդ ամեն ինչը անելու դեպում այս կազմակերպությունները միանգամից իրենք էլ կփոխեն բանկերի պայմանները»։
Ի դեպ, առեւտրային մի քանի բանկեր արդեն հայտարարել են, որ երկու ամսով հետաձգում են վարկերի մարումը՝ ներառյալ մայր գումարները, տոկոսագումարները, սպասարկման վճարները այն դեպքում, եթե իրենց եկամուտներն ու հասույթները նվազել են իրենցից անկախ պատճառով, ինչի հետեւանքով էլ դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։
Նշենք, որ Հայաստանում վարկ տրամադրում են բանկերը և վարկային կազմակերպությունները։ Գործող բանկերը 17 - են, իսկ վարկային կազմակերպությունները՝ 43-ը։ Այսօրվա դրությամբ Վարկային արձակուրդ են արդեն սահմանել բանկերից 11-ը։
Ֆիզիկական անձինք, անհատ ձեռներեցները վարկային պարտավորությունների գծով երկու ամսվա ընթացքում՝ մինչեւ մայիսի 15-ը, հերթական մարումները եւ վճարումները չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց։ Դա նշանակում է, որ նաեւ տույժ-տուգանքներ չեն հաշվարկվելու։ Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ ամեն բանկ ինքը պետք է որոշի, թե ինչ քայլեր կարող է իրականացնել արտակարգ դրությանից բխող.
«Յուրաքանչյուր բանկ, իհարկե, ինքը պետք է որոշի, թե ինչ քայլ է ձեռնարկում կամ ինչ է նշանակում վարկերի սառեցում ասելը, բայց բոլորի մոտ կա այդ ընկալումը, որ բնականաբար ինչ-որ լուծումներ պետք են, որովհետեւ իրավիճակը ստանդարտ իրավիճակ չէ։ Հիմա, թե յուրաքանչյու բանկ ինչ մոտեցում կցուցաբերի, դա նաեւ կախված է տվյալ բանկի հնարավորություններից եւ հաճախորդի հետ, այսպես ասած, հարաբերություններից»։
Ի դեպ, կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով առեւտրային բանկերից մեկը հայտարարեց, որ դադարեցնում է Էջմիածնի եւ Մեծամորի մասնաճյուղերի աշխատանքը։ Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ արտակարգ դրության դեպքում հաճախորդների համար բանկային ծառայությունները մատուցվում են համացանցի միջոցով՝ տարբեր հավելվածների, ինչպես նաեւ՝ բանկոմատների եւ տերմինալների միջոցով։

 

 

Արմինե Գևորգյան