Բավ է պառակտվել
13-09-2021 11:04

Հայաստանի ԱԷԿ-ի արդիականացումը թույլ կտա ավելացնել արտադրությունը և հասնել տուրբոգեներատորի անվանական հզորության․ Սալկով

Հայկական ԱԷԿ-ի արդիականացման ծրագրի ավարտը, որը նախատեսված է այս տարեվերջին, հնարավորություն կտա բարձարցնել ատոմակայանի արտադրական ցուցանիշները և հզորությունը հասցնել անվանական 440 ՄՎտ-ի: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է «Ռուսատոմ Սերվիս» ԲԲԸ («Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ձեռնարկություն, ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ծրագրի գլխավոր կապալառու) Եվգենի Սալկովը:

2021 թվականի մայիսի 15 -ից ՀԱԷԿ-ում իրականացվում է պլանային կանխարգելիչ սպասարկում (ՊԿՍ), որն այս տարի կտևի 141 օր և կավարտվի հոկտեմբերի 3 -ին: Ներկայումս, ունենալով 440 ՄՎտ անվանական հզորություն՝ ռեակտորը արտադրում է մոտ 390 ՄՎտ:

«Սա ամենահագեցած ՊԿՍ աշխատանքներից մեկն է, որը նախորդում է կարգավորող մարմնի` Հայաստանի ճառագայթային և միջուկային անվտանգության պետական կոմիտեի կողմից լրացուցիչ 10 տարվա գործունեության լիցենզիա տալու որոշմանը», - նշել է Սալկովը:

Նրա խոսքով՝ մեծ աշխատանք է տարվում, առաջին հերթին՝ ռեակտորների բաժանմունքում, աշխատանքներ են ընթանում ռեակտորի գոտու վթարային հովացման համակարգի, բորի հանգույցի օդափոխման համակարգի և հուսալի սնուցման համակարգի արդիականացման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Սալկովը նշեց տարբեր տեսակի դժվարությունների առկայությունը, որոնք անխուսափելի են ցանկացած ծավալուն բարդ տեխնոլոգիական խնդրի լուծման գործընթացում, որոնք արագ լուծվում են:

«Կարելի է արձանագրել, որ բոլոր նյութերը և պահեստամասերը մատակարարվել են, վճարումները կատարվել են: Կայանում կապալառուներն ապահովված են բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով, պլանային աշխատանքները կատարվում են: Կարևորն է այն է, որ այս ամենը իրականացվի ժամանակին, և մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի դա կատարվի ժամկետների պահպանմամբ», - ասել է «Ռուսատոմ սերվիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:

Նրա խոսքով, ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն ավարտելու համար ՀՀ կառավարությունը 40 մլն դոլարի միջոցներ է հատկացրել և պայմանագրեր կնքել «Ռուսատոմ սերվիս» -ի հետ: «Միևնույն ժամանակ, կայանն ունի աշխատանքի համար նախատեսված միջոցների իր սեփական լիմիտը, որոնք յուրացվում են մրցութային ընթացակարգերի շրջանակներում: Մենք կարող ենք մասնակցել կամ չմասնակցել մրցույթների», - պարզաբանել է Սալկովը: