Բավ է պառակտվել
26-08-2020 09:40

Կոսմետոլոգիայի հակաթրենդերը, որոնց մասին ժամանակն է մոռանալ (Լուսանկարներ)

Զվարճացանք, և բավական է. գեղեցկության ոլորտի մասնագետները ներկայացնում են, թե ինչպես են փոխվել գեղեցկության չափանիշներն, այն էլ՝ արմատապես: Այսուհետ մենք գնում ենք դեպի բնականություն և մինիմալիզմ:

Այս պրոցեդուրաները շատ տարածված էին մինչ վերջերս, իսկ այժմ սարսափ են առաջացնում:

Էսթետիկ​բժշկությունը շարունակում է հետևել բնական լինելու գաղափարին: Եթե նախկինում մենք անմտորեն շտապում էինք փոխել և բարելավել մեր արտաքինն այնպես, որ դա նկատելի լիներ, ապա այժմ միջամտությունները պետք է լինեն նուրբ և խնայող: Իսկ վերափոխման նպատակը ոչ թե միտումներին հետևելն է, այլ անհատականության պահպանումը: Վերջապե՛ս։

Հսկայական շուրթեր

Մեզ ամենից շատ ուրախացնում է այս թրենդի գահավիժումը: Գրեթե անշարժ, լցոնած կարկանդակներ հիշեցնող շրթունքները չափազանց գռեհիկ ու անբնական էին։ Դժբախտությունը նաև այն էր, որ շուրթերը մեծացնելու համար կանայք հաճախ կենսապոլիմերային գել էին ներարկում։ Այն գերազանց արդյունք և ․․․ կողմնակի ազդեցություններ էր ունենում։

Սինթետիկ նյութը հանգեցնում էր ֆիբրոզի և դեֆորմացիաների, կարող էր նաև անցնել մաշկի տակ։ Եվ շուրթերը, բառիս բուն իմաստով, տարածվում էին դեմքով մեկ։

Անշուշտ, կարելի է լրացնել անբավարար ծավալը գիալուրոնային թթվի հիմքով լցոնիչի (ֆիլերի) փոքր քանակով։ Կարևոր է չանցնել սահմանները և չօգտվել գելից, որն, ի տարբերություն արևմուտքի՝ դեռևս արգելված չէ Ռուսաստանում։

Արտահայտված այտոսկրեր

Համարվում է, որ արտահայտված այտոսկրերը դեմքին արիստոկրատ տեսք են տալիս։ Բացի այդ, դեմքի այդ հատվածի ծավալի մեծացումը թույլ է տալիս ձգել մաշկը և հարթեցնել քիթ-շրթային ծալքերը։ Նման արդյունքի հասնելու համար օգտագործվում են ֆիլերներ, լիպոֆիլինգ և իմպլանտներ։ Սակայն այս պրոցեդուրայից հետո, մանավանդ, եթե ծավալը շատ է մեծացվում, ներս է ընկնում քունքային հատվածը, և կողքից նայելիս այն անբնական և զիգզագաձև է երևում։

Այտոսկրի ծավալը կարելի է աննշան մեծացնել 40-ից հետո՝ տարիքային դրսևորումներից ազատվելու համար։ Երիտասարդ տարիքում չարժէ փոխել դիմագծերն, առավել ևս, որ դա այլևս մոդայիկ չէ։ Այտերն ընդգծելու համար կարելի է օգտագործել դիմագծերի ձևավորման չոր միջոց (скульптор) կամ հայլայթեր։

Բիշի ճարպագնդիկներ

Այտոսկրերն արտահայտիչ դարձնելու համար կանայք դիմում էին նաև վիրաբուժական միջամտության։ Մեկ գործողություն, և խնդրեմ՝ ներս ընկած այտեր և թախծոտ դեմք։ Սակայն, նախ՝ բոլորին չէ, որ սազում են ներս ընկած այտերը, երկրորդը՝ միջամտությունից հետո երիտասարդ աղջիկները բախվում էին մաշկն արագ “կախվելու” խնդրի հետ։ Չէ որ Բիշի ճարպագնդիկները  պահում են մաշկը պտոզի ժամանակ։ Հեռացնելուց հետո դրանք հնարավոր չէ վերականգնել, ուստի խնդիրը հնարավոր էր լինում լուծել միայն մաշկը վիրաբուժական ճանապարհով ձգելու միջոցով։

Եթե դուք անպայման ուզում եք նմանվել Մալիֆիսենտային, ապա օգտվեք դեմքի ուրվագծման տեխնիկայից։ Իհարկե, սա նույնպես արդեն մոդայիկ չէ, բայց, համենայն դեպս, չի հանգեցնում անդառնալի հետևանքների:

Այս հնարքին տիրապետելու համար կարող եք այցելել․ Ինչպե՞ս ճիշտ ուրվագծել դեմքը։ Ելենա Կրիգինայի ուսուցողական տեսանյութ։

Սուր կզակ

Ո՞վ չի ցանկանում իր դեմքն ավելի նրբագեղ դարձնել, մանավանդ, եթե դա այդքան մատչելի է, և հայտնիների մի ստվար խումբ արդեն դիմել է այս պրոցեդուրային։ Ոմանց դա իրոք օգուտ տվեց, բայց շատերի դեմքը նմանվեց արդուկի: Բացի այդ, երկարավուն կզակը հաճախ թվում է կոպիտ, դեմքի առանձին մաս։

Փորձեք տոնավորել: Մգացրեք կզակի տակի հատվածը և ուրվագիծը  տոնավորող չոր միջոցի օգնությամբ (կզակի մեջտեղից դեպի ականջի բլթակ):

Իսկ այստեղ կարող եք դիտել այլ օրինակներ. “Աստղերը, ովքեր կզակի պլաստիկ վիրահատություն են կատարել. ո՞վ է գեղեցկացել, իսկ ով՝ տգեղացել:

Քիթ-շրթային ծալքերի հարթեցում

Կոսմետոլոգները խոստովանում են, որ սխալ էր այս հատվածում ֆիլեր ներարկելը: Մեր դեմքի անատոմիան այս հատվածում խորություն է ենթադրում: Եվ տարիքային քիթ-շրթային ծալքերը «մինչև վերջ» լցնելու դեպքում դեմքը դառնում է հարթ և անբնական:

Այս ծալքերից ազատվելու միակ հնարավորությունը այտոսկրերի մեջ ֆիլեր ներարկելն է: Բայց այստեղ կրկին ցանկալի է վերընթերցել մեր հոդվածի երկրորդ պարբերությունը՝ մեկ ուրիշ ծուղակում չհայտնվելու համար։