Բավ է պառակտվել
19-08-2019 23:16

Օծանելիքի ամենաթանկ բաղադրիչները (լուսանկարներ)

Որպես կանոն,օծանելիքի ամենաթանկ բաղադրիչները միշտ չէ որ էկզոտիկ բույսերն են։։ Ավելի հաճախ բարձր գինը պայմանավորված է բաղադրիչների համակցությունից, ինչն արվում է ձեռքով և աշխատատար է։

Հիրիկ (իրիս)

Օծանելիքների պատրաստման համար հիրիկի բույրը ստացվում է ոչ թե ծաղկից, այլ՝ արմատներից։ Ծաղկի ավելի քան 300 տեսակից ամենից հաճախ օգտագործվում են Florentina և Pallida տեսակները։ “Հիրիկի յուղ ստանալու համար պահանջվում է 6,5 տարի։ Ծաղիկն աճում է երեք տարի, այդ ընթացքում սոխուկը մեծանում է, ինչից հետո այն հանվում է հողից և պահպանվում ևս երեք տարի։ Այդ ընթացքում արմատը դանդաղ չորանում է՝ կաթիլ-կաթիլ արտազատելով յուղը։ Այնուհետև յուղը կես տարի թրմվում է և նստվածքի տեսքով առանձնանում”,- պատմում է Lancôme-ի օծանելիքի մասնագետ Վիկտոր Արդաբացկին։

Հիրիկի յուղ արտադրող հիմնական երկրներն են Ֆրանսիան, Իտալիան, Հնդկաստանը, Մարոկոն։ ”Հիրիկի եթերայուղի գինը 15,000-ից 15,0000 դոլար է՝ օծանելիքի բացառիկ հումքի համար։ Ամենից հաճախ հիրիկի բնական յուղը կեղծվում է գազարի սերմով և սինթետիկ իոններով”,- նշում է Frederic Malle-ի փորձագետ Մատվեյ Յուդովը։

Մոխրագույն համպար (ամբրա)

Մոխրագույն համպարն արտադրվում է կաշալոտների մարսողական տրակտում։ “Ծովային կաշալոտն օրական կլանում է 1 տոննա սնունդ, այդ թվում՝ սուր կտուցով կաղամարների հսկայական քանակ։ Մեկ օրվա ընթացքում կաշալոտի ստամոքսում կուտակվում է մի քանի հազար կտուց, և երկու օրը մեկ կենդանին ազատվում է դրանից, ինչպես կատուն՝ բրդի կծիկից։ Սակայն երբեմն այդ զանգվածը՝ խառնված այլ չմարսած սննդի հետ, անցնում է ստամոքսի հատվածներով, կաշալոտների մոտ դրանք չորսն են, և հասնում աղիներին, և ահա այս դեպքում այն կարող է վերածվել մոխրագույն համպարի։ Այստեղ այդ զանգվածը խառնվում է աղիների սովորական պարունակության հետ, ինչով և բացատրվում է թարմ մոխրագույն համպարի ոչ այդքան հաճելի ֆեկալ հոտը։ Հիմնականում կետն ազատվում է այդ կծիկից բնական ճանապարհով, երբեմն՝ ավելի դաժան՝ մեռնելով աղիների պատռվածքից, պատմում է Nose Republic տելեգրամ-ալիքի հեղինակ, Jo Malone London-ի մասնագետ Քսենիա Գոլովանովան։- Այսպես, թե այնպես, թարմ համպարը հայտնվում է ծովում, որտեղ կարող է լող տալ տասնամյակներ, և այդ ճամփորդությունը շատ կարևոր է․փոխազդելով ջրի, օդի և արևային լույսի հետ համպարը ձեռք է բերում իր անուշաբույր հատկությունը։ Այն օգտագործում են հիմնականում սահմանափակ քանակությամբ էքսկլյուզիվ օծանելիքի որոշ արտադրողներ, բայց սովորաբար համպարը փոխարինում են նման բաղադրություն ունեցող սինթետիկ նյութերով, քանի որ բնական համպարը ոչ միայն թանկ է, այլև դրա հետ աշխատելը դժվար է, քանի որ այն, այսպես ասած՝ “կենդանի” է․համպարի որակը և բույրը տարբերվում է կտորից կտոր”։

“Օծանելիքի արտադրության համար պիտանի մոխրագույն համպարի 1գրամն արժե 25-50 դոլար և անգամ ավելի (համեմատության համար՝ ներկայումս 1գ ոսկու գինը շուրջ 40 դոլար է)”,- հավելում է Մատվեյ Յուդովը։

Զաֆրան

Ինչպես համեմունքների, այնպես էլ օծանելիքի բաղադրիչների շարքում զաֆրանը թանկարժեքներից մեկն է։ Զաֆրանի (կրոկուս) շատ տեսակներ գրանցված են Կարմիր գրքում։ “Կենդանի ծաղիկների առէջները հավաքում են ձեռքով, ծաղիկը չեն կտրում։ Այնուհետև հումքն ուղարկում են չորացման, որից հետո մանրացնում են և թորում։ 1կգ պատրաստի հումք ստանալու համար հարկավոր է ավելի քան 2000 ծաղիկ։ Սա անհավատալիորեն դժվար աշխատանք է”,- ասում է Վիկտոր Արդաբացկին։

Ուդ

Երկար ժամանակ այս ծառերը հատվում էին անուշահոտ փայտանյութ ստանալու համար, որի մի մասն օգտագործվում էր եթերայուղ ստանալու համար՝ գոլորշու միջոցով թուրմելով։ 1995թ․ի վեր վայրի ծառերը գտնվում են CITES միջազգային կոնվենցիայի պաշտպանության ներքո։ Սակայն ուդ ծառի փայտանյութը գրեթե անհոտ է։ “Հատուկ սնկերով վարակված ծառը պայքարում է դրանց դեմ՝ արտադրելով խեժ, որը և օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ։ Յուղի արտադրության համար օգտագործվող փայտանյութը շատ քիչ խեժ է պարունակում։ 10-12մգ յուղ ստանալու համար հարկավոր է առնվազն 20կգ փայտանյութ”,-ասում է Lancôme-ի փորձագետը։

Հիմնական արտադրողներն են Կամբոջան, Մալայզիան, Թայլանդը, Ինդոնեզիան, Հնդկաստանը, ավելի քիչ արտադրվում է Վիետնամում և Ճապոնիայում։ “Կան տնկադաշտեր, որտեղ ծառերն աճեցվում են, իսկ հետո` հատուկ վարակվում սնկով: Firmenich ընկերությունն առաջարկում է “մշակված” ուդի եթերայուղը մոտ 50,000 եվրո գնով, վայրի ծառերից ստացվածի գինը շատ ավելի բարձր է։” - ասում է Frederic Malle-ի փորձագետը: - Բայց ժամանակակից բույրերի մեծամասնությունում օգտագործում են թանկարժեք սինթետիկ նյութեր”։

Մուշկ

Կենդանական մուշկը արտադրվում է արու կաբարգայի՝ զվարճալի ժանիքներով գեղեցիկ եղջերուների մշկագեղձերից։ “ Այս գեղձը ստանալու համար հարկավոր է սպանել կենդանուն։ Այսօր համացանցը լի է եղջերուների բուծարանների մասին պատմող նյութերով, որտեղ, իբր, նույն գեղձը հեռացնում են այլ, ավելի մարդասիրական եղանակով, բայց ոչ ես, ոչ օծանելիքի իմ ծանոթ մասնագետները, ոչ լրագրողներն այդ բուծարաններում չեն եղել, ուստի դժվար է խոսել այդ արտադրության “խղճով” լինելու մասին”,- բացատրում է Քսենիա Գոլովանովան։ - Այսպես, թե այնպես, օծանելիքի արտադրությունում օգտագործվող ամբողջ մուշկը սինթետիկ է։ Բացառություն են կազմում այն եզակի արհեստավորներն, ովքեր չեն հայտնվում օրենսդիրների տեսադաշտում․ 1975թ․ հուլիսի 1-ին ընդունվել է միջազգային կոնվենցիա վայրի կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների վերաբերյալ, և այդ պահից բնական մուշկի օգտագործումն անօրինական է”։

“Այսօր օծանելիքի արտադրողներն իրենց տրամադրության տակ ունեն սինթետիկ մուշկի հսկայական տեսականի՝ սկսած մանրեազերծված լվացված-հիգիենիկից (այսպես կոչված՝ սպիտակ մուշկի ակորդ), վերջացրած՝ “զգայական-կենդանականից”,-հավելում է Frederic Malle-ի մասնագետը։

Հասմիկ (ժասմին)

“Գոյություն ունի հասմիկի ավելի քան 200 տեսակ։ Օծանելիքի արտադրության համար ամենից կարևորը խոշոր ծաղկավոր հասմիկն է՝ գրանդիֆլորումը։ Այն հանդիպում է Ֆրանսիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Իտալիայում, Եգիպտոսում և այլ երկրներում։ “Անհրաժեշտ է շուրջ 8 միլիոն ձեռքով հավաքած ծաղիկ (մոտ 1տ) 2,3կգ հումքի համար, որից ստացվում է ընդամենը 1կգ մաքուր նյութ (աբսոլյուտ)։ Տարեկան արտադրվում է շուրջ 5-6տ աբսոլյուտ, Ֆրանսիայում արտադրված գրանդիֆլորում հասմիկի 1կգ աբսոլյուտի գինը կազմում է մոտ 15,000 դոլար”,- պատմում է Մատվեյ Յուդովը։

Վանիլ

Վանիլը պատկանում է խոլորձների ընտանիքին։ Մադագասկարում, Կոմորյան կղզիներում և Ռեյունիոն կղզում աճեցվում է Vanilla planifolia տեսակը, տափակատերև վանիլը կամ անուշաբույր վանիլը։ Այդ կղզիներում աճեցված վանիլը հաճախ անվանում են բուրբոնյան։ Պատիճների հավաքը բազմափուլ և շատ աշխատատար պրոցես է։ “Բույսից հավաքում են կանաչ պտուղները, որոնք այդ պահին գրեթե անհոտ են։ Տաք ջրով կարճատև մշակումից հետո պատիճները թողնում են ֆերմենտավորվելու, դրանք աստիճանաբար չորանում են, ստանում են շոկոլադե-գորշ գույն և բույր։ Բույսի տեսակը, ֆերմենտավորման տեխնոլոգիան և այլ տեխնոլոգիական պրոցեսները մեծապես ազդում են արդյունքի վրա, հետևաբար աշխարհի տարբեր վայրերում ստացված պատիճների բույրերը զգալիորեն տարբերվում են։ Վանիլի 1կգ աբսոլյուտի գինը սկսվում է 1,500 դոլարից, եթե ուզում եք ստանալ օծանելիքի համար պիտանի բացառիկ որակի նյութ՝ բազմապատկեք այդ գինը 10-ով”,-ասում է Frederic Malle-ի փորձագետը։