Բավ է պառակտվել
16-08-2021 11:54

Թաղիքագործություն․ վերածնված արհե՞ստ, թե՞ արվեստ (լուսանկարներ)

 

Մեր օրերում թաղիքագործությունն իր վերածնունդն է ապրում և արժանի տեղը զբաղեցնում թե՛ առօրյա կյանքում, թե՛ նորաձևության մեջ, շատ հաճախ դառնալով գեղարվեստական մտքի արտահայտման միջոց։

Թաղիքի ստեղծումն ունի իր սեփական լեգենդը․ ամեն ինչ սկսվեց բիբլիական ժամանակներում, երբ Նոյի հետ Տապան բարձրացան նաև ոչխարները։ Տապանում ոչխարների բուրդը, տրորվելով ոտքերի տակ ու խոնավանալով՝ դարձավ թաղիք։

Այսօր այս հնագույն արհեստի մասին մենք կզրուցենք Մարիամ Պապյանի հետ, ով իր վառ երևակայությամբ և հրաշագործ ձեռքերով արհեստը վերածում է արվեստի։

G․N․ - Մարիամ, խնդրում եմ, պատմեք մի փոքր Ձեր մասին։

Մ․Պ․ - Կրթությամբ ես ինտերիեր դիզայներ եմ, ավարտել եմ Գեղարվեստի պետական ակադեմիան: Դասավանդում եմ Հայաստանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում:

G․N․ - Ինչպե՞ս սկսեցիքն զբաղվել թաղիքագործությամբ

Մ․Պ․ - Մի լավ ավագ ընկեր ունեի՝ Ռուզան Սարգսյան, նա առաջիններից էր, ով սկսեց զբաղվել թաղիքագործությամբ Հայաստանում, ավելի շուտ՝ վերածնեց այդ արհեստը: Մի օր ինձ մոտ եկավ ու աղջկաս համար մի գեղեցիկ շարֆ բերեց նվեր: Պատմեց, ինչպես է բուրդը շարում թել առ թել, հետո ձեռքերով 2000 անգամ տրորում, որպեսզի ստանա թաղիքե կտոր. Ես շունչս պահած լսում էի ու մտածում, որ երբեք նույնիսկ չեմ փորձի… Բայց արի ու տես, որ արդեն շուրջ 10 տարի է զբաղվում եմ թաղիքագործությամբ, անգամ ցուցահանդեսներ եմ կազմակերպել համախոհներս հետ, մասնակցել ցուցահանդես-վաճառքների։

G․N․ - Ի՞նչ է այսօր թաղիքագործությունը Ձեզ համար, հոբի, թե՞․․․

Մ․Պ․ - Օ, երևի թե անսահման սեր է: Մի բան, որ ինձ անվերջ ձգում է, մի բան, ինչով ես անընդհատ ուզում եմ զբաղվել, ստեղծագործել, կիրառման նոր ոլորտներ գտնել։ Մի պահից սկսած դառձավ ավելի, քան հոբբի, երևի ավելի շուտ երկրորդ մասնագիտություն, բայց հենց որ սկսում է դառնալ բիզնես, կորցնում է իր առաջնային գաղափարը` պարզապես անել մի բան որ դու սիրում ես, առանց մտածելու դրա վաճառքի, իրացման, շուկայի պահանջների և մնացացած այլ բիզնես ասպեկտների մասին: Ով գեթ մեկ անգամ դիպել է այս կախարդական նյութին՝ բրդին, գիտի, որ սա սիրո պատմություն է ... Իմ սերն ու երախտագիտությունը նրա նկատմամբ անվերջ են: Սա հարաբերությունների իդեալական բանաձև է, որտեղ նույնիսկ 10 տարի անց զուգընկերդ կարող է զարմացնել, լինել անկանխատեսելի, ոգեշնչել ... Մեկ ակնթարթում ներկայանալ բացարձակապես այլ կերպարանքով, ասես՝ ծանոթ անծանոթ, թվում է, բավական երկար եք միասին, որ հարազատ դառնաք, բայց հանկարծ կարող է բոլորովին անծանոթ ու վախեցնելու չափ գեղեցիկ ձև ու բովանդակություն ստանալ:

 

G․N․ - Ի՞նչ կարելի է պատրաստել թաղիքից

Մ․Պ․ - ԱՄԵՆ ԻՆՉ: հագուստ, ընդ որում և՛ մանկական, և՛ մեծահասակների, կոշիկ, աքսեսուարներ, պայուսակ, լուսամփոփ, ու դեռ երկար կարելի է թվարկել: Այս ամենը պատրաստվում է 100 % մերինոս բրդից, օգտագործվում են նաև մետաքս, ժապավեններ և այլն։

G․N․ - Արդյո՞ք ունեք աշակերտներ

Մ․Պ․ - Այո, ունենում եմ և աշակերտներ, երբեմն անց եմ կացնում խմբակային վարպետաց դասեր:

 

G․N․ - Ինչպե՞ս և որտե՞ղ կարելի է ծանոթանալ Ձեր աշխատանքներին և, ցանկության դեպքում՝ ձեռք բերել դրանք։

Մ․Պ․ - Ցավոք, ցուցասրահ կամ խանութ չկա, դա դեռևս միայն երազանք է, այնպես որ ծանոթանալ կարող եք ֆեյսբուքյան իմ երկու էջում և ինստագրամում, պատվիրելու համար կարելի է կապվել այդ էջերի միջոցով։

https://www.facebook.com/MashPapyanFeltfashion
https://www.instagram.com/mashpapyan_feltfashion/

https://www.facebook.com/HannaAndMax
https://www.instagram.com/hanna.and.max/

Բացի այդ, դեռևս միայն մանկական տեսականու հետ կարելի ծանոթանալ և ձեռք բերել նախընտրածը նաև հայկական արտադրության ապրանքների վերջերս ստեղված Buyarmenian.com օնլայն հարթակի միջոցով։

G․N․ - Շնորհակալություն զրույցի համար։

Մ․Պ․ - Ես էլ եմ շնորհակալ։