Բավ է պառակտվել
28-04-2021 10:32

Հայաստանն ու Ռուսաստանը կըդլայնեն համագործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանը և Ռուսաստանը կարող են ընդլայնել համագործակցությունը տիեզերական տեխնոլոլգիաների նախագծման և մշակման ոլորտում։ Նման առաջարկով է հանդես եկել Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ։

Ռոգոզինը բարձր է գնահատել հայ-ռուսական համագործակցությունը տիեզերական մոնիթորինգի ոլորտում, հայտնում է Հայաստանի ԱԽ մամլո ծառայությունը։

Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ` հայ-ռուսական փոխգործակցության ուղղությունները ճշգրտելու և հետագա գործողությունները որոշելու համար:

Շնորհավորելով Ռոգոզինին Տիեզերքի միջազգային օրվա կապակցությամբ, որի 60-ամյակը նշվեց ապրիլի 12-ին, Գրիգորյանը շեշտել է, որ Ռուսաստանը առաջատար տեղ է զբաղեցնում ավիատիեզերական արդյունաբերության մի շարք ոլորտներում։

Այս առումով նա կարևորել է հայ-ռուսական համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանը տիեզերական գործունեության զարգացման համատեքստում առաջնահերթ է համարում Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ համագործակցությունը:

Խոսելով Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարների մասին՝ Գրիգորյանը նշել է, որ հանրապետությունն ընդունել է «Տիեզերական գործունեության մասին» օրենք, որի արդյունքում ոլորտի ընկերությունները կստանան մի շարք հարկային արտոնություններ:

Հանդիպման ավարտին Ռոգոզինը հայկական կողմին հրավիրել է մասնակցել հունիսի 14-18-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք տիեզերական հետազոտությունների միջազգային խորհրդաժողովին (GLEX-2021):

Նա ընդգծել է, որ Հայաստանի ներկայությունը նման հարթակներում հնարավորություն կտա այս ոլորտում համագործակցության նոր համաձայնագրեր ձեռք բերել:

Կողմերը պայմանավորվել են ամփոփել աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքներն ամռանը՝ Ռոգոզինի Հայաստան այցի ժամանակ։