Բավ է պառակտվել
26-07-2022 12:56

Հայաստանը կմասնակցի աշխարհի տարվա գլխավոր տիեզերագնացության իրադարձությանը

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի 73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-22-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող համաժողովի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը տրված է։ Համաժողովի շրջանակում կանցկացվի նաև «Տիեզերքը բոլորի համար» խորագրով ցուցահանդեսը:

Բացի տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ցուցահանդեսին կարող են մասնակցել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտների այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաև տիեզերական բնագավառում:

Հաշվի առնելով մասշտաբայնությունն ու ձևաչափը՝ նախարարությունը նախատեսում է միջոցառման ընթացքում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայացնել հայկական լուծումները տիեզերական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Տարին մեկ անգամ աշխարհի տիեզերական համայնքը, նրա հիմնական խաղացողները, առաջնորդները և որոշումներ կայացնողները հավաքվում են «ուղեղների» նշանակալից համաժողովի՝ աշխատելու ողջ մարդկության առաջընթացի և զարգացման վրա: Աշխարհի տիեզերական գործակալությունների և կազմակերպությունների բարձր մակարդակի ներկայացուցիչները հավաքվում են մեկ հարկի տակ՝ տեղեկատվությամբ և գաղափարներով, ռազմավարությամբ և նոր միտումներով փոխանակվելու, նորույթներով և ձեռքբերումներով կիսվելու համար: Միջազգային տիեզերագնացության համաժողովը (ՄԱՀ) տիեզերագնացության համաշխարհային գլխավոր իրադարձությունն է: Սա եզակի հանդիպում է, աննախադեպ իր մասշտաբայնությամբ ու ծավալով, անգերազանցելի իր ընդգրկմամբ և հաճախելիությամբ: