Բավ է պառակտվել
05-01-2021 12:09

Հայ գիտնականները «անտեսանելի» ներկ են ստեղծել անօդաչու թռչող սարքերի դեմ

Այս ներկով ներկված հյուսվածքը կլանում է անօդաչու թռչող սարքերի և կառավարվող հրթիռների օպտիկական և ինֆրակարմիր ընկալող-հաղորդող սարքերի ճառագայթումը՝ խանգարելով նշանառությանը:

Պատերազմի ընթացքում հայ գիտնականների թիմը ներկ է ստեղծել, որը մեծացնում է սարքավորումների և մարդկանց պաշտպանությունը օդից կառավարվող հարվածներից Նմանատիպ նյութեր ստեղծվում են նաև այլ երկրներում, բայց, բնականաբար, ոչ ոք չի ցանկանում կիսվել դրանցով: Այնպես որ ավելի լավ է ինքներս ունենանք նման տեխնոլոգիաներ, քան ուրիշներից խնդրենք, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեխնոլոգիայի հեղինակներից մեկը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Արամ Մանուկյանը։ Նա նշեց, որ հայկական տեխնոլոգիան պրակտիկ է նաև նրանով, որ ոչ թանկ կամ հազվագյուտ բաղադրիչներ են հարկավոր, ոչ էլ բարդ տեխնոլոգիական գործընթացներ:

Ներկը կլանում է լույսային և ջերմային (ինֆրակարմիր) ճառագայթումը և այդպիսով թույլ չի տալիս անօդաչու թռչող սարքերին և կառավարվող հրթիռներին նշան բռնել։ Նկատելով հարվածի թիրախը, անօդաչու սարքը լազերային ճառագայթներ է ուղարկում դրա ուղղությամբ: Կախված նրանից, թե ինչ կետից և ինչ ուժով են անդրադառնում այդ ճառագայթներն՝ անօդաչուն որոշում է թիրախի կոորդինատները (մոտավորապես այնպես, ինչպես կույրն է փողոցում ձեռնափայտով շոշափում իր շուրջը)։ Հետևաբար, եթե ճառագայթները թիրախից չեն անդրադառնում, ապա ԱԹՍ-ն կամ կառավարվող հրթիռը չեն կարող ինքնուրույն նշան բռնել:

Բնության մեջ, իհարկե, գործնականում չկան նյութեր, որոնք լիովին կլանում են լուսային ճառագայթումը, բայց կարելի է ստանալ 95% և ավելի կլանողունակությամբ նյութեր: Այդ դեպքում անդրադարձող ճառագայթներն այնքան թույլ կլինեն, որ անօդաչուն չի կարողանա որսալ նրանց, կամ ստիպված կլինի շատ ցածր իջնել, որտեղ ավելի հեշտ է այն խփել: Իսկ եթե ոչ թե ԱԹՍ է, այլ կառավարվող հրթիռ (որն արձակում են նշանառությամբ), ապա այն այս ճառագայթը կորսա թիրախին շատ մոտ և չի կարողանա ժամանակին շտկել ուղղությունը:
Իհարկե, թիրախների բոլոր կոորդինատները երևում են արբանյակից (մանավանդ որ Ադրբեջանն ունի երկու տիեզերական արբանյակ): Բայց նույնիսկ եթե հարվածի ճշգրիտ կոորդինատները տրվեն, ոչ մի հրթիռ կամ կամիկաձե անօդաչու չի հարվածում սանտիմետրի ճշգրտությամբ, դրանց շառավիղը առնվազն մի քանի մետր է: Եվ եթե նկարագրված ձևով հակառակորդի համար բարդացվի նշանառությունը, ապա նրա կրակի դիպուկությունը նկատելիորեն կնվազի։
«Երբ ես ներկայացրի այս աշխատանքը, ինձ հարցրին․ «Բայց անօդաչուն մեզ ամեն դեպքում տեսնելու է, չէ՞։ Ի՞նչ անենք»։ Ես պատասխանեցի. «Դե, եթե անպայման ուզում եք ինչ-որ բան անել, կարող եք ներքևից նրան երեք մատի կոմբինացիա ցույց տալ»։ Կատակում եմ, իհարկե․․․ սա անտեսանելի գլխարկ չէ, ձեզ այնուամենայնիվ տեսնում են, բայց դիպուկ կրակել չեն կարող։ Էլի վատ չէ»,-նշեց Մանուկյանը։ Անտեսանելի գլխարկի մասին կատակի մեջ ճշմարտության բաժին կա։ Ներկը, ինչպես արդեն նշեցինք, կլանում է նաև ջերմային ճառագայթները, որոնք որսում են գիշերային տեսանելիության սարքերը։ Այնպես որ եթե ներկված կտորը քաշեն զրահաբաճկոնի և սաղավարտի վրա, գիշերը զինվորն անտեսանելի կդառնա այդպիսի տվիչների համար։ Մի շարք այլ երկրներ արդեն յուրացրել են այս տեխնոլոգիան, և շատ ավելի վաղ: Հայաստանում այն միայն հիմա է ստեղծվում, քանի որ, ցավոք, անցած բոլոր տարիներին գիտնականների առջև նման խնդիրներ չեն դրվել: Նրանք ստիպված են եղել պետության փոխարեն մտածել, թե բանակին ինչ է պետք:

«Մենք տեսել ենք այն, ինչ բոլորը․ տեսանյութ, թե ինչպես են օդից հարվածում մեր ուժերին, և զգացել ենք այն, ինչ բոլորը: Դրանից հետո մենք սկսեցինք աշխատել և երկու ամսվա ընթացքում ներկ ստեղծեցինք, հետազոտեցինք այն: Եթե դա սկսեինք պատերազմից առաջ: .. Հավանաբար, մենք ինքներս պետք է մտածեինք այդ մասին, այլ ոչ թե սպասեինք, որ պետությունը մտածեր», - ասում է Մանուկյանը:

«Բայց չէ՞ որ դուք ֆիզիկոս եք, ոչ թե գեներալ։ Չէիք կարող զինվորականներից լավ իմանալ, թե ինչ է պետք բանակին»,-առարկում ենք մենք։

«Այնքան էլ համաձայն չեմ։ Հիմա բոլորը մեղավորներ են փնտրում, և ես ուզում եմ մտածել, թե ինչ կարող էի անել ես և ինչ կարող եմ անել հիմա։ Թե՛ ես, թե՛ իմ գործընկերները»,-պատասխանում է Մանուկյանը։

Նա ընդգծում է, որ աշխատանքը մենակ չի իրականացրել, այլ տարբեր ինստիտուտների ֆիզիկոս և քիմիկոս գործընկերների հետ։ Նրանք միասին որոշել են ներկի բաղադրությունը և մանրամասն փորձարկել տարբեր ծածկույթների վրա, տարբեր հաստությամբ քսելու դեպքում, ճառագայթման տարբեր անկյունների տակ և դրա տարբեր ինտենսիվությամբ։ Բոլոր փորձարկումների ժամանակ ներկը կայուն կերպով կլանել է առնվազն 95 տոկոսը։ Այդ ամենի համար երկու ամսից մի փոքր շատ ժամանակ է պետք եղել։

«Ինչպե՞ս այսքան արագ ստացվեց։ Աշխատում էինք, չէինք վիճում, թե ով է ավելի խելոք, ում ներդրումն է ավելի մեծ։ Առավել ևս թե ով է ավելի շատ սիրում երկիրը։ Գիտեք, եթե հիմա գործող գիտնականը Հայաստանում է մնում՝ չնայած արտասահմանում տեղավորվելու բոլոր հնարավորություններին, նշանակում է՝ սիրում է երկիրը։ Այս գիտակցությամբ էլ մենք աշխատել ենք, ընդ որում՝ նյութերի կամ մշակման համար ֆինանսավորում չենք խնդրել։ Աշխատել ենք ինքներս, փորձել ենք հնարավորինս արագ ավարտել»,-ավելացրեց Մանուկյանը։
Պաշտպանական նպատակներով նոր ներկի օգտագործման հեռանկարներն արդեն քննարկում են հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։