Բավ է պառակտվել
15-01-2020 16:03

ֆեյքերի դեմ պայքարել ընդհանրապես պետք չէ․ Սամվել Մարտիրոսյան

«Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ «ֆեյքը» վատ բան է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց անվտանգության և լրատվամիջոցների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
««Ֆեյք» ասելով նկատի ունենք մարդու, որն իր անունով չի ներկայանում: Ելնելով խոսքի ազատությունից, նաև այն հանգամանքից, որ մարդ կարող է քաղաքացիական ակտիվիստ լինել կամ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունենալ, ցանկանում է թաքցնել իր ինքնությունը, բայց ունի ասելիք: Միանշանակ դատապարտել ֆեյքերին, կարծում եմ, իր հետևից բերում է այն գաղափարը, որ հանրությունը մեծ հաճույքով թույլ չի տա արտահայտվել նրանց, որոնք պարզապես բաց խոսել չեն կարող »:

Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ ֆեյքերից հնարավորինս խուսափելու համար յուրաքանչյուր անձի՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցվելու համար պետք է պարտադիր լինեն վերջինիս անձնագրային տվյալները, բանախոսը կեսկատակ պատասխանեց.
«Այդ դեպքում Ամասիայում պետք է համակենտրոնացման ճամաբար սարքենք, և ով սխալ է գրանցվում, այնտեղ տանենք ու մի երեք տարի աշխատեցնենք։ Չի կարելի. մարդիկ պետք է ազատ լինեն։ Կարծում եմ՝ ֆեյքերի դեմ պայքարել ընդհանրապես պետք չէ։ Պետք է հստակ ձևավորել տեղեկատվական հոսքերը, կրթել հանրությանը և ԶԼՄ-ների համար ավելի լավ միջավայր ձևավորել։ Ֆեյքերի, այլ ոչ թե պատճառների դեմ պայքարելով՝ ռեսուրսներն ուղղում ենք սխալ ուղղությամբ»։

Անդրադառնալով Դիանա Հարությունյանի դեպքին Մարտիրոսյանը նշեց, որ փաստացի մեղադրանքներ են հնչում հոդվածներով, որ կային Ստալինի ժամանակ՝ ազգի դավաճանում և այլն:
Հիշեցնենք, որ Հիշեցնենք` հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: Նույն օրը «Դիանա Հարությունյանը» Facebook-ի իր էջում տեղեկություն էր հրապարակել, իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
Մարտիրոսյանը նշեց, որ ֆեյք բացահայտելով՝ խնդիրը չի լուծվում, նույն ապատեղակատվությունը կարող է տեղադրվել հայաստանյան ֆեյսբուքում Բաքվից, ի՞նչ են անելու այս դեպքում:
«Կարող են նույն Դիանա Հարությունյան անուն-ազգանունը նորից գրանցեն, ինչ ուզեն, գրեն իր անունից: Ընդհանրապես, զարմացա, որ Հայաստանից էր այդ ֆեյքը, շատ տիպիկ ադրբեջանական ձեռագիր էր, ընդունված ձև է՝ վերցնում, գրանցվում են կամ մի հայաստանցու պրոֆիլ կոտրում են»,- ասաց մասնագետը:
Ասուլիսին ներկա ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ներկայումս Քրեական օրենսգիրքը չի պարունակում այնպիսի նորմեր, որոնցով կարող են հետապնդում իրականացնել կեղծ օգտատիրոջ նկատմամբ:
Նրա խոսքով, կոնկրետ Դիանա Հարությունյանի հետ կապված կանգնել են շատ վատ իրավիճակի առջև, քանի որ չունենալով կոնկրետ գործիքակազմ, առաջադրել են մի մեղադրանք, որը քիչ թե շատ առերևույթ վերաբերելի է, սակայն, ըստ էության, չի պարունակում այդ նորմը:

<< Oրենսդրության մակարդակով պետք է կեղծ տեղեկատվության դեմ պայքար իրականացվի»,–ասում Վահան Հովհաննիսյանը։

 

 

Արմինե Գևորգյան