Բավ է պառակտվել
26-04-2022 13:22

Բյուրականի աստղադիտարանը ճանաչվել է «Նշանավոր աստղագիտական ժառանգություն»

Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) ընդգրկել է «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկի մեջ։
Այսուհետ այս միջազգային հարթակում համառոտ ներկայացված են թե՛ հայկական աստղադիտարանի պատմությունը, թե՛ գիտական գործունեությունն ու ձեռքբերումները, հայտնում է ԲԱ մամլո ծառայությունը։

Նշված ցանկը կազմում է ՄԱՄ C4 հանձնաժողովը։ 2021-2024թթ․ C4 հանձնաժողովի կազմում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

«Վերոնշյալ ցանկի համար նախատեսվում է ներկայացնել նաև հայկական հնագույն օրացույցը և ժամանակագրությունը, աստղագիտական բովանդակության հայկական ժայռապատկերները, Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանը, Մեծամորի բլրի աստղագիտական հարթակը, Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությունը և այլ աստղագիտական արժեքներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Բյուրականի աստղադիտարան

Հայաստանի ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին։ 1998 թվականից աստղադիտարանը կրում է իր հիմնադիր և առաջին տնօրեն, ականավոր աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը։ Աստղադիտարանը զբաղվում է տիեզերական օբյեկտներում՝ աստղերում և գալակտիկաներում անկայուն երևույթների ուսումնասիրությամբ։ Հայաստանի կառավարության որոշմամբ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հռչակվել է հանրապետության ազգային հարստություն։