Բավ է պառակտվել
30-08-2019 15:30

Ջեկ Ման հայտարարել է 12-ժամյա աշխատանքային շաբաթվան անցնելու հնարավորության մասին

Միլիարդատեր և Alibaba ընկերության հիմնադիր Ջեկ Ման կարծիք է հայտնել, որ արհեստական ինտելեկտի և կրթական համակարգի բարեփոխման շնորհիվ մարդիկ կարող են աշխատել շաբաթական 12 ժամ։

Այս հայտարարությունը նա արել է օգոստոսի 29-ին Շանհայում՝ Արհեստական ինտելեկտի համաշխարհային գիտաժողովում։ Նա համարում է, որ տեխնիկական առաջընթացի շնորհիվ մարդիկ կարող են աշխատել շաբաթը երեք օր՝ օրական չորս ժամ։ “Էլեկտրաէներգիան մարդկանց ավելի շատ ազատ ժամանակ է ընձեռնում, ուստի երեկոները դուք կարող եք գնալ կարաոկե կամ երեկույթի։ Կարծում եմ, արհեստական ինտելեկտի շնորհիվ մարդկիկ ավելի շատ ժամանակ կունենան բավականություն ստանալու այն բանից, որ մարդ են”,- ասել է Ման։

Գործարարը նաև կոչ է արել տարբեր երկրների ազգերին և կառավարություններին մոտակա 10-20 տարներին կենտրոնանալ կրթական համակարգի բարեփոխումների վրա․ որպեսզի “մեր երեխաները կարողանան գտնել շաբաթական երեք օր և օրական չորս ժամ պահանջող աշխատանք”,- ասել է Ման։ Միլիարդատերի կարծիքով, ներկայիս կրթական համակարգը հնացել է և արդիականացման կարիք ունի։

Ման նաև հայտարարել է, որ չի անհանգստանում այն կապակցությամբ, որ արհեստական ինտելեկտի պատճառով շատ մարդիկ կարող են կորցնել աշխատանքը։ “Համակարգիչները միայն չիպ ունեն, իսկ մարդիկ՝ սիրտ։ Իսկ իմաստությունը ծնվում է հենց սրտում”,- նշել է գործարարը։

Նշենք, որ ապրիլին Ման արտահայտել էր բացարձակապես հակադարձ կարծիք աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ։ Այն ժամանակ նա ելույթ էր ունեցել ի պաշտպանություն արտաժամյա աշխատանքի։ “Անձամբ ես կարծում եմ, որ շաբաթը վեց օր առավոտյան իննից մինչև երեկոյան ինն աշխատելը մեծագույն երանավետություն է”,- պնդում էր Alibaba-ի հիմնադիրն այն ժամանակ։

Հունիսին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ ապագայում հասարակությունը կանցնի չորսօրյա աշխատանքային շաբաթվա, ինչին կնպաստի տեխնոլոգիական առաջընթացը։