Բավ է պառակտվել
29-09-2021 11:18

Էլեկտրաէներգիա՝ աղբից․ Ռուսաստանում յուրացնում են տեխնոլոգիան և պատրաստ են առաջարկել այն Հայաստանին

Այս տեխնոլոգիայով աղբն ամբողջությամբ վերամշակվում է. արդյունքում մնացած մոխիրը անգամ կարելի է ավելացվել ասֆալտին:

Ճապոնա-շվեյցարական տեխնոլոգիան տեղայնացվել է Ռուսաստանում, որտեղ արդեն կառուցվում է հինգ նման էլեկտրակայան: Աղբը լիովին վերամշակվում է. մնացած մոխիրն անգամ կարող է ավելացվել ասֆալտին: Նման ՋԷԿ-երի համար Ուրալի
մեքենաշինարարները ստեղծել են նոր տուրբինների սերիա: Եվ վերջապես,կրճատվում են աղբավայրերի տարածքներն, ինչը նույնպես կարևոր է փոքր Հայաստանի համար:

Աղբի օգտագործմամբ էլեկտրակայանների կառուցման տեխնոլոգիան արդեն սկսել է յուրացվել Ռուսաստանում, այն պատրաստ են առաջարկել Հայաստանին: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Ուրալի տուրբինների գործարանի վաճառքի գծով տնօրեն Դմիտրի Իզոտինը:

Մասնավորապես, նրանք ցանկանում են այս տեխնոլոգիան առաջարկել Հրազդանի ՋԷԿ -ի արդիականացման համար: Այս պահին մտադրություն կա անջատել այս կայանը ցանցից, քանի որ դրա սարքավորումները հնացել են, և արտադրվող էլեկտրաէներգիան չափազանց թանկ է (Հրազդանի ՋԷԿ -ը չշփոթել հարևանությամբ գտնվող «Գազպրոմ Արմենիա» ընկերության Հրազդան -5 կայանի հետ - խմբ. ): Այնուամենայնիվ, Հրազդանի ՋԷԿ-ն իր ամբողջ ենթակառուցվածքով, կարելի է պահպանել՝ վերազինելով ու շահագործելով այն աղբի այրման համար, նշել է Իզոտինը:

Օգտագործելով ճապոնական-շվեյցարական Hitachi Zosen Inova ընկերության տեխնոլոգիան, ռուսաստանյան «Ռոստեկ» և «Ռոսատոմ» կորպորացիաները Մոսկվայի մարզում արդեն կառուցում են կոշտ թափոններով աշխատող չորս ՋԷԿ, որոնցից յուրաքանչյուրը տարեկան կվերամշակի 770 հազար տոննա թափոն: Մեկ այլ նման կայան կառուցվում է Թաթարստանում՝ 550 հազար տոննա հզորությամբ: Կայանը զինվում է ուրալյան արտադրության տուրբիններով:

Եվրոպայում նման կայանների ծախքերն ավելի ցածր են, քանի որ այնտեղ արդեն արմատավորվել է աղբի տեսակավորման մշակույթը: Այդ պատճառով, ընդհանուր աղբի մեջ նվազագույն քանակով մետաղ, պլաստիկ և ապակի է լինում։ Ռուսաստանում նույնպես աստիճանաբար ներդրվում է աղբի տեսակավորումը: Աղբում մնացող մետաղի քանակությունը հեշտությամբ կարելի է առանձնացնել մագնիսների և լուսարկման օգնությամբ: Սա օգնում է հայտնաբերել մետաղական առարկաները, այդ թվում՝ մարտկոցները: Մնացած աղբն այրելուց հետո մնում է մոխիր, որն օգտագործվում է որպես ասֆալտապատ ծածկույթի բաղադրիչ: Այսպիսով, աղբն ամբողջությամբ վերամշակվում է: Բացի այդ, Եվրոպայում գործող նման կայաններից արտանետումները կազմում են տասնորդական տոկոսներ (մնացածը որսում են ֆիլտրերը):

«Եթե խոսենք ոչ թե նոր կայանի կառուցման, այլ վերազինման մասին, ապա կառուցվածքային փոփոխություններն այնքան էլ մեծ չեն լինի, քանի որ պահպանվում է կայանի ամբողջ ենթակառուցվածքը: Պարզապես, գազի փոխարեն որպես վառելիք աղբ է օգտագործվում, իսկ մնացած տեխնոլոգիան նույնն է. արտադրվում է գոլորշի, այն պտտեցնում է տուրբինը և էլեկտրաէներգիա տալիս», - պարզաբանեց Իզոտինը:

Կայանի ՕԳԳ-ն մի փոքր ավելի ցածր է`պայմանավորված այն հանգամանքով, որ աղբի էներգետիկ արժեքը ցածր է: Բայց նման կայանների ընդհանուր էֆեկը շատ ավելի բարձր է, քանի որ դրանք մեծ տարածքներ են ազատում աղբից:

Բացի այդ, Ուրալի տուրբինների գործարանն այս կայանների համար մշակել է Ռուսաստանում առաջին առանցքային արտանետմամբ տուրբիններ, որոնք հովացման համար օգտագործում են ոչ թե ջրային, այլ օդային կոնդենսացիոն սարքեր:

«Սա սովորական հովացման աշտարակ չէ, որտեղ գոլորշին շփվում է սառը օդի հետ, և դրա մի մասը գոլորշիանում է: Գոլորշին շրջանառվում է փակ շրջանով, և նվազագույն ջրի համալրում է պահանջվում: Կարծում եմ, Հայաստանի համար, որի ջրային ռեսուրսները սահմանափակ են, սա շատ կարևոր է», - հավելեց Իզոտինը:

Ուրալի տուրբինների գորշարանը պատրաստ է իր տեխնոլոգիական կոմպետենցիաներն առաջարկել հայկական կողմին, և տարածքային կառավարման նախարարության ու շահագրգիռ ընկերությունների հետ համատեղ մշակել այդ լուծումները: Հայաստանի համար մեկ այլ առավելություն է աղբավայրերի կրճատումը, թափոնների վերամշակումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։