Բավ է պառակտվել
02-07-2019 13:42

Երևանը կօգտագործի արևային էներգիան

Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ այս տարի կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը: Արդեն ընտրված է առաջին փուլի 50 շենքը։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետարանի մամլո ծառայությունը։

Ինչպես նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, արևային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների սպասարկմանը, նաև շենքերի միջհարկային և բակային լուսավորության ապահովմանը:
“Ծրագրի շնորհիվ կտեղադրվեն նոր, էներգախնայող լեդ լուսատուներ”,-ասել է Սարգսյանը։
Ծրագրում ընդգրկված բոլոր շենքերը կանցնեն փորձագիտական ուսումնասիրություն, սկսած սեյսմակայութնությունից մինչև բնակվածությանը մակարդակը, որը պետք է լինի 75-80 տոկոսից ոչ պակաս։
Նախատեսված չափանիշներով ընտրված շենքները հիմնականում 9-14 հարկանի են, հարթ, արևային կտուրներով։ Հաշվի է առնվել նաև տարբեր սոցիալական շերտերին պատկանող ընտանիքների թվաքանակը։ Ինչպես նշել է Սարգսյանը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է հատուկ էներգախնայող լուսադիոդային լամպեր տրամադրել անապահով ընտանիքներին։

Համակարգը բնակիչներին կծառայի շուրջ 25 տարի, ինչը թույլ կտա մայրաքաղաքում օգտագործել վերականգնվող էներգետիկայի ռեսուրսներն”․- ասել է նա։
“Երևան՝ արևային համայնք” ծրագիրը քաղաքի համար ունի ինչպես էներգետիկ, սոցիալական, այնպես էլ էկոլոգիական նշանակություն։ Ծրագրի շնորհիվ զգալիորեն կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները (տարեկան շուրջ 850 տոննա CO2): 

Ինչպես նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, ծրագիրը կարևոր է հատկապես ածխաթթու գազերի արտանետումների կրճատման առումով:
“Երևանը «Քաղաքապետերի դաշնագրի» անդամ է, ինչը նշանակում է, որ քաղաքը պարտավորվել է մինչև 2020թ. 20%-ով կրճատել ածխաթթու գազերի արտանետումներն”,-ասել է Բաջիոլին։
“ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք” ծրագրի համակարգող խորհուրդն արդեն քննարկել և հաստատել է ծրագրի մեկնարկի հետ կապված տեխնիկական հարցերը: 
Ծրագրի բյուջեում նախատեսված են որոշակի փոփոխություններ, ինչի շնորհիվ խնայողությունների դեպքում հնարավոր կլինի ծրագրում ընդգրկել նոր շահառուներ: 

Այժմ ծրագիրը մրցութային փուլում է, և բոլոր շահագրգիռ ընկերությունները կարող են ծանոթանալ և մասնակցել մրցույթներին: