Բավ է պառակտվել
11-03-2020 22:20

«Եթե գումարը քիչ է, ինչպես էլ բաշխեք, սխալ է լինելու»․ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյան

«Կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի ընդունումն այն տեսքով, որն այսօր կա, հղի է այնպիսի վտանգներով, ինչպիսին ունեցել են երկրները, որոնք նույն ճանապարհով են գնացել։ Այս մասին Մամուլի ազգային ակումբում այսօր հայտարարել է ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Օրինագծի հետ կապված հիմնական խնդիրներից մեկը, որ տեսնում են ԳԱԱ-ում , վերաբերում է հաստատության կարգավիճակին եւ կառուցվածքին։ Այդտեղ լավ բան չեն տեսնում, ուստի բացասաբար են վերաբերում օրինագծին՝ ասում է Հայաստանի ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
«Այսօր գործող օրենքով՝ պետության կողմից հիմնադրված հատուկ կարգավիճակ ունեցող կազմակերպություն է։ Հիմա օրինագծով դարձել է մասնագետների միավորում, հասարակական կազմակերպություն, որը խորհուրդ կարող է տալ այն կազմակերպություններին, որոնք զբաղված են գիտության քաղաքականությամբ։ Մեր համակարգում գոյություն ունի 34 ինստիտուտ, որոնք աշխատում են եւ ստանում գիտական արդյունքներ, իսկ օրինագծում որեւէ տեղ նշված չէ այդ ինստիտուտների ճակատագրի մասին»։ Նա առաջարկում է շատ հեռուն չգնալ՝ պատկերացնելու համար այն վտանգները, որոնք սպառնում են մեր գիտությանը, եթե «Կրթության եւ գիտության մասին» նոր օրենքն ընդունվի այն տեսքով, որն այսօր ունի։ Գիտությունը կտուժի՝ համոզմունք է հայտնում նա, ապա հիշեցնում, որ մեր հարեւան Վրաստանը վաղուց արել է այն, ինչ պատրաստվում են անել Հայաստանում։ «Վրաստանում շատ վաղուց են արել եւ վրացի գիտնականներն ասում են՝ մեր գիտությունը մահանում է այդ պատճառով։ Որովհետեւ նրանց ակադեմիան կա առանց գիտական ինստիտուտների։ Եթե մենք փոփոխություն ենք ուզում անել, որ լավացնենք, դա ուրիշ բան է, բայց եթե փոփոխություններ ենք անում, որը նախօրոք արդեն հայտնի է, որ դրանից դժվար թե սպասենք դրական լուրջ արդյունքներ, դա էլ փաստ է»։
Ռադիկ Մարտիրոսյանն այսօր նաեւ նշեց, որ բարեփոխումների անհրաժեշտություն իհարկե կա եւ հենց այդ նպատակով իրենք 2018-2019 թթ ուսումնասիրություններ էլ են անցկացրել եւ մի շարք առաջարկներ մշակել, որոնք վերաբերում են ե՛ւ օպտիմալացմանը, ե՛ւ կառավարման համակարգին ։
«Գիտությունն այնպիսի բնագավառ է, որ պահանջում է որոշակի պետական հոգածություն, ինչը տարբեր երկրներում տարբեր է: Այն երկիրը, որն ուզում է հեռանկար ունենալ, գիտության հանդեպ նրա հոգածությունը մեծ է լինում, տրամադրում է բավականաչափ անհրաժեշտ միջոցներ եւ ստանում այնպիսի արդյունքներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում»,–ասում է Մարտիրոսյանը:

Դիտարկմանը ,որ հաճախ են խոսակցություններ լինում համակարգում գիտության ֆինանսավորման անարդյունավետության մասին։ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հակադարձելով ասաց, որ դրանք շարունակ կան մեկ պատճառով. «Այն երկիրը, որը քիչ ռեսուրսներ ունի, տարբեր բնագավառներում խնայողություններ է անում, երբեմն հնարավորություն չի ունենում նույնիսկ նվազագույն միջոցներ տրամադրելու, այդ պարագայում հանդես են գալիս տարբեր հիմնավորումներ, թե այն գումարները, որ տրամադրվում են, արդյունավետ եւ նպատակաուղղված չեն օգտագործվում, կառավարման համակարգը օպտիմալ չէ: Այսինքն, եթե գումարը քիչ է, ինչպես էլ բաշխեք, սխալ է լինելու»

Ինչ վերաբերում է ակադեմիայի գործունեության արդյունավետությանը. Ռադիկ Մարտիրոսյանը մեջբերելով որոշակի փաստեր՝ շեշտեց, որ ստեղծված արդյունքների մասին խոսում են արտասահմանցի կոլեգաները։ Թեպետ մեր գիտությունը մշտապես համեստ է ֆինանսավորվել, այդուհանդերձ, մեր գիտությունը աշխարհում ճանաչված է եւ ոչ միայն գիտական հանրության կողմից՝ եզրափակեց Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

 

 

Արմինե Գևորգյան