Բավ է պառակտվել
19-10-2022 10:47

Google Maps և Google Earth հավելվածներից հեռացվել են Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները

«Google» ընկերության հետ աշխատանքի արդյունքում «Թաթոյան» հիմնադրամին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ուժերով հաջողվել է «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացնել ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները, հայտնել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ինչպես նշվել էր սեպտեմբերի 29-ի հայտարարությամբ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգի հիման վրա պարզել էր, որ «Google Maps» և «Google Earth» հավելվածներում անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված ՀՀ Սյունիքի մարզի դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն:

«Օրինակ` «Որոտան» գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ «Bazarçay» կամ Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, կամ Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ «Zəngəzur Vilayəti Administrasiyası» և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիան քաղաքի անունը` Qarakilise»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով էին նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։ Հեռացվել են նաև ադրբեջաներենով նշված կեղծ այլ տեղանուններ:
«Ակնհայտ էր, որ սա ադրբեջանական իշխանությունների՝ Սյունիքն ադրբեջանական լինելու վերաբերյալ բացարձակ կեղծ թեզը ներկայացնելու եղանակ էր։ Ավելին, դրանով փորձ էր արվում լեգիտիմացնել ադրբեջանական հանցավոր ներխուժումները և հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Հարկ ենք համարում հատուկ կարևորել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի արագ արձագանքը, «Google» ընկերությանը հետ կապ հաստատելը և աշխատանքի հետևողականությունը»,- ասվում է հայտարարությունում։
Մանրամասները ներկայացված են կից հրապարակվող լուսանկարներում, որտեղ համեմատվում են նախկին կեղծ ադրբեջանական տեղանուններով տարբերակները ներկայիս՝ վերացված տարբերակների հետ։