Բավ է պառակտվել
17-11-2022 12:38

Google Pay-ը մուտք գործեց հայաստանյան շուկա

Նոյեմբերի 15-ից Հայաստանի բնակիչների համար հասանելի է դարձել Google Pay վճարային համակարգը, որը նոր հնարավորություններ է բացում էլեկտրոնային վճարումների ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ներկայացնում ենք Google Pay-ի առանձնահատկությունները, առավելությունները և հարմարավետությունը։

Ի՞նչ է Google Pay-ը

Google Pay-ը էլեկտրոնային վճարային համակարգ է, որի միջոցով դուք կարող եք վճարել գնումների համար՝ օգտագործելով ձեր հեռախոսը ինչպես առցանց հարթակներում, այնպես էլ սովորական խանութներում և այլ հաստատություններում: Համակարգն աշխատում է NFC արձանագրության միջոցով տերմինալների վրա, որոնք ընդունում են անհպում վճարումներ (այդպիսի սարքերի վրա նշված է PayPass կամ PayWave):

Ինչպե՞ս է աշխատում Google Pay-ը և ինչպե՞ս կցել դրան բանկային քարտը

Հայաստանում այս համակարգին միացած են Ամերիաբանկը, Կոնվերսբանկը, Ակբաբանկը, Արդշինբանկը և Էվոկաբանկ:

Նշված բանկերի քարտապանները կարող են անհպում վճարումներ կատարել՝ օգտագործելով Android հեռախոսները և Wear OS ժամացույցները ավելի քան 45 երկրների առևտրի կետերում և առցանց խանութներում:

Google Pay-ից օգտվելուց առաջ համոզվեք, որ ձեր սմարթֆոնն աջակցում է NFC տեխնոլոգիան: Դրանից հետո տեղադրեք Google Pay հավելվածը և, հետևելով առաջարկվող հրահանգներին կցեք համակարգի գործընկեր հանդիսացող բանկի քարտը։

Վճարումներ կատարելիս մոտեցրեք հեռախոսը տերմինալին և սպասեք, մինչև հեռախոսի էկրանին հայտնվի նշան: Google Pay-ի օգտագործման լրացուցիչ հարմարավետությունն այն է, որ դուք ստիպված չեք լինի գնումներ կատարելիս բացել հավելվածը:

Որո՞նք են այս ծառայության առավելությունները:

Google Pay-ի հիմնական առավելությունն անվտանգությունն ու շարժունակությունն է, որը թույլ է տալիս գնումներ կատարել անմիջապես ձեր սմարթֆոնի միջոցով, որը միշտ ձեռքի տակ է: Սա վերացնում է ձեզ հետ բանկային քարտեր կրելու անհրաժեշտությունը: Համակարգի միջոցով վճարումները կատարվում են ակնթարթորեն՝ առանց միջնորդավճար գանձելու:

Ինչպե՞ս կարող եք վճարել Google Pay-ով առցանց գնումներ կատարելիս

Դուք կարող եք վճարել առցանց գնումների համար՝ օգտագործելով Google Pay-ը բոլոր առցանց խանութներում, որոնք ընդունում են վճարումներ այս համակարգի միջոցով: Համոզվեք, որ խանութն ընդունում է վճարման այս եղանակը, ընտրեք նախկինում ավելացված քարտերից մեկը, կարող եք նաև նոր քարտ ավելացնել։ Դրանից հետո վճարման տվյալները վաճառողին կփոխանցվեն անվտանգ ալիքով:

Որքանո՞վ է ապահով Google Pay-ը

Անվտանգության առումով Google Pay-ի հիմնական առավելությունն այն է, որ խանութներում վճարելիս քարտի համարը ոչ մի տեղ չի փոխանցվում, փոխարենը օգտագործվում է վիրտուալ հաշվի համարը։

Որտե՞ղ են ընդունվում վճարումներ Google Pay-ով

Դուք կարող եք վճարել Google Pay-ով մի շարք խանութներում, ռեստորաններում, դեղատներում և այլ վայրերում, որտեղ կան վճարային տերմինալներ, որոնք ընդունում են անհպում վճարումներ և որոնվ վրա նշված է PayPass կամ PayWave։