Բավ է պառակտվել
22-05-2020 14:58

Հայաստանյան բանկի հաշիվներից ավելի քան 58 հազար դոլար է հափշտակվել

Հայաստանի քննչական կոմիտեն պարզել է չորս անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ավելի քան 28 մլն դրամ (շուրջ 58,1հազ․դոլար) հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները:

Ինչպես տեղեկացրել է ՔԿ մամլո ծառայությունը, պարզվել է, որ նույն բանկի հաճախորդ և քարտապան հանդիսացող չորս անձ 2018թ հոկտեմբերին օնլայն համակարգով իրենց ընթացիկ հաշվեհամարներից գումարներ են փոխանցել իրենց քարտային հաշվեհամարներին, որից հետո գումարները փոխանցել են մեկ այլ բանկի հաշվեհամարներին:

Այնուհետև, սխալ գաղտնաբառ մուտքագրելով՝ արգելափակել են քարտերը և, օգտվելով քարտի պրոցեսինգային կենտրոնի աշխատանքի ֆունկցիոնալ յուրահատկությունից, իրենց ընթացիկ հաշվեհամարներից կանխիկացրել և հափշտակել են հաշվում արդեն իսկ ֆիզիկապես գոյություն չունեցող գումարները։ Նրանցից մեկը կանխիկացնելու փորձ է կատարել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշումներ են կայացվել նրանցից երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ մյուսին՝ 34-181-րդ հոդվածի (հափշտակության փորձ, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանցից երեքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, կատարված հափշտակությանը մասնակցություն ունեցած հնարավոր հանցակիցներին ու առնչություն ունեցող անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: