Բավ է պառակտվել
18-10-2021 08:43

Գալակտիկայի կենտրոնից տարօրինակ ազդանշան է գալիս, որը միանում և անջատվում է պատահականության սկզբունքով

Գիտնականները ենթադրում են, որ դրա աղբյուր կարող է լինել նոր դասի աստղային օբյեկտների ներկայացուցիչը։

Աստղագետները հայտնաբերել են Շիր Կաթինի կենտրոնից եկող անսովոր ազդանշաններ։ հայտնաբերված ռադիոլիքները չեն համապատասխանում մինչ օրս հայտնի փոփոխական ռադիոաղբյուրների որևէ սխեմային և կարող են խոսել նոր դասի աստղային օբյեկտների մասին, գրում են Սիդնեյի համալսարանի գիտնականները։

«Այս նոր ազդանշանի ամենատարօրինակ հատկությունն այն է, որ այն ունի շատ բարձր բևեռացում: Սա նշանակում է, որ նրա լույսը տատանվում է միայն մեկ ուղղությամբ, բայց այդ ուղղությունը ժամանակի ընթացքում պտտվում է։ Օբյեկտի պայծառությունը նույնպես կտրուկ փոխվում է`100 անգամ, և ազդանշանը միանում և անջատվում է, ըստ երևույթին, պատահականության սկզբունքով: Մենք երբեք նման բան չենք տեսել»,- ասում է Ցզիտենգ Վանը՝ հետազոտության առաջատար հեղինակը:

Աստղերի շատ տեսակներ էլեկտրամագնիսական սպեկտրում փոփոխական լույս են արձակում: Ռադիոաստղագիտության հսկայական առաջընթացի շնորհիվ ռադիոալիքների փոփոխական կամ անցումային օբյեկտների ուսումնասիրությունը դարձել է հետազոտությունների խոշոր ոլորտ, որն օգնում է մեզ բացահայտել տիեզերքի գաղտնիքները: Պուլսարները, գերնոր աստղերը, բռնկվող աստղերը և արագ ռադիոժայթքումներն աստղագիտական օբյեկտների տեսակներ են, որոնք տարբերվում են իրենց պայծառությամբ:

«Սկզբում մենք մտածեցինք, որ դա կարող է լինել պուլսար` պտտվող մահացած աստղի շատ խիտ տեսակ, կամ աստղի այնպիսի տեսակ, որն արձակում է հսկայական արևային բռնկումներ: Բայց այս նոր աղբյուրի ազդանշանները չեն համապատասխանում նրան, ինչ մենք ակնկալում ենք այս տեսակի օբյեկտներից», - ասում է Վանը:

Վանը և Ավստրալիայից, Գերմանիայից, ԱՄՆ -ից, Կանադայից, Հարավային Աֆրիկայից, Իսպանիայից և Ֆրանսիայից գիտնականների միջազգային թիմն Արևմտյան Ավստրալիայում հայտնաբերել է ազդանշանները ASKAP CSIRO ռադիոաստղադիտակի օգնությամբ։ Հետագա դիտարկումները կատարվել են Հարավաֆրիկյան ռադիոաստղադիտարանի MeerKAT աստղադիտակով: ASKAP-ը 36 ալեհավաքներից բաղկացած համալիր է` յուրաքանչյուրը 12 մետր տրամագծով, որոնք համակցված են մեկ ռադիոինտերֆերոմետր մեջ:

«Մենք ուսումնասիրել ենք երկինքը ASKAP-ի միջոցով 2020 և 2021 թվականների ընթացքում՝ Variables and Slow Transients (VAST) ծրագրի շրջանակներում նոր անսովոր օբյեկտներ գտնելու համար: Գալակտիկայի կենտրոնը դիտարկելիս մենք գտանք մի օբյեկտ, որն ըստ իր կոորդինատների նշվում է որպես J173608.2-321635: Այս առարկան յուրահատուկ էր նրանով, որ սկզբում անտեսանելի էր, այնուհետև ձեռք բերեց պայծառություն, ապա անհետացավ, իսկ հետո նորից հայտնվեց: Սա շատ անսովոր պահվածք է», - նշում է հետազոտության համահեղինակ Տարա Մերֆին:

2020 թվականին ինը ամսվա ընթացքում աղբյուրից վեց ռադիոազդանշաններ հայտնաբերելուց հետո աստղագետները փորձեցին գտնել օբյեկտը տեսանելի լույսի ներքո, բայց ապարդյուն: Այնուհետև նրանք օգտագործեցին Նոր Հարավային Ուելսի «Պարկես» ռադիոաստղադիտակը, սակայն նույնպես չկարողացան հայտնաբերել աղբյուրը:

«Հետո մենք փորձեցինք ավելի զգայուն MeerKAT ռադիոաստղադիտակը Հարավային Աֆրիկայում: Քանի որ ազդանշանը ընդհատվում էր, մենք այն դիտարկում էինք շաբաթական մեկ անգամ 15 րոպեի ընթացքում՝ կրկին տեսնելու հույսով: Բարեբախտաբար, ազդանշանը վերադարձավ, բայց մենք պարզեցինք, որ աղբյուրի վարքագիծը կտրուկ փոխվել է. Այն անհետացավ մեկ օրում, չնայած ASKAP-ի մեր նախորդ դիտարկումներում ազդանշանը շարունակվում էր մի քանի շաբաթ», - ասում է Մերֆին:

Գիտնականներին դեռևս չի հաջողվում բացատրել ազդանշանի բնույթը, որը պայմանականորեն կոչվում է անցումային ռադիոաղբյուր: Ըստ Մերֆիի, այն տեղեկությունները, որ ունեն գիտնականները, որոշ զուգահեռներ ունեն Գալակտիկական կենտրոնում առեղծվածային այլ առարկաների դասի հետ, որոնք հայտնի են որպես ռադիոանցումային պրոցեսներ, սակայն կան նաև տարբերություններ:

Գիտնականները մտադիր են ուշադիր հետևել օբյեկտին, որպեսզի ավելի շատ հուշումներ ստանան՝ հասկանալու, թե դա ինչ կարող է լինել:

«Հաջորդ տասնամյակում կսկսի գործել Square Kilometer Array (SKA) տրանսմայրցամաքային ռադիոաստղադիտակը։ Այն կկարողանա ամեն օր երկնքի ճշգրիտ քարտեզներ կազմել: Մենք ակնկալում ենք, որ այս աստղադիտակի հզորությունը կօգնի մեզ լուծել այս վերջին հայտնագործության նման առեղծվածները», - եզրափակում է Մերֆին: