Բավ է պառակտվել
08-03-2023 20:13

Ինչպես է փոխվել Երկիրն ավելի քան 100 միլիոն տարվա ընթացքում. գիտնականները երկրաբանական փոփոխությունների մոդել են ցուցադրել

Սիդնեյի համալսարանի գիտնականները ցույց են տվել Երկիր մոլորակի երկրաբանական փոփոխությունների մոդելը 100 միլիոն տարվա ընթացքում: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Science» ամսագրում:
Տեսանյութի յուրաքանչյուր կադր ցույց է տալիս միլիոն տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, նշում է РБК Life-ը։ Հեռավոր անցյալում Երկրի մակերեսը բոլորովին այլ տեսք է ունեցել․ մայրցամաքներն ունեցել են բոլորովին այլ ուրվագծեր և շատ ավելի մոտ են եղել միմյանց: Հարյուր միլիոն տարվա ընթացքում նրանք փոխվել են, հեռացել միմյանցից, բարձրացել ծովի մակարդակից, մինչև դարձել են այնպիսին, ինչպիսին մենք այսօր դրանք գիտենք։
Այս մոդելը ստեղծելու համար գիտնականները, համագործակցելով CNRS-ի, Լիոնի համալսարանի և ENS Paris-ի երկրաբանների հետ, օգտագործել են գեոդինամիկայի, մակերևութային գործընթացների հետ տեկտոնական և կլիմայական ուժերի վերաբերյալ տվյալներ և մեր մոլորակի եղանակի մասին այլ տեղեկություններ:
Մոդելը ոչ միայն օգնում է հասկանալ, թե ինչպես են հայտնվել ժամանակակից երկրաֆիզիկական լանդշաֆտները և ինչպես են միլիոնավոր տոննաներով նստվածքային ապարներ հայտնվել օվկիանոսներում, այլև հնարավորություն է տալիս կանխատեսել մեր մոլորակին սպասվող երկրաբանական փոփոխությունները:
Այժմ մոլորակի մակերեսը շարունակում է փոխվել․ ըստ գիտնականների՝ 200-300 միլիոն տարի անց Խաղաղ օվկիանոսը կվերանա, իսկ ժամանակակից ամերիկյան և ասիական մայրցամաքների միաձուլման արդյունքում կհայտնվի նոր գերմայրցամաք՝ Ամասիան։ Մինչ այդ, ծովի մակարդակը կիջնի, գերմայրցամաքի արտաքին հատվածը կվերածվի չորային շրջանների, իսկ ցերեկային ջերմաստիճանը, հավանաբար, շատ բարձր կլինի: