Բավ է պառակտվել
19-11-2021 10:32

Նոյեմբերի 19-ին տեղի կունենա վերջին 5 դարի ամենաերկար Լուսնի խավարումը

Գրեթե 3,5 ժամ տևողությամբ Լուսնի մասնակի խավարումը, որը տեղի կունենա ուրբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, կլինի ամենաերկարը 15-րդ դարից ի վեր։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Մոսկվայի պլանետարիումի մամլո ծառայությունը։

Խավարումը տեսանելի կլինի Օվկիանիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Արևելյան Ասիայի, Հյուսիսային Եվրոպայի և Ինդոնեզիայի տարածքներում։ Ռուսաստանում այն կարող են տեսնել Հեռավոր Արևելքի բնակիչները:

«Մասնակի խավարումը կտևի 3 ժամ 28 րոպե (Մոսկվայի ժամանակով 10:20-ից մինչև Մոսկվայի ժամանակով 13:48-ը): <...> Սա Լուսնի ամենաերկար մասնակի խավարումն է 15-րդ դարից ի վեր: Այն կարելի է անվանել «գրեթե ամբողջական» լուսնի խավարում, քանի որ գրեթե ամբողջ Լուսինը կհայտնվի Երկրի ստվերում: Լուսնի սկավառակի մեծ մասը կարմրավուն երանգ կստանա», - ասվում է հաղորդագրության մեջ:

Լուսնի խավարման առավելագույն փուլում ստվերում կլինին արբանյակի դիտարկվող մակերեսի 97-98%-ը, պարզաբանել են ՏԱՍՍ-ին ՌԴ Գիտությունների ակադեմիայի Կիրառական աստղագիտության ինստիտուտի (ԿԱԻ) մամլո ծառայությունից։ Առավելագույն խավարման պահին Մոսկվայում կլինին ցերեկվա ժամը 12-ը, հետևաբար, Ռուսաստանի արևմտյան մասում միայն Կալինինգրադի շրջանի բնակիչները կկարողանան տեսնել լուսնի աննշան խավարում: Հեռավոր Արևելքի շրջաններում աստղագիտական ​​երևույթը լավագույնս կտեսնեն Չուկոտկայի, Կամչատկայի և Մագադանի շրջանի բնակիչներն իրենց ավելի հյուսիսային դիրքի պատճառով:

Խավարումների սեզոնը կավարտվի 2021 թվականին արևի խավարմամբ, որը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, հայտնել են ՏԱՍՍ-ին ՌԳԱ-ից։ Այս տիպի աստղագիտական ​​երևույթները երկրագնդից դիտվում են սահմանափակ տիրույթներում, և այս անգամ խավարումը տեսանելի կլինի միայն Անտարկտիդայում:

Արեգակի և Լուսնի խավարումները տեղի են ունենում վեց ամիսը մեկ: Այդ ժամանակ Արևը, Երկիրը և Լուսինը շարվում են մեկ ուղիղ գծով: Եթե մեջտեղում հայտնվում է ​​Երկիրը՝ մոլորակի բնակիչները տեսնում են Լուսնի խավարում։ Երբ Լուսինը մտնում է Երկրի ստվերի կոն և ստանում կարմրավուն երանգ, այս աստղագիտական ​​երևույթը կոչվում է ամբողջական խավարում: Իսկ եթե ​​այն ամբողջությամբ չի հայտնվում մեր մոլորակի ստվերում, ապա խոսքը մասնակի խավարման մասին է։