Բավ է պառակտվել
14-01-2020 13:15

Երկրի վրա հայտնաբերվել է հնագույն աստղային փոշի, որն Արեգակից հին է

1969-ին Ավստրալիայում ընկած երկնաքարի վրա գիտնականները հայտնաբերել են աստղային փոշու մասնիկներ, որոնք արեգակնային համակարգից ավելի հին են: Նրանց տարիքը հինգից յոթ միլիարդ տարի է: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

- Սա այն ամենահետաքրքիր ուսումնասիրություններից մեկն է, որի վրա ես աշխատել եմ: Մեզ հաջողվեց գտնել մեր մոլորակի վրա հայտնի պինդ նյութերից ամենահինը, որը պատմում է այն մասին, թե ինչպես են աստղերը ծնվել մեր գալակտիկայում, - ասել է ուսումնասիրության առաջատար հեղինակ Ֆիլիպ Հեկը Չիկագոյի համալսարանից:

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ երկնաքարերի առաջացման հիմնական նյութը նախամոլորակային ամպի փոշին է, որը շրջապատել է Արգակը ձևավորման վաղ փուլերում: Սովորաբար, դրանց տարիքը 4,5–4,6 միլիարդ տարի է, բայց երբեմն դրանք պարունակում են միջաստղային նյութի փոքրիկ ամուր ներառումներ՝ նախաարեգակնային հատիկներ, որոնք գոյություն ունեին տիեզերքում մինչ մեր համակարգի ձևավորումը: Սրանք նախաարեգակնային ժամանակաշրջանի միակ նյութական վկայությունն են, որոնք հասանելի են մարդուն:

ԱՄՆ-ի, Շվեյցարիայի և Ավստրալիայի գիտնականներին հաջողվել էր անջատել դրանք 1969թ Ավստրակիայի վրա ընկած Մուրչիսոնի երկնաքարի բեկորներից: Դրա համար հետազոտողները փոշու էին վերածել երկնաքարի կտորները, որը թթվի մեջ լուծելուց հետո մնացել էին մինչև 8 միկրոմետր չափի սիլիկոնային կարբիդի չլուծվող մասնիկներ: Սա դարձավ նրանց աշխատանքի հիմնական արդյունքը, ձեռք բերվեցին ապացույցներ, որ մեր գալակտիկայում աստղերը ձևավորվել են ավելի քան հինգ միլիարդ տարի առաջ և ավելի վաղ, քան Արեգակը: