Բավ է պառակտվել
25-05-2021 21:05

Երկիր մոլորակին հզոր մագնիսական փոթորիկներ են սպասում

Տիեզերական սարքավորումները գրանցել են արևային ակտիվության կտրուկ աճ, որն ամենախոշորն է վերջին տարիների ընթացքում։ Մայիսի 22-23-ը Արեգակի վրա տեղի է ունեցել 17 բռնկում, որոնք ուղեկցվել են նյութի արտանետումներով միջմոլորակային տարածություն, այդ թվում՝ Երկրի ուղղությամբ: Կանխատեսվում է, որ դա մայիսի 26-ին կհանգեցնի մագնիսական փոթորիկների:

Գիտնականները գրանցել են նաև երեք բռնկում M կարգի՝ նախավերջին կատեգորիայի ինտենսիվությամբ, որը նախորդում է ամենահզոր X կարգի բռնկումներին: Մինչ այդ 4,5 ամսվա ընթացքում M կարգի ընդամենը երկու բռնկում է նկատվել: Ըստ մասնագետների, արտանետումները Երկրին կհասնեն առաջիկա ժամերին՝ մայիսի 25-ի երեկոյան, ինչը խանգարումներ կառաջացնի մոլորակի մագնիսական դաշտում, իսկ մայիսի 26-ի առավոտյան Երկիրը կհայտնվի արտանետվող արեգակնային նյութի խիտ միջուկի մեջ: Առաջին մագնիսական փոթորիկները կտևեն 3-6 ժամ:

Չնայած բարձր արեգակնային ակտիվությանը, մագնիսական փոթորիկներն աննշան կլինեն և չեն գերազանցի երկու բալը 5 բալանոց սանդղակով: Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Երկիրը կգտնվի արտանետումների հիմնական հոսքի ծայրամասում, ինչը կմեղմի հարվածի ուժը: Ակնկալվում է, որ բռնկումներից հետո Արեգակը երկար ժամանակ կգտնվի հանգիստ վիճակում: