Բավ է պառակտվել
01-11-2022 10:23

Իր կործանման նախօրեին Արեսիբո ռադիոաստղադիտակը նախազգուշացրել է Երկրին մոտեցող աստերոիդների մասին

Պուերտո Ռիկոյի աստղադիտարանը, որն անվանվել է 15 կմ հեռավորության վրա գտնվող Արեսիբո քաղաքի անունով, ժամանակին աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակն էր։ Բայց, ծառայելով 57 տարի, այն ավերվել է կրող կառուցվածքի մաշվելու հետևանքով։

Այս աստղադիտակը վերապրել է փոթորիկներ, երկրաշարժեր և այլ դժվարություններ. այն կոդավորված հաղորդագրություն է ուղարկել այլմոլորակայիններին և առաջին անգամ լուսանկարել աստերոիդ։ Բայց Արեսիբոն ճակատագիրը որոշվեց 2020 թվականին։ Եթե սկզբում նախատեսվում էր վերանորոգել աստղադիտակը, որի ափսեի մեջ բաց անցք էր գոյացել, ապա հետագայում որոշեցին ներդրումներ չանել վերանորոգման մեջ և ուղղակի քանդել աստղադիտարանը։

Սակայն աստղագիտական սարքը կրկին առաջ ընկավ ժամանակից, ընդ որում՝ ոչ այս արտահայտության ընդունված ուղիղ իմաստով․ 2020 թվականի վերջին այն ինքն իրեն փլուզվեց:

Այնուամենայնիվ, գիտնականները դեռ վերլուծում են Արեսիբոի հավաքագրած տվյալները: Օգտագործելով 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի դեկտեմբերը աստղադիտակով հավաքված տեղեկատվությունը, գիտնականները հրապարակել են երբևէ հրապարակված ամենամեծ մերձերկրյա աստերոիդների ռադարային զեկույցը:

Զեկույցը ներառում է 191 մերձերկրյա աստերոիդների մանրամասն դիտարկումներ։ Դրանց թվում կա 70 օբյեկտ, որոնք կարելի է համարել «պոտենցիալ վտանգավոր»։ Այս կատեգորիայի մեջ են մտնում աստերոիդները, որոնց ուղեծրերը մոտեցնում են դրանց Երկրին մոտ 7,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Ճիշտ է, նույնիսկ այս հեռավորությունը մոտ 20 անգամ մեծ է Երկրի և Լուսնի միջև եղած հեռավորությունից:

Բարեբախտաբար, այս նոր նկարագրված աստերոիդներից ոչ մեկն անմիջական վտանգ չի ներկայացնում Երկրի համար: ՆԱՍԱ-ի տվյալներով՝ մեր մոլորակն առնվազն առաջիկա 100 տարվա ընթացքում պաշտպանված է աստերոիդների մահաբեր հարվածներից։
Չնայած դրան, գիտնականները դեռ ուշադիր հետևում են Երկրին մոտ գտնվող ցանկացած օբյեկտի: Դա արվում է այն դեպքերի համար, եթե նրանց հետագիծը փոխվի ինչ-որ պատահարի, օրինակ՝ մեկ այլ աստերոիդի հետ բախման պատճառով։

Նոր զեկույցում նաև նշվել են մի քանի աստերոիդներ, որոնք արժանի են հետագա ուսումնասիրության, ներառյալ 2017 YE5 կոչվող տարօրինակ տիեզերական օբյեկտը՝ շատ հազվագյուտ կրկնակի «հավասար զանգվածով» աստերոիդ, որը կազմված է գրեթե նույն չափի երկու քարաբեկորից, որոնք անընդհատ պտտվում են միմյանց շուրջ: Քարե բեկորներից յուրաքանչյուրըն ըստ գիտնականների, ունի 800-ից 900 մետր տրամագիծ:

Հետազոտողները նշում են, որ աստերոիդի բարձր ռադիոլոկացիոն անդրադարձումը կարող է խոսել նրա մակերևույթի տակ ջրային սառույցի առատության մասին, ինչի պատճառով, հնարավոր է, այն կարգվի Երկրին մոտեցող նախկինում չտեսնված հավասար զանգվածի սառցե աստերոիդների դասին։

Տվյալների այս նոր «գանձարանի» միջոցով գիտնականները կարող են ավելի լավ որոշել այս աստերոիդների ձևերը, չափերը և պտույտի ժամանակաշրջանները: Սրանք կարևոր ցուցիչներ են՝ գնահատելու պոտենցիալ ռիսկերը, որոնք աստերոիդները կարող են ներկայացնել մեր մոլորակի համար։

«Հավաքված արժեքավոր տվյալների ծավալը եզակի է, և այդ արդյունքներին հնարավոր չէր հասնել որևէ այլ գոյություն ունեցող օբյեկտի օգնությամբ», - ասում է Արեսիբոյի Planetary Radar Science Group-ի (մոլորակային ռադարային գիտական ​​խմբի) ղեկավար Ֆլավիան Վենդիտին:

Արեսիբո աստղադիտարանը կառուցվել է Պուերտո Ռիկոյում 1963 թվականին և դարձել աշխարհի ամենամեծ և ամենահզոր ռադիոաստղադիտակը։ Նրա 305 մետր տրամագծով ափսեն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1990-ականներին, այն բանից հետո, երբ այն նկարահանեցին «Կոնտակտ» (1997) և Բոնդի «Ոսկե աչք» (1995) ֆիլմերում։

1974 թվականին աստղադիտարանը մարդկության առաջին ուղերձը փոխանցեց տիեզերքում գտնվող այլմոլորակայիններին: Վերջերս Արեսիբոյի աստերոիդների դիտարկումներն անմիջական դեր խաղացին ՆԱՍԱ-ի DART առաքելության պլանավորման գործում, որի ընթացքում գիտնականները տիեզերանավը բախեցին մերձերկրյա Դիմորֆոս աստերոիդին և փոխեցին նրա ուղեծիրը:

Արեսիբո առաքելությունը կտրուկ ավարտվեց 2020 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ պոկվեցին աստղադիտարանը պահող երկու կարևոր ճոպանները: Դա հանգեցրեց աստղադիտակի ամբողջական փլուզմանը: 2022 թվականի հոկտեմբերին Ազգային գիտական ​​հիմնադրամը, որին պատկանում էր հողակտորը, հայտարարեց, որ աստղադիտակը չի փոխարինվի կամ վերականգնվի։