Բավ է պառակտվել
25-06-2020 11:38

Հերթական տեղեկատվական արտահոսքը, հայ ՏՏ մասնագետների հերթական խայտառակությունը

Ադրբեջանական հաքերները կրկին հրապարակել են կորոնավիրուսով վարակված Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալնեը։

“Երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ - անուններ, հասցեներ և բջջային հեռախոսները։ Էս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա: ԵՆթադրում եմ, նույն ձևով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում”, - գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում։

Նա հավելել է, որ դրանք նույն հաքերներն են, որոնք ավելի վաղ կազմակերպել էին Հայաստանի քաղաքացիների տվյալների արտահոսքը (հունիսին երկու անգամ՝ խմբ )։

Ակնհայտ է, որ տեղեկատվական անվտանգությունը Հայաստանի իշխանությունների առաջնահերթությունների շարքում չէ։ Ադրբեջանական հաքերներն՝ ասես իրենց տուն “մտնում են” մի տարածք, որը պետք է խստորեն պահպանվի։

Ինչու՞ Հայաստանի կառավարությունն ի զորու չէ հավաքագրել մասնագետներ, ովքեր ունակ են զբաղվել այնպիսի կարևոր խնդրով, ինչպիսին է սեփական քաղաքացիների տվյալների պահպանումը։

Նախքան տվյալների հավաքագրումն առաջնահերթ անվտանգությունն ապահովելու փոխարեն, նրանք ագահորեն թվայնացնում են Հայաստանի բնակչության մասին տեղեկությունները, որպեսզի հետո թշնամու հաքերներն անպատիժ տեղադրեն դրանք համացանցում։

Միգուցե բնակչության մեծ մասը չի պատկերացնում դրա հետևանքները, սակայն տեխնիկապես ավելի կրթված մարդիկ հասկանում են տեղեկատվական դաշտը պաշտպանելու անկարողության հետ կապված սպառնալիքները։

Հայաստանի կառավարությունը պետք է գիտակցի, որ պատասխանատվություն է կրում իր երկրի քաղաքացիներին վերաբերող ցանկացած տեղեկության արտահոսքի համար և, որ վաղ թե ուշ պատասխան է տալու անպատասխանատու մոտեցման և այս հարցում ոչ կոմպետենտ լինելու համար։

Կարելի է ենթադրել, որ արտահոսքն արտահոսքին է հետևում նաև այն պատճառով, որ կառավարության բոլոր անդամներն առավոտից երեկո գրառումներով են փոխանակվում ֆեյսբուքում, ինչի արդյունքում այնտեղ է հայտնվում հսկայական ծավալի գաղտնի ինֆորմացիա, ինչն արդեն վտանգավոր է։ Համարձակվում եմ ենթադրել, որ կառավարությունը ոչ մի գաղտնի “չաթ՛ , ինչպես նաև պաշտպանված սերվերներ չունի, ինչն արդեն ապրիորի անվտանգ չէ։

Նման հարցերը պետք է լուծվեն գերգաղտնիության մակարդակով շատ լուրջ մասնագետների կողմից, ովքեր տիրապետում են տվյալների պաշտպանության հմտություններին։ Այս տեմպերով ֆեյսբուք կարտահոսեն նաև պետական գաղտնիքները։

 

 

Սիրա Մինասյան