Բավ է պառակտվել
01-04-2019 21:54

Ինչու՞ արժի ջնջել բոլոր անձնական էջերը սոցցանցերում

 

“Սոցցանցերում սեփական հաշիվները հենց հիմա հեռացնելու տաս փաստարկ” գրքում Ջարոն Լանյեն գրել է, որն է սոցիալական ցանցերի ոչ առերևույթ վտանգը և ինչպես են ստեղծողները մանիպուլյացիայի ենթարկում օգտատերերին՝ դարձնելով նրանց չար, հիմար և սահմանափակ։

Հրատարակումից անմիջապես հետո գիրքը դարձել է թիվ 1 բեսթսելերը Amazon- ի կայքի “Մարդու և համակարգչի փոխազդեցությունը” բաժնում։ Այն լույս չի տեսել ռուսերեն։

Նախաբան

Դատելով վերնագրից, կարող է թվալ, որ գիրքը գրել է ինչ-որ պահպանողական, ժամանակակից թվային կյանքի մոլի թշնամի, ով ունակ չէ հասկանալ այն սահմանափակ մտահորիզոնի պատճառով:

Սակայն դա այդպես չէ։ Ջարոն Լանյեն “վիրտուալ իրականություն” տերմինի հեղինակն է, դրա ստեղծողներից մեկը, Սիլիկոնյան հովտի կիբերէլիտայի ներկայացուցիչը, գիտնական-գյուտարար և ֆուտուրոլոգ։ Դժվար է կասկածել նրան դատողությունների դիլետանտության մեջ։ Ուրեմն, ինչո՞վ չեն գոհացնում նրան սոցիալական ցանցերը։

Գիրքը սկսվում է շների և կատուների մեջ զուգահեռներ անցկացնելով։ Երբեմնի վայրի շները դարձել են մարդու բարեկամ։ Նրանք կարող էին ազատության մեջ ապրել, բայց մենք դարձրեցինք նրանց ձեռնասուն, և հիմա նրանք մեր մշտական ուղեկիցներն են՝ հուսալի և հավատարիմ։

Այլ բան է՝ կատուները։ Նրանք իրենք եկան, քանի որ այդպես ցանկացան, և մնացին մեզ հետ։ Նրանք զբոսնում են, և ոչ միայն, որտեղ կցանկանան։ Կատուներն ազատ են, և չեն ցանկանում հրաժարվել դրանից։

Մենք սիրում ենք շներին, բայց չէինք ցանկանա դառնալ նրանց նման, որ ինչ-որ մեկը վերահսկի մեզ։ Մենք կատուների նման սիրում ենք ազատությունը և նույնպես ուզում ենք զբոսնել անկախ։

Սակայն սոցիալական ցանցերը վերահսկող հզոր ալգորիթմներն սեփական պլաններն ունեն մեր ազատության հետ կապված։ Լանյեի կարծիքով, դրանց վնասակար ազդեցությունից ձերբազատվելու միակ միջոցը սոցցանցերում անձնական հաշիվները փակելն է։

Լանյեն ընդգծում է, որ ավարտել է իր գիրքը 2017 թվականի վերջում, իսկ դրանից քիչ անց տեղի է ունեցել Cambridge Analytica ընկերության հետ կապված սկանդալը, որը հավաքում էր Facebook- ի օգտատերերի անձնական տվյալները և օգտագործում դրանք իր մութ, այդ թվում և՝ քաղաքական նպատակներով։

Տվյալների արտահոսքի սկանդալից հետո Cambridge Analytica-ն փակվեց, բայց արդեն այն ժամանակ Facebook- ի շատ օգտատերեր զգացին, որ ինչ որ բան այն չէ և սկսեցին զանգվածաբար հեռացնել իրենց անձնական հաշիվները։

Սակայն եղան և ուրիշները։ Ոմանք պնդում էին, որ կառավարությունը մտածված է այդ պատմությունը կազմակերպել՝ Facebook-ի ազդեցությունը սահմանափակելու նպատակով, ուրիշները համարում էին, որ սոցիալական ցանցերի առավելությունները գերազանցում են թերությունները։ Ընդհանուր առմամբ, ըստ Լանյեի, այդ պատմությունը չի ստացել պատշաճ օբյեկտիվ գնահատական, և այդ պատճառով սկանդալը չի ազդել օգտատերերի մեծամասնության վրա:

Լանյեն իրեն կոչում է կենդանի ապացույցն այն բանի, որ կարելի է վարել հանրային կյանք, օրինակ՝ էլեկտրոնային և ավանդական ԶԼՄ-ներում, առանց սոցցանցերում գրանցվելու։ Ցանկության դեպքում յուրաքանչյուրը կարող է նույն կերպ վարվել և իր մասնակցությամբ չնպաստել հասարակության քայքայմանը։

Հեղինակն ունի դրա կարևորության մի քանի գաղափար

Գաղափար # 1։ Գոյություն ունեն սոցիալական ցանցերում հաշիվները փակելու շատ հիմնավոր պատճառներ։

Հեղինակը ներկայացնում է տաս փաստարկ։

Սոցիալական ցանցերը ճնշում են ազատ կամքը;
Դրանք բազմապատկում են մեր ժամանակի խելահեղությունը;
Դրանք վերածում են մեզ բթամիտ, չարացած անձանց, Լանյեի խոսքով՝ “տականքի”
Դրանք ստեղծում են կեղծ նորություններ և կեղծ մարդկանց;
Դրանց օգնությամբ մեր ասած ամեն ինչ դառնում է անիմաստ;
Դրանք վերացնում են կարեկցելու ունակությունը;
Դրանք մեզ դժբախտ են դարձնում;
Դրանք վտանգում են մեր տնտեսական բարօրությունը;
Դրանք անհնարին են դարձնում քաղաքականությունը;
Դրանք ատում և ոչնչացնում են մարդկային հոգին։

Ժամանակին սոցիալական ցանցերը ստեղծվել են որպես օգտակար և անվնաս գործիքներ՝ տարբեր երկրներում գտնվող մարդկանց միջև արագ շփում ապահովելու համար։

Դրանք պետք է համախմբեին, նպաստեին սիրուն և փոխըմբռնմանը, բայց փոխարենը վերածվեցին հասարակության համար վտանգ ներկայացնող մանիպուլիացիայի մեքենաների։

Ե՛վ Ֆեյսբուքը, և՛ Թվիթերը նկատվել են տեղեկատվության աղավաղման, կեղծ լուրերի, մանիպուլիացիայի մեջ՝ քաղաքական և գովազդային նպատակներով։ Նրանց կողմից ստեղծվող աշխարհի պատկերը աղավաղում է նաև մարդկային էությունը, սնուցելով մեր ամենավատ հատկությունները։

Եվ այս ամենի հետևում ազդեցիկ ընկերությունների մեծ փողերն են, որոնց հետաքրքրում է միայն սեփական շահը, և հանուն ում ստեղծվել են մեր էությունը դեպի վատը փոխող ալգորիթմները։

Բացի այդ, սոցիլական ցանցերը առաջացնում են կախվածություն, ինչպես թմրամոլությունը, երբ մարդն այլևս չի կարողանում գեթ մեկ օր ապրել առանց սոցցանցի։

Այս հիվանդագին կախվածությունը ներդրված է ցանցերի ալգորիթմում և օգտագործում է ցանկացած մեր թուլությունը հին հոգեբանական հնարքների օգնությամբ, որոնք հիմնված են մարդու վարքագծի ուսումնասիրությունների վրա և ամրապնդվում են ալգորիթմնեորով։

Լանյեն շեշտում է, որ ի սկզբանե սոցցանցերի գաղափարը հոյակապ էր։ Սակայն աստիճանաբար, քայլ առ քայլ, այն միաձուլվեց մաքրեթինգի և գովազդի ոլորտի խոշոր բիզնեսի և, ինչպես պարզ դարձավ վերջերս՝ քաղաքական ուժերի հետ, որոնք օգտագործում են օգտատերերի կախվածությունը ցանցերից սեփական պարսավելի նպատակների համար։

Օգտատերերին իրենց ենթարկելու ալգորիթմները Լավյեն անվանել է BUMMER մեխանիզմ (Behaviors of Users Modified, and Made into an Empire for Rent՝ օգտագործողների վարքագիծը փոխվել է և վերածվել վարձակալությամբ տալու կայսրության արտահայտության հապավում):

BUMMER- ը հավաքական պատկեր է, որն առաջին հերթին, բայց ոչ միայն, վերաբերում է Facebook- ի և Google- ի աշխատանքին։ Հեղինակը անհանգստանում է, որ տեխնելոգիական կորպորացիաների ճնշման տակ մեր գիտակցությունը գնալով ավելի շատ է զիջում դիրքերը և մենք աստիճանաբար վերածվում ենք սմարթֆոնների և պլանշետների կցորդների։

Շահադիտական նկատառումներով մեր գիտակցության վրա ազդելիս կորպորացիաներն իրենց շահից զատ ուրիշ ոչինչ հաշվի չեն առնում։

Գաղափար # 2. Ալգորիթմները մեզ վերածում են լաբորատոր կենդանիների

Սմարթֆոնից օգտվելիս (իսկ մեզանից շատերն այևս չեն կարող դա չանել) մենք սոցիալական ցանցերի և հանրաճանաչ որոնման համակարգերի ալգորիթմներին ենք տրամադրում անընդհատ լրացվող տեղեկություններ մեր մասին։

Մեր այցելած էջերը, հղումները, տեսանյութերը, նկարները և այլն անտեսանելի մեկին օգտակար տեղեկություններ են տրամադրում։

Մեր շփման շրջապատը, մի էջից մյուսին անցնելու արագությունը, գնումներ անելուց առաջ կատարած գործողությունները, քաղաքական աչառություններն՝ այս ամենը երևում է, ինչպես ափի մեջ։

Մեկ մարդու մասին տեղեկությունները համեմատվում են այլ մարդկանց մասին տեղեկությունների հետ։ Ինչ որ մեկը հավանաբար կիսում է մեր նախասիրությունները ապրանքների, անձերի, տրամադրությունների և հավատքների առումով։ Եվ տվյալների այս հսկայական զանգվածը հաջողությամբ օգտագործվում է գովազդատուների կողմից։

Նրանք սպասում են պատեհ պահի, ապա ազդում են մեր գիտակցության վրա ճիշտ ընտրված ուղերձներով, դրդելով մեզ որոշակի գործողությունների, օրինակ՝ ինչ-որ բան գնել կամ որոշակի կերպ քվեարկել։

Երբ մենք գովազդ ենք տեսնում հեռուստացույցով կամ լսում՝ ռադիոյով, կարող ենք անջատել ձայնը կամ միանալ մալուխային ալիքների, որտեղ գովազդ չկա։ Գովազդը սոցիալական ցանցերում ավելի նենգ է․լինելով գրեթե աննկատ՝ այն ավելի ուժեղ է ազդում մեր վարքագծի վրա։ Դա վարքագծի ուսումնասիրության և պայմանական բնազդների վրա հիմնված անընդհատ նուրբ մանիպուլիացիա է։

Վերջին ժամանակներս, կարծես գիտակցելով, որ իրենց պատճառով առաջացել է խնդիր, Facebook-ը, Google-ը և Twitter-ը՝ գուցե ճնշման տակ, իսկ միգուցե և անձնական նախաձեռնությամբ փորձում են շտկել իրենց աշխատանքը։ Նրանք փորձում են վերակառուցել իրենց ալգորիթմները և իրենց ափսոսանքն են հայտնում օգտատերերին։ Վերջիններս էլ, տեսնելով, որ նրանք սկսել են աշխատել խնդրի վրա՝ հանգստանում են և համարում, որ հիմա ամեն ինչ կարգին է։ Բայց արդյո՞ք կարգին է։

Բոլոր սոցիալական ցանցերը փոխում են մարդու վարքագիծը։ Այս նույն սկզբունքն է կիրառվում տարատեսակ կախվածություններից բուժման ժամանակ։ Սակայն այս կերպ կարել է նոր կախվածություն ստեղծել։

Ցանկացած կախվածության հիմքում ընկած է դոֆամինը՝ հաճույքի զգացողություն առաջացնող նեյրոմիջնորդանյութը։ Հենց դոֆաիմինի օգնությամբ է հայտնի ֆիզիոլոգ Պավլովը շների մոտ մշակել պայմանական բնազդները վարքի փոփոխություն պարգևատրման դիմաց։

Եթե վարքն անցանկալի է, այն ուղղում են բացասական ազդեցությամբ, օրինակ՝ էլեկտրական ցնցման օգնությամբ։

Սոցիալական ցանցերի ալգորիթմները մեզ նույնպես դոֆամին են տալիս ցանկալի վարքի դիմաց։ Օրինակ՝ մեզ ցույց են տալիս գեղեցիկ փիսիկներ, շնիկներ կամ մտրուկներ։

Դրանից անմիջապես հետո դուք տեսնում եք գուլպաների կամ կոշիկների գովազդ։ Ալգորիթմը հետևում է գնում կատարելու որոշում կայացնելու ժամանակը և դրանից կախված տեսանյութը ցույց է տալիս մեկ-երկու վարկյան անց։ Երբեմն կատարվում է տեսանյութի և առաջարկի միջև կատարյալ դադարի հաշվարկի ավտոմատացված թեստ։

Բացի այդ, մարդիկ սոցիալական արարածներ են։ Մենք սուր ենք արձագանքում ենք հավանությանն ու անհավանությանը, ձգտում ենք սոցիալապես ցանկալի վարքագիծ ցուցաբերել։

Սոցիալական ցանցերում ուշի ուշով հետևում ենք խմբի տրամադրություններին և փորձում ենք չվնասել ինքներս մեզ որևէ անզգույշ արտահայտութկամբ, որը կբացահայտի մեր օտար լինելը։

Մենք բնազդորեն նմանակում ենք խմբի անդամների մեծամասնությանն, անգամ եթե սոցիալական ցանցերից դուրս չենք կիսում նրանց կարծիքը և տեսակետները։ Այսպիսով ձևավոևվում է ևս մեկ կախվածություն՝ զգայունություն հանրային հավանության և ուրիշի կարծիքի նկատմամբ:

Այս ամենն ընդհանուր առմամբ նպաստում է մարդկության հետընթացին, կարծում է Լանյեն։ Տեղեկատվական պատերազմներն իրենց կողմն են քաշում մարդկանց, հոգ չտանելով ճշմարտության մասին՝ ազդում են ընտրությունների վրա և ատելություն ծնում։

Այսպես գովազդն առևտրի շարժիչ լինելուց աստիճանաբար վերածվեց մանիպուլյացիայի, մարդկային վարքագիծը փոփոխելու և բացասական հատկությունները ուժեղացնող գործիքի։ Եվ սա դեռևս սկիզբն է, կարծում է հեղինակը։ Անտեսանելի մանիպուլյատորները և ոչ կատարյալ ալգորիթմները մեզ աստիճանաբար վերածում են լաբորատոր կենդանիների։

Գաղափար # 3. BUMMER- ի ազդեցությունը նույնքան դանդաղ է, որքան կլիմայի փոփոխությունը, սակայն՝ ոչ պակաս վտանգավոր

Լանյեն մշտապես նշում է, որ բացարձակապես թվային դարաշրջանի հակառակորդը չէ։ Թվային քաղաքակրթությունը ոչ լավն է, որ՝ վատը, այն չեզոք է։ Սակայն նրա այն կողմերը, որոնց հինքում, ինչպես՝ BUMMER-ում դրված է բիզնես-մոդելը, պետք է մտահոգության տեղիք տան։

Ժամանակին մարդիկ պարզել են, որ կապարի մեծ քանակություն պարունակող ներկերը վտանգավոր են։ Բայց դրանից հետո ոչ ոք չի հայտարարել, որ տները չի կարելի ներկել։ Բոլորը պարզապես սպասում էին անվնաս նմանօրինակի ստեղծմանը և, ի հայտ գալուն պես՝ սկսեցին այն օգտագործել։ Այդ պատճառով հարկավոր է սպասել, մինչև սոցիալական ցանցերը դառնան ավելի քիչ վտանգավոր և նորից վերադառնալ դրանց։ Ըստ Լանյեի՝ դա դեռ տեղի չի ունեցել։

BUMMER-ի ազդեցությունը վիճակագրական է, այսինքն, դանդաղ, աստիճանական, ինչպես կլիմայի փոփոխությունը, որին չի կարելի մեղադրել կոնկրետ երաշտի կամ փոթորիկի համար։

Այն պարզապես մեծացնում է տարրերային աղետների հավանականությունը, բայց հետագայում կարող է հանգեցնել գլոբալ աղետի, օրինակ՝ ծովի մակարդակի բարձրացմանը։ Այլ տիպի աղետ կարող է տեղի ունենալ BUMMER- ի ազդեցության ներքո, եթե մենք ուշադրություն չդարձնենք դրա վրա:


BUMMER-ը բաղկացած է վեց մասից.

Ուշադրության գրավում
Միջամտություն ուրիշի կյանքին
Մարդկանց պարտադրում այն բաների, ինչը նրանք չեն սիրում
Գաղտնի մանիպուլյացիա
Հսկայական դրամական շրջանառություն
Կեղծ լուրեր և կեղծ մարդիկ

Սոցիալական ցանցերում ուշադրությունը, որպես կանոն, գրավում են ոչ լավագույն և ամենաանպատկառ ու սկանդալային մարդիկ, որոնց հեղինակն անվանել է “տականք”։ Այս կերպ նրանք ցուցադրում են հարստության և իշխանության բացակայության պայմաններում գերիշխելու իրենց ցանկությունը։ Իսկ վիրտուալ կյանքում նրանք իրենց թագավոր են զգում, վիրավորելով մարդուն կամ նրա զգացմունքները։

Մեր կյանքին միջամտությունը կատարվում է գաղտնի հետևելով մեզ սմարթֆոնների, պլանշետների կամ այլ սարքերի միջոցով։

Սմարթֆոնով կարելի է ցնցող սելֆի անել և անմիջապես ուղարկել այն սոցիալական ցանց, որպեսզի ամեն ցանկացող կարողանա իմանալ մեր գտնվելու վայրը, տեղաշարժերը, շփումները, արձագանքը տարբեր հանգամանքներին։

Ալգորիթմները հետևում են ձեր ընթերցածին, ուշադրության շեղումներին, անդրադարձին այս կամ այն նյութերին, և անընդհատ կատարելագործվում են։

Ուսումնասիրելով, երբ ենք մենք առավել խոցելի, նուրբ մանիպուլյացիների միջոցով մեր վզին են փաթաթում անպետք բաներ, այսպիսով վաճառելով այն, ինչ մեզ դուր չի գալիս։

Նուրբ մնիպուլյացիայի միջոցով ստիպում են ավելի շատ ժամանակ անցկացնել սոցիալական ցանցերում, իսկ մնացածն անում են ալգորիթմներն, օրինակ՝ ավելացնելով ընտրողների ներկայությունը կամ հավատարմությունը որևէ ապրանքանիշին։

Իհարկե, այս բոլոր մանիպուլյացիաները կատարվում են ոչ թե հանուն արվեստի նկատմամբ սիրո, այլ հանուն փողի և իշխանության։ Անհնար է դիմակայել BUMMER-ին, կարելի միայն կանգնել դրա դրոշի տակ, փրկվելով ոչնչացումից, ինչպես դա արել են շատ թվային և թղթային լրատվական միջոցներ։

Հաջող մանիպուլյացիա իրականացնելու նպատակով BUMMER-ը ստեղծում է կեղծ նորություններ և անգամ կեղծ մարդկանց, նրանց միջոցով ստեղծելով անհրաժեշտ մանիպուլյացիոն բովանդակություն։

ժամանակի ընթացքում այս ամենը կարող է հանգեցնել գլոբալ աղետի, կարծում է հեղինակը։

Գաղափարի # 4. BUMMER-ն առաջացնում է թմրամոլներին բնորոշ կախվածություն և անձի փոփոխություն

Կախյալ մարդը, թմրամոլը, գտնվում է մշտական նյարդային գրգռվածության վիճակում։ Ժամանակի ընթացքում նրա մոտ մեծապես, մինչև անճանաչելիության աստիճան փոփոխվում է անձը։

Նա անտեսում է ուրիշի կարծիքը և զգացմունքները, դառնում է եսասեր, մեծամիտ և անբարտավան։ Սակայն այդ մեծամտության տակ թաքնված է խորն անինքնավստահությունը։ Թմրամոլը գնալով ավելի շատ է կտրվում իրականությունից, ընկղմվելով պատրանքների աշխարհ։

Աստիճանաբար, քիչ թե շատ նման փոփոխություններ են տեղի ունենում և BUMMER-ի օգտատերերի հետ։ Նեղացկոտությունը և մեծամտությունը նրանց դարձնում են ագրեսիվ, և այդ ագրեսիան ալիքներով տարածվում է սոցիալական ցանցերում։

Լանյեն որպես օրինակ է բերում ամերիկացի նախագահ Դոնակդ Թրամփին, ում հետ ծանոթ է։ Նա մի քանի անգամ հանդիպել է Թրամփի հետ, երբ վերջինս դեռ հեռուստաշոուներ էր վարում։ Լանյեն առանձնապես չէր համակրում նրան, այնուամենայնիվ վստահաբար կարող է ասել, որ նա նման չէր թմրամոլի։

Թրամփն ինքը մանիպուլյատոր էր և անգամ ռեալիթի-շուների ժամանակ իրավիճակը լիակատար վերահսկող գործող անձ։ Ամեն ինչ փոխվեց, երբ Թրամփը գրանցվեց թվիթերում։ Նա հաճախ կորցնում է ինքնավերահսկողությունը, մոռանում է իր ով լինելը, նախագահական կարգավիճակը, իշխանությունն ու պատասխանատվությունը։

Նրա կախվածությունն ավելին է, քան ամբողջ վերը նշվածը։ Նա մեկ ձգտում է ինչ-որ մեկին ոչնչացնել հերթական թվիթի միջոցով, մեկ, հակառակը՝ շողոքորթում է ուրիշին հավատարմության դիմաց։ Եթե Twitter-ը հանկարծ փակվեր՝ Թրամփն ավելի հաճելի ու խելամիտ անձնավորություն կդառնար, կարծում է հեղինակը։

Լանյեն նշում է, որ մեզնից յուրաքանչյուրի ներսում տրոլ է ապրում։ Սոցիալական ցանցերում նա փորձում է ազատություն ստանալ, մանավանդ, երբ փոխազդեցության մեջ է մտնում իր նմանների հետ։

Սոցիալական ցանցերում բազմաթիվ խմբեր կան, և այն պահից, երբ մենք անդամակցում ենք որևէ մեկին՝ սկսում ենք պահել մեզ այնպես, ինչպես ընդունված է այդ խմբում։ Նման վարքագիծ կարելի է դիտարկել կենդնիների մոտ, որոնք իրենց խմբում պայքարում են հիերարխիայի համար։

Անհրաժեշտ է հարձակվել մեզնից ցածր գտնվողների վրա, որպեսզի ինքներս ավելի ցածր չընկնենք և շողոքորթել նրանց, ով մեզնից բարձր է։ Դեռևս վաղուց, երբ մեկնաբանությունները նոր էին սկսել հայտնվել գրառումների տակ, Լանյեն նկատել էր, որ ցանկացած չնչին առիթով փորձում է մարտի բռնվել բոլորովին անծանոթ մարդկանց հետ։

Նրանք սկսում էին վիրավորել միմյանց, անգամ եթե խոսքը գնում էր պաղպաղակի տեսակի կամ դաշնամուրի ապրանքանիշի մասին։ Նման ընդհարումներից խուսափելու համար հարկավոր էր ձևանալ սիրալիր և խնամքով ընտրել բառերը։

Բայց այդ ժամանակ Լանյեն նկատում է, որ փորձելով հաճոյանալ բոլորին՝ դառնում է ուրիշ մարդ։ Այդպես էր, երբ նա բլոգ էր վարում Huffington Post-ում․նա չէր կարողանում չկարդալ մեկնաբանություններն իր գրառումների տակ, չէր կարողանում դրանք անտեսել, սկսում էր պատասխանել․բայց չէ՞ որ մեկնաբանությունների հեղինակները պարզապես ցանկանում էին ուշադրություն գրավել իրենց նկատմամբ, առանց ինչի այլևս չէին կարող ապրել։

Եվ ինքն էլ է սկսում գրել կամ քաղցրահամ-հաճելի բաներ, կամ դիտավորյալ սադրիչ՝ ընթերցողին բարկացնելու համար։ Նկատելով, որ ինքն էլ է կախվածության մեջ ընկնում և փոխվում, որպես մարդ՝ նա թողնում է այդ աշխատանքը։

Գաղափար # 5․ BUMMER- ը նպաստում է այն մարդկանց օտարացմանը, որոնք դադարում են հասկանալ միմյանց

Ինչու՞ է սա տեղի ունենում: Ալգորիթմները հարմարեցվում են յուրաքանչյուր օգտատիրոջը: Օրինակ՝ Թրամփի կողմնակիցները կտեսնեն մի բան, իսկ նրա հակառակորդները՝ մեկ այլ։

Ալգորիթմներն են որոշում, ինչ դուք պետք է տեսնեք, բայց դա նշանակում է, որ դուք այլևս չեք կարող տեսնել մեկ այլ անձի հակումները, հետևաբար, ժամանակի ընթացքում կդադարեք հասկանալ նրան։ Այսպիսին է անհատականացված որոնման հակառակ երեսը։

Մեզնից յուրաքանչյուրում կա սոցիալական ընկալման ուրույն ծրագիր։ Մենք հետևում ենք միմյանց արձագանքներին և անգիտակցաբար նմանակում նրանց։ Եթե ձեր շրջապատի մարդիկ մտահոգված են ինչ-որ բանով՝ դուք էլ եք անհանգստանում․չէ՞ որ նրանց հուզմունքի պատճառ կա։

Եթե անգամ անծանոթ մարդկանց շրջապատում մեկը նայում է երկնքին՝ բոլորը օրինակ են վերցնում նրանից։ Եթե մարդը, լեզուն չիմանալով, հայտնվում է ուրիշ երկրում, նա առանձնակի ուշադրությամբ է հետևում շրջապատող մարդկանց՝ գոնե այդպես իրավիճակը հասկանալու համար։

Սոցիալական ընկալումը ներդրված է մեզանում էվալյուցիայի ընթացքում և հաճախ օգնում է խուսափել վտանգներից։ Սակայն անհատականացված որոնումը ցույց է տալիս յուրաքանչյուրին միայն իրենը, և այդ պատճառով մենք դադարում ենք հասկանալ միմյանց։

Որպես այս կեղծ, ավելին՝ սուտ լուրերով սնուցված ընկալման օրինակ Լանյեն բերում է “պիցագեյթը”՝ ֆեյսբուքյան որոշ խմբերում տարածված դավադրությունների տեսությունների անհեթեթ լուրերի հողի վրա կատարված հրաձգությունը պիցերիայում։

Լուրերում գրվում էր, որ Վաշինգթոնում Քլինթոնի որոշ կողմնակիցներ Comet Ping Pong պիցերիայում մանկապիղծների որջ ունեն։ Սա հանգեցրեց նրան, որ Հյուսիսային Կառոլինայի վրդովված բնակիչ Էդգար Ուելչը, անցնելով իր մեքենայով 500կմ՝ հրացանով մտավ պիցերիա և պահանջեց ազատ արձակել դժբախտ երեխաներին։

Քանի որ ոչ ոք չէր կարող բավարարել այդ պահանջը, նա կրակ բացեց․բարեբախտաբար տուժողներ չեղան, իսկ հրաձիգին բռնեցին։

Երբ մարդիկ շփվում են միմյանց հետ, չնայելով սեփական սմարթֆոններին՝ նրանք ունենում են շրջակա աշխարհի ընդհանուր ընկալում։ Հենց սրա համար են մարդիկ հաճախում սպորտային ակումբներ, աղոթահավաքներ, թատրոններ։

Այն պահին, երբ յուրաքանչյուրը “մտնում է” իր հեռախոսի մեջ՝ ընդհանրությունը կորչում է։ Իր նմանների հետ փոխգործակցելու փոխարեն մարդն սկսում է փոխգործակցել ալգորիթմի հետ, արդյունքում մենք կորցնում ենք ուրիշների զգացմունքները հասկանալու կարողությունը։

Լանյեն ընդգծում է, որ նա կողմնակից չէ այն բանի, որ բոլոր մարդիկ նույնը տեսնեն և մտածեն․դա բռնապետության նշաններից մեկն է։ Բայց մենք պետք է կարողանանք նայել նրան, ինչը տեսնում են ուրիշները։ Հակառակ դեպքում Էմփաթիայի մեր ընդունակությունը աստիճանաբար հօդս կցնդի։

BUMMER- ը ոչ միայն աղավաղում է աշխարհայացքը, այլև զրկում է այլ մարդկանց աշխարհայացքն իմանալու հնարավորությունից: Մեզ չեն թույլատրում մտնել փակ խմբեր, այս խմբերի մարդիկ մեզ համար նույնքան անթափանց են, որքան և ամեն ինչ կարգավորող ալգորիթմները, գրում է Լանյեն: Սակայն չէ՞ որ սկզբում համացանցը նախագծվում էր թափանցիկ հասարակություն ստեղծելու համար:

Գաղափարը # 6. Սոցիալական ցանցերի բովանդակությունը կարող է իրական վնաս հասցնել

Լանյեն վստահ է, որ BUMMER-ի ալգորիթմներն այնպես են կազմաձևված, որ կարող են մարդու մոտ առաջացնել ցանկացած բացասական զգացմունք։ Որոնումների պահանջների և գրառումների միջոցով նրանք հեշտությամբ կարող են կռահել տրամադրությունը և համապատասխան նյութ ի հայտ բերել՝ տխրությունը կամ ընկճախտը խորացնելու նպատակով։

Անշուշտ, մարդիկ այսպես թե այնպես պետք է տխրեն, անհանգստանան, բայց վատ է, երբ մանիպուլյացիայի օգնությամբ դա օգտագործում է մեկն իր շահադիտական նպատակների համար։

BUMMER բիզնես-մոդելն այնպես է կարգավորել ալգորիթմների իր համակարգը, որ այն ավտոմատ կերպով հարմարվում է օգտատերերին։ Շատ հեշտ է խաղալ բացասական զգացմունքների վրա, տխրության կամ վշտի մեջ գտնվող մարդն ավելի խոցելի է ու անպաշտպան, ուստի դա պետք է օգտագործել։ Եվ ալգորիթմը կգտնի այդ զգացմունքները խորացնելու միջոցը։ Նա կհեղեղի դեպրեսիվ գրառումներով և հղումներով, բայց, սեփական նպատակներից ելնելով՝ մերթընդմերթ ինչ-որ բանով կուրախացնի։

Լանյեն գրում է, որ անգամ 1980-ականներին ստեղծված առաջին սոցիալական ցանցերն իր մոտ թախիծի և դատարկության զգացողություն էին առաջացնում ամեն մուտքից հետո։ Իրական կյանքում նա այդպիսի վիճակում չէր լինում։

Դա անվստահություն էր, մերժված լինելու վախ։ Նա որոշում է, որ դա իր անհատական ռեակցիան է, իսկ ցանցերն այստեղ մեղավոր չեն։ Հավանաբար շփման տեխնոլոգիան է անծանոթ, ամբողջ բանը դրանում է։

Սակայն ժամանակի ընթացքում և ցանցերի զարգացմանը զուգահեռ այդ զգացմունքը միայն ամրապնդվում է։ Հեղինակին անհանգստացնում է, որ ալգորիթմը հաշվարկում է, ի՞նչ է իրենից ներկայացնում մարդը․ընկերների քանակը, նախասիրությունները, հակումները, ֆինանսական հնարավորությունները և այլն։

BUMMER-ն այս ամենը վեր է ածում ապրանքի և վաճառում գովազդատուին։ Ձեր զգացմունքները, ձգտումները դառնում են վերացական, մոդել, որը հարմար է օգտագործել մանիպուլյացիայի հնարքները մշակելու համար։

Երբ որևէ մեկը աստղագուշակ է ընթերցում թերթում, դա կարող է զվարճալի լինել։ Մեկը հավատում է կանխագուշակություններին, մյուսը՝ ծիծաղում։ Ամեն դեպքում, դա հարաբերություն է անձի և անշունչ առարկայի՝ թերթի միջև, որը ոչ մի կերպ չի կարող ազդել նրա վրա։ Սակայն առցանց ծառայությունը բացարձակապես այլ բան է։ Այն ամփոփում է ձեր հակումները՝ հետագայում քաղաքական կամ գովազդային նպատակներով օգտագործելու համար։

Սոցիալական ցանցերը միտումնավոր խանդի, նախանձի և անհանգստության զգացում են առաջացնում օգտատերերի մոտ։ Անընդհատ ինչ որ մրցույթներ են ի հայտ գալիս, որոնք ոչ ոք չի խնդրել, օրինակ՝ գեղեցկության կամ ինտելեկտի մրցույթների ինչ-որ նմանակներ։

Մեկն ավելի շատ “լայքեր” է հավաքել, քան դուք, և ահա դուք արդեն լի եք անհանգստությամբ ու նախանձով։ Գուցե դուք վա՞յր եք իջել հիերարխիկ աստիճանով, ասում է ձեզ հնագույն բնազդը, պետք է մի բան անել։

Դուք արդեն մոռացել եք, որ այդ բոլոր մրցույթներն, ինչպես և վարկանիշները գրոշ չարժեն, արդեն վերև բարձրանակու քայլեր եք ձեռնարկում․դա ձեզնից ուժեղ է, քանի որ բնության կողմից է տրված։ Եվ դրանից անամոթաբար օգտվում են BUMMER- ի սեփականատերերը։

Օգտվելով այն հանգամանքից, որ սոցցանցերն անվճար են, դրանք կարող են անել, ինչ ուզում են, կարծում է Լանյեն, ինչպես ասում են՝ նվիրած ձիու ատամները չեն հաշվում։ Բայց հեղինակը կնախընտրեր, որ օգտատերեը վճարեին Facebook-ում, Google-ում կամ Twitter-ում գրանցումների համար, որպեսզի կարողանային ինքնուրույն պատվիրել նյութերը։

Եթե որևէ մեկը ցանկանում է, թող վճարի գովազդային, քարոզչական կամ դավադրությունների տեսությունների ցնդաբանությունը տեսնելու համար, բայց մյուսները չպետք է թունավորվեն այդ զառանցանքով, զոհ գնալով նեգատիվին և վնաս պատճառելով իրենց առողջությանը։

Գաղափարի # 7. BUMMER-ն իդեալական մեքենա է քաղաքական խարդախությունների համար

Ծրագրավորողները՝ սոցիալական ցանցեր ստեղծողները, ժամանակին վստահ էին, որ ցանցերը կնպաստեն ժողովրդավարության զարգացմանը։ Սակայն վերջին ժամանակներում, կարծում է Լամյեն, մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ։

Որպես օրինակ նա բերում է Մյանմարում մահմեդական ռոհինջա ժողովրդի կոտորածը։ Ջարդից անմիջապես առաջ ֆեյսբուքում հայտնվեցին արնահեղություն հրահրած բազմաթիվ կեղծ գրառումներ ռոհինջաների բարբարոսությունների, ծիսակարգն իրականացնելու համար մանուկների սպանությունների և այլ նմանատիպ անհեթեթեությունների մասին։
Նույնը դիտարկվեց նաև տարահավատք Հնդկաստանում և Հարավային Սուդանում, երբ կեղծ լուրերը դիտավորյալ նպատակաուղղված էին երկրներում քաղաքական ճգնաժամի առաջացմանը։

Քանի որ առավելագույն դիտումներ հավաքում են զգացմունքների փոթորիկ առաջացնող ագրեսիվ, աղմկահարույց գրառումները, դրանք օգտագործում են անբարեխիղճ քաղաքական գործիչները՝ զանգվածային հիսթերիա առաջացնելով իրենց նպատակների համար։

Սոցիալական ցանցերի գոյության լուսաբացին դրանցից օգտվում էին ցանցերի հեղինակների նման կրթված երիտասարդները։ Նրանք ազատական կամ պահպանողական հայացքներ ունեցող իդեալիստներ էին, բայց ընդհանուր առմամբ, նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր աշխարհն ավելի լավը դարձնել:

Սակայն ցանցերի հանրաճանաչության աճին զուգընթաց դրանք ողողեցին գոռգոռացողները, խարդախներն ու բոտերը, վերածելով ցանցերը տարաբնույթ, մասնավորապես՝ քաղաքական խարդախությունների իդեալական հարթակի։

Երբ Մերձավոր Արևելքում տեղի ունեցավ Արաբական գարունը, Սիլիկոնյան հովտի բնակիչներից շատերը հիացած էին․չէ որ հենց թվիթերի ու ֆեյսբուքի միջոցով Կահիրեում մարդիկ կարողացան հավաքվել Թահրիր հրապարակում և տապալել կառավարությունը։

Հասարակ քաղաքացիները ՆԱՏՕ-ի զորքերին հայտնում էին օդային հարվածների համր ամենալավ թիրախները։ Այդ հեղափոխության ժամանակ չկար միավորող անձ, այն կարծես ինքնաբուխ կազմակերկվեց, սոցիալական ցանցերի միջոցով։

Սակայն, Լանյեի կարծիքով, առանց նախնական ծրագրի այդպիսի հեղափոխությունը ոչ մի հարց չի լուծում։ Չէ ՞որ իշխանության տապալմանը պետք է հետևի ինչ որ վերակազմավորում, միջոցներ պետք է ձեռնարկվեն նոր կարգի հաստատման համար։

Արդյո՞ք հրապարակում հավաքված ուսանողները, դպրոցականները, երեխաները կարող են դա անել։ Արդյո՞ք նրանք աշխատանք կստանան իրականացրած հեղափոխության արդյունքում։ Արդյունքում, երիտասարդության համար ոչինչ չփոխվեց, իսկ իշխանությունը մոլեռանդներից անցնում է զինվորականներին, և, հավանաբար, սա դեռ վերջը չէ։

Նույն ձևով, ինչպես հեղափոխություններն են կատարվում, սոցիալական ցանցերի օգնությամբ կարելի ընտրել նախագահներ (Լամյեն ակնարկում է Թրամփին):

Եվ Թրամփը դեռևս վատագույն տարբերակը չէ, քանի որ BUMMER հարթակի օգնությամբ նրա փոխարեն կարող էր հայտնվել իր անձի նկատմամբ սոցիալական ցանցերի առավելագույն ուշադրությունը գրաված ցանկացած ոք։

Մի կողմից՝ ցանցի հսկայական հնարավորությունները, մյուս կողմից՝ օգտատերերի կուրությունը, որոնք առաջնորդվում են իրենց ցանցային համակրանքով, չգիտակցելով, ի՞նչ են անում:

Ֆեյսբուքը և այլ ցանցերը օգտագործում են մարդկային ուշադրությունը և շահարկում են հասարակական կարծիքը, և, հետևաբար, դրանք ավելի ու ավելի հաճախ են օգտագործվելու քաղաքականապես անմաքրաբարո նպատակներով, կարծում է հեղինակը:

Գաղափարը # 8. BUMMER- ը նոր կրոն է, որը փոխում է ձեր արժեքներն ու սկզբունքները

Սոցիալական ցանցերի նկատմամբ օգտատերերի հավատը նման է կրոնի․այն ոչ մի ապացույց չի պահանջում: Չէ՞ որ որոշ մարդիկ հավատում են, որ Երկիրը հարթ է: Մենք հավատում ենք ցանցերում հրապարակվող շատ անհեթեթությունների` տարբեր դավադրությունների տեսությունների, ծիծաղելի գիտական հիպոթեզների, բամբասանքի և ստերի:

Մենք վստահում ենք մեմերին և ցուցադրում ենք կլիպային մտածելակերպ՝ առանց խորանալու խնդրի էության մեջ։ Բայց չէ՞ որ ժամանակին էվոլյուցիոն կենսաբան Ռիչարդ Դոկինզը նկարագրել է մեմը որպես իր մեջ պատկերներ, գաղափարներ և սովորություններ ներառած մշակույթի միավոր, որը բնական ընտրության արդյունքում գոյատևում է կամ մահանում։

Ժամանակակից ինտերնետ-մեմերը տեղեկություններ են, որոնք օգտատերերը փոխանցում են ցանցի միջոցով վիրուսային նկարների կամ տեսանյութերի տեսքով։ Մենք հավատում ենք մի մեմի, մինչև այն փոխարինվի այլ, ավելի տպավորիչ մեկով։

Սա պարզապես առցանց գնահատման ժանր է։ Մեմը ուժեղացնում է բանավոր տեղեկությունները պատկերի միջոցով, բայց այդ պատկերը երևակայական է։ Նրա ուժը ոչ թե ճշմարիտ, այլ ազդեցիկ լինելու մեջ է։

Ավելի ազդեցիկը հայտնվելուն պես այն կվերանա։ Աստիճանաբար, ապավինելով նկարներին և պատկերներին, մենք դառնում ենք ավելի տգետ։ Մեզ չի հետաքրքրում գտնել ճշմարտությունը, այս հարցում մենք ապավինում ենք սոցցանցերի ալգորիթմներին։ Բայց նրանք ստեղծված չեն բացահայտելու ճշմարտությունը։

Կրոններն անդրադառնում են կյանքի նպատակի և իմաստի հարցերին: Google-ը և Facebook-ը նույնպես բարձրացնում են այս հարցերը: Google-ի կյանքի նպատակը համաշխարհային տեղեկատվության կազմակերպումն է, ամեն ինչի օպտիմալացումը:

Այս ընկերությունների ղեկավարները հավատում են, որ վաղ թե ուշ կհաղթեն նյութը, կատարելագործելով մարդու մարմինը մինչև կիբորգի մակարդակի՝ այսպիսով հասնելով թվային անմահության։ Facebook-ն իր առաքելությունն է հայտարարել յուրաքանչյուր մարդուն նպատակի և համակեցության զգացումով օժտելը: Լանյեն դա համարում է կրոնական նկրտում:

Եթե մահանում է Facebook- ի օգտատերը, նրա էջը վերածվում է պաշտամունքի վայրի, որտեղ բոլորը կարող են տեղադրել այրվող մոմով նկարներ, ցավակցություն հայտնել և այս կամ այլ կերպ հարգել մահացածի հիշատակը։

Եթե նա հանրաճանաչ մարդ է եղել, այդ էջը դառնում է կուլտային։ Սա նման է կրոնական ծեսերի։ Google-ն առաջ է տանում այն գաղափարը, որ յուրաքանչյուրի գիտակցությունը կարելի է տեղավորել ամպի մեջ, դրանով իսկ ապահովելով թվային կյանք մահից հետո: Նա իրեն դիրքավորում է որպես հավերժական կյանքի տեր:

Այսպիսով, աննկատ BUMMER օգտատերերը դառնում են նոր պաշտամունքի հետևորդ։ BUMMER ընկերությունների ինժեներները հասկանում են դա։ Նրանք համարում են, որ աշխատում են ոչ թե մարդկանց, այլ ապագայի հոյակապ արհեստական ինտելեկտի համար, որը մի քանի հարյուրամյակ անց կիշխի աշխարհը։

Մարդիկ այս դեպքում երկրորդական են։ Նրանք արժեզրկվում են և հասցվում մեքենայի կցորդի մակարդակի։ Բայց սա լոկ մարդու արժանապատվությունը և իրավունքները նվաստեցնող մանիպուլյացիա է, կարծում է հեղինակը։ Քանի որ եթե չլինեն մարդիկ՝ չի լինի և ոչ մի արհեստական ինտելեկտ, որը հենց նրանք էլ ստեղծել են։

Ամփոփող մեկնաբանություններ

Գիրքը բարդ է, հետաքրքիր և երբեմն վախեցնելու չափ համոզիչ: Հեղինակը պնդում է, որ մենք թերագնահատում ենք BUMMER-ի ազդեցությունը մեր հավատամքի և գիտակցության վրա, քայլ առ քայլ զիջելով ալգորիթմների աշխատանքին:

Ստեղծված լինելով շփման համար՝ սոցիալական ցանցերը հանկարծ դարձան մանիպուլյացիայի և օտարացման գործիք։ Լանյեն չգիտի, ի՞նչ անել , թերևս միայն դուրս գալ բոլոր սոցիալական ցանցերից, ինչպես նա է ասում՝ մարդ մնալու համար։

Համացանցն ինքնին հիասքանք է, կան առանց սոցիալական ցանցերի ընկերների հետ շփման բազմաթիվ միջոցներ, օրինակ՝ գրել էլեկտրոնային նամակներ։ Եթե ձեզ նորություններ են հարկավոր՝ կարդացեք անմիջական կայքերում, այլ ոչ ֆեյսբուքի ֆիլտրերի միջոցով։

Մի կարդացեք մեկնաբանությունները, եթե կարդում եք՝ աշխատեք հաղթահարել բանավեճի մեջ մտնելու գայթակղությունը։ Ստեղծեք սեփական կայքը կամ շփվեք ձեր շրջանի մարդկանց կողմից բացված կայքում, ուր ընդամենը մի քայլ է բաժանում ձեզ անձնական շփումից։

Նայեք ձեր ընտրած, այլ ոչ ֆեյսբուքի առաջարկած տեսանյութերը։ Օգտվեք համացանցից ձեր պայմաններով ու կանոններով․եղեք կատու, այլ ոչ Պավլովի շուն։ Եվ դուք կնկատեք, ինչպես կփոխվի ձեր տրամադրությունը և կյանքը։