Բավ է պառակտվել
13-02-2019 18:04

Վարչապետը Վ․Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ է հանձնել անվանի գիտնական-աստղագետներին (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի մասնակցել է Վ․Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում, տեղեկացրել է կառավարության մամլո ծառայությունը։

Կառավարության ղեկավարը մրցանակը հանձնել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսորներ Ալեքսանդր Տուտուկովին և Լև Յունգելսոնին:

Մրցանակը շնորհվել է “Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար”։

Ինչպես արարողության ժամանակ նշել է Փաշինյանը, Հայաստանը լավ է գիտակցում այդ մրցանակի հեղինակության կարևորությունը։

“Նրա արժեքն են կազմում գիտական հանրության կողմից ընդունված լինելը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ և իրենց արժանի տեղը կգրավեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին”,- ասել է նա։

Վարչապետի խոսքերով, մրցանակը շնորհելու որոշումը կայացվում է միջազգային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհռչակ գիտնականներ, ովքեր ընտրության ժամանակ ղեկավարվում են անաչառության և բծախնդրության սկզբունքներով։

“Բավական է նշել, որ հանձնաժողովի անդամների թվում են Նոբելյան մրցանակակիր, Միջազգային աստղագիտական միության նախորդ երկու նախագահ և մի շարք այլ ճանաչված աստղագետներ”,-հստակեցրել է նա։

Խոսելով 2018 թվականի մրցանակի դափնեկիրներ՝ պրոֆեսորներ Էդվարդ Վան Դեն Հոյվելի, Ալեքսանդր Տուտուկովի և Լև Յունգելսոնի մասին, Փաշինյանն ասել է, որ նրանք բազմաթիվ գիտական հայտնաբերությունների հեղինակներ են։

“Ներկայացված աշխատանքն անցել է ամենախիստ և անաչառ գիտական փորձաքննություն և բազմիցս քննարկվել է միջազգային հանձնաժողովի կողմից”,-պարզաբանել է նա։

Միաժամանակ, կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մրցանակը ստանալուց հետո նրանք ավել մեծ եռանդով կշարունակեն իրենց գիտական գործունեությունը։