Բավ է պառակտվել
14-10-2019 18:08

Հայաստանում հնարավոր կլինի ականատես լինել հազվագյուտ երկնային երևույթի

Հայաստանի բնակիչները կկարողանան ականատես լինել մի հազվագյուտ աստղագիտական երևույթի, որը հաջորդ անգամ տեղի կունենա միայն 2032-ին և 2039-ին՝ Մերկուրի անցումը արևային սկավառակի վրայով:

Նոյեմբերի 11-ին Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով։ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի մամլո ծառայությունից հայտնում են, որ այս երևույթը դիտվում է այն ժամանակ, երբ Մերկուրին գտնվում է Երկիր-Արեգակ գծի վրա։ Մերկուրին կտեղաշարժվի Արեգակի սկավառի վրայով, և հնարավոր կլինի տեսնել մոլորակի մուգ պատկերը վառ աստղի ֆոնին։

Անցումը կլինի նոյեմբերի 11-ին Գրինվիչի ժամանակով 12։35-ից մինչև 18։04 և կտևի 5 ժամ 29 րոպե, ինչն ավելի կարճ է, քան 2016թ, երբ տևողությունը եղել է, ընդհանուր առմամբ, 7,5 ժամ:

Աստղադիտարանից տեղեկացրել են, որ ներքին մոլորակների՝ Մերկուրիի և Վեներայի անցումները սովորաբար տեսանելի են բոլոր տեղանքներից՝ բացառությամբ նրանց, որտեղ տվյալ պահին Արեգակը մայր է մտել, սակայն դիտման անկյունից ելնելով՝ անցման սկիզբն ու ավարտը կարող են մի քանի րոպեով տարբեր լինել:

Նոյեմբերի 11-ին լավագույն տեսանելիության պայմաններ կլինեն Հարավային և Կենտրոնական Ամերիկաներում, մասամբ Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։

Հայաստանում մասնակի անցումը կդիտվի օրվա վերջում՝ արևամուտի ժամանակ։ Անցմանը կարելի է հետևել սիրողական աստղադիտակներով և արեգակնային լուսազտիչներով (ֆիլտրերով)։