Բավ է պառակտվել
24-11-2016 17:14

Ռուս հաքերները հարձակում են գործել բանկոմատների վրա 14 երկրներում

Ընթացիկ տարում հեռահար կերպով կիբերհարձակման են ենթարկվել եվրոպական և ասիական 14 երկրների բանկոմատներ: Այս մասին հայտնում է Group IB կիբերանվտանգության միջազգային կազմակերպությունը: Գործակալությունը նշում է, որ թեև վերջին 5 տարում բանկոմատների վրա հաքերային հարձակումները նորություն չեն, սակայն նախկինում դրանք առավել նեղ բնույթ էին կրում: Ընկերությունից հրաժարվել են հայտնել, թե որ բանկերի սարքերն են հարձակման ենթարկվել, սակայն նշել են, որ կիբերհարձակումների զոհ են դարձել, մասնավորապես Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Էստոնիան, Վրաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, ինչպես նաև Նիդերլանդները, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Իսպանիան, Բրիտանիան և Մալայզիան: Ընկերությունից տեղեկացրել են, որ հաքերները պարզապես վճարման քարտերի համարները գողանալուց անցում են կատարել առավել եկամտաբեր հարձակման՝ արդեն բանկային ցանցերի վրա, ինչը նրանց հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ ոչ միայն բանկոմատներին, այլև էլեկտրոնային վճարման ցանցերին: Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ ամենայն հավանականությամբ՝ հարձակումն իրականացվել է «Կոբալտ» խմբավորման կողմից: