Բավ է պառակտվել
11-10-2016 13:20

ՀՀ-ն աշխարհում առավել առաջադեմ տեխնոլոգիական երկրներից մեկն է. Ս. Սարգսյան

Հայաստանն աշխարհում առավել առաջադեմ տեխնոլոգիական երկրներից մեկն է, թեև ֆինանսական ճգնաժամը չի շրջանցել նաև մեր երկիրը, Նյու Յորքում կայացած «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» միջոցառմանը հայտարարել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Թեև ֆինանսական ճգնաժամերը չշրջանցեցին նաև Հայաստանը, մեր երկրում վերելք ապրեց գիտելիքահենք հասարակությունը, ինչի շնորհիվ ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանն իր տեղը զբաղեցրեց տեխնոլոգիապես առաջատար երկրների շարքում», - հայտարարել է Սարգսյանը:

Նա նշել է, որ անկախ ֆինանսական հնարավորություններից, յուրաքանչյուր հայ ընտանիք ձգտում է առավելագույնս ներդնել երեխաների կրթության հարցում։ «Եվ օրինաչափ է, որ արդեն երկար տարիներ դպրոցականների համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մեր երեխաները շահում են շուրջ 20 մրցանակ», - նշել է նախագահը:

Նրա խոսքով այսօր Հայաստանը գլխավորում է մաթեմատիկայի միջազգային դպրոցական օլիմպիադայի վարկանիշային աղյուսակը՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող մրցանակների քանակով: «Նույն սկզբունքով մենք ունենք նաև շախմատի գրոսմայստերների ամենամեծ թիվը։ Ի դեպ, Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որտեղ շախմատը ներառվել է դպրոցական ծրագրերում՝ նպատակ ունենալով նոր սերնդի մոտ խթանել ռազմավարական մտածելակերպի զարգացումը», - հավելել է Սարգսյանը:

Նա մեկ այլ հետաքրքիր օրինակ բերեց` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը Հայաստանում, որը միջին և բարձր դասարանների աշակերտներին հնարավորություն է ընձեռում իրենց մտքերը վերածելու տեղեկատվական արտադրանքի։

«Մեր նախաձեռնությամբ 2009թ. ստեղծվել և գործում է «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` սովորելու աշխարհի լավագույն բուհերում, ապահովում Հայաստանի և հայության համաքայլ ընթացքը ժամանակի պահանջների հետ», - ասել է նախագահը: