Բավ է պառակտվել
01-02-2021 15:59

ԳԱԱ լուծարման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Ռադիկ Մարտիրոսյան

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին անդրադարձավ գիտության ոլորտի խնդիրներին:
«Հաշվի առնելով 2020-ին մեր կյանքում տեղի ունեցած աղետալի երևույթները՝ պետք է փոխել մեր կյանքի ընթացքը, մեր ամբողջ կյանքը պետք է փոխվի: Ապրել նորովի, չկրկնել նախկինում թույլ տված սխալները հնարավոր է միայն գիտության զարգացման միջոցով: Ապագա գլոբալ մարտահրավերներին դիմակայելու պայմանը զարգացած գիտություն ունենալն է:
44-օրյա պատերազմը շատ մասնագետներ անվանում են հինգերորդ սերնդի պատերազմ: Պատերազմում մեր զոհերի թվի 90 տոկոսը պայմանավորված էր թշնամու տեխնոլոգիական առավելությամբ: Թուրքիայում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 2 տոկոսը: Ասում են, որ մեկ «Բայրաքթար» ստեղծելու վրա ծախսվել է 270 միլիոն դոլար, որը մեր գիտությանը հատկացված միջոցներն են 10 տարվա ընթացքում»,- նշեց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց, որ զարգացած գիտության համար պետք է ունենալ անհրաժեշտ ֆինանսավորում, կադրային ներուժ, բարձր մակարդակի միջազգային համագործակցություն և գիտական բարձր մակարդակին համապատասխանող պետական պատվեր:

ԳԱԱ նախագահը նշեց, որ երկար տարիներ՝ 1991-ից մինչ օրս, գիտությանը հատկացված միջոցները կազմում են ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, որը ոչ թե օգնել է ֆինանսավորել ու զարգացնել գիտությունը, այլ պահպանել է գիտական կազմակերպությունները, որոնք սովետական տարիներին զբաղվել են գիտությամբ: Գիտաշխատողների միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, որը մեր երկրի միջին աշխատավարձի կեսն է կազմում: ԳԱԱ աշխատակիցների 2/3-ը ստանում է մինիմալ աշխատավարձ:
Ի դեպ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ասաց նշեց.

«Գիտնականներն իրենց կարծիքն ասել են և իրենց գործին են, հո ամեն օր դրանով չե՞նք զբաղվում: Հրաժարականի պահանջը փողոցում գտնվող մարդկանցով միայն չափելի չէ, կարծում եմ՝ տանը նստած շատ մարդիկ ունեն նույն կարծիքը: Եթե ընտրություն լինի, մարդիկ իրենց կարծիքը կհայտնեն ավելի օրինական ձևով»:
Խոսելով ԳԱԱ լուծարման լուրերի մասին՝ Ռ.Մարտիրոսյանը հայտարարեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Խոսքը ԳԱԱ համակարգում գտնվող ինստիտուտների կարգավիճակի մասին է: Օրենքում ճշտված չէ՝ ով է այդ ինստիտուտների վերադասը, մեր պահանջն այդ խնդիրը կանոնակարգելն է: Ես կարծում եմ՝ անհրաժեշտ չէ այսօր ունենալ «Գիտության մասին» նոր օրենք, երբ գործում են երկու օրենքներ՝ «Գիտության և գիտական քաղաքականության մասին» և «Հայաստանի

Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մասին»: Եթե խնդիրներ կան, կարող ենք այդ օրենքներում փոփոխություններ կատարել, մենք պատրաստ ենք»,- ասաց ԳԱԱ նախագահը: