Բավ է պառակտվել
07-06-2014 19:31

Ճապոնական Softbank բջջային օպերատորը ներկայացրել է Ուրայասու ռոբոտին

Ճապոնական Softbank բջջային օպերատորը այսօր հայտարարել է այն մասին, որ գալիք տարվանից կսկսի վաճառել մարդանման ռոբոտներ, որոնք կօգնեն մարդկանց ամենօրյա խնդիրները լուծելու հարցում: Softbank-ում հայտնել են, որ Ճապոնիայի բնակչությունը արագորեն ծերանում է, իսկ երիտասարդները չեն շտապում ծնող դառնալու հարցում: Արդյունքում հարյուրամյակի կեսին Ճապոնիան կարող է վերածվել "թոշակառուների պետության", որում անհրաժեշտ կլինի օգնություն կենսական հարցերում՝ տան մաքրելու, ուտելիք պատրաստելու և այլն, հայտնում է CyberSecurity.ru կայքը:

Softbank-ում նաև պատմել են, որ այս ռոբոտի մոդելը ընդունակ է կատարել նաև բուժքրոջ պարտականությունները, անհապաղ շտապ օգնություն կանչել, տվյալներ ուղարկել համացանցում, շուրջօրյա հսկում կազմակերպել կամ պարզապես զրուցակից լինել միայնակ տարեց մարդկանց համար: Մոդելի արժեքը կազմում է 198 000 յեն կամ 1900 ԱՄՆ դոլար:

SoftBank-ի ղեկավար Մասայոշի Սոնը հայտնել է, որ Ուրայասու ռոբոտի ապագա տարբերակները կկարողանան ուսանել, հարմարվել տիրոջ սովորություններին, ինչպես նաև հասկանալ մարդկանց զգացմունքները: Ռոբոտների առաջին տարբերակները կսկսեն վաճառվել 2015 թվականից կապի կենտրոններում: Իսկ այսօր ընկերությունը ներկայացրել է Pepper ռոբոտ-զրուցակցին: "Մարդիկ կարծում են, թե ռոբոտները այն չէ, ինչ իրենց հարկավոր է, քանի որ նրանք զգացմունքներ չունեն և չեն հասկանում մարդկային տրամադրությունները և պահանջները: Մենք աշխատում ենք ռոբոտներին սիրտ և զգացմունքներ պարգևելու ուղղությամբ", - ասել է Սոնը:

Sooftbank-ը ռոբոտներ է մշակում ֆրանսիական Aldebaran ընկերության հետ համատեղ, որի բաժնեմասը օպերատորը ձեռք է բերել դեռևս 2012 թվականին: Ռոբոտների արտադրությամբ զբաղվում է տայվանական Hon Hai ընկերությունը: Սոնը հայտնել է, որ ռոբոտների հաջորդ մոդելները անընդհատ համացանցին միացրած կլինեն և կկարողանան օգտագործել հաշվիչ ամպը, որի միջոցով, ցանկության դեպքում, հնարավոր կլինի ստանալ նոր զգացմունքներ, գիտելիքներ և աշխատանքի մասին տվյալներ:

Հիշեցնենք, որ նախկինում Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են այն մասին, որ երկրի բնակչության ծերանալը հանդիսանում է պետական նշանակության խնդիր: Անցյալ տարի Տոկիոն մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլար է հատկացրել արտադրական ռոբոտների մշակման համար, որոնք կկարողանան պահպանել ճապոնական արտադրության պատշաճ մակարդակը, երբ երկիրը երիտասարդ աշխատողների կարիք զգա: Ըստ Ճապոնիայի Առևտրի նախարարության զեկույցի, 2012 թվականին Ճապոնիայի ռոբոտների տեխնիկական ազգային շուկան կազմել է 860 միլիարդ յեն, սակայն 2020 թվականին այն կհասնի 2,85 տրիլիոն յեն:
.