Բավ է պառակտվել
06-06-2022 11:25

Հայ աշակերտների նախագծած սարքը կուղարկվի տիեզերք

«Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը կուղարկվի տիեզերք։ Սա հնարավոր է դարձել «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ում նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմի հաղթանակի շնորհիվ, տեղեկանում ենք «Այբ»-ի մամլո տեղեկատվությունից։

Թռիչքը նախատեսվում է հունիսին տիեզերք դուրս եկող ենթաուղեծրային հրթիռից։ 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվելու է ենթաուղեծրային հրթիռում և ուղարկվելու բաց տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատելու է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։

Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։ Վերջին երկու չափումները կատարող տվիչները նախատեսվել և առաջարկվել են AYAS թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։

Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին ետ է ընկնելու։

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտները մրցույթում հաղթելու շնորհիվ նաև հնարավորություն կունենան մասնակցելու այս տարվա սեպտեմբերին Երևանում անցկացվելքի «Ստարմուս» գիտական 6-րդ միջազգային փառատոնին։