Բավ է պառակտվել
28-05-2019 23:48

Իլոն Մասկի 12 000 արբանյակը հասանելի կդարձնի համացանցը Երկրի բոլոր բնակիչներին, և այն հնարավոր չի լինին անջատել

Փետրվարի վերջին Իլոն Մասկի SpaceX ընկերությունը արձակել է Falcon 9 հրթիռը, և թեև այս իրադարձությունը մնացել է նախորդ՝ Falcon Heavy-ի արձակման ստվերում, սակայն կարող է լինել ոչ պակաս նշանակալից, քանի որ ուղեծիր է արձակվել կապի երկու փորձարարական արբանյակ ապագա համացանցի համար, որը կարող է ապահովել անխափան և գերարագ մուտք համացանց Երկրի ցանկացած վայրում։

Կալիֆորնիայի “Վանդերբերգ” ավիաբազայից արձակված Tinitin-A և Tinitin-B արբանյակներով կսկսվի Starlink համացանցը։ Նախագծի շրջանակներում Իլոն Մասկը նախատեսում է մի քանի տարվա ընթացքում ուղեծիր դուրս բերել ավելի շատ արբանյակ, քան արվել է մարդկության ողջ պատմության ընթացքում, համացանցով պատելով Երկիր մոլորակի ամբողջ տարածքը։

Այս լուրերի համատեքստում անիմաստ է հնչում Ռուսաստանի դաշնության նախագահի խորհրդական Գերման Կլիմենկոյի երեկվա այն հայտարարությունը, որ երկիրը պատրաստ է անջատվել համաշխարհային համացանցից։ Իվան Յալովինան փորձել է հասկանալ, ինչ հետևանքներ կունենա Մասկի նոր գլոբալ ծրագիրը։

Ի՞նչ է իրենից ներկայացնելու

Համեմատության համար` ներկայումս տիեզերքում տարբեր նպատակներով աշխատում է 1740 սարք: Եվս 2600-ը հանվել է շահագործումից, ու վերածվել տիեզերական աղբի: Սակայն Starlink-ում արդեն 2020 թվականի կեսերին նախատեսվում է օգտագործել 11925 (!) հաղորդակցության արբանյակ։ Դրանք պետք է աշխատեն որպես միասնական համակարգ՝ մեր մոլորակի մակերևույթը պատող բջջային ցանցի տեսքով:

Այդ սարքերի մեծ մասը՝ 7518-ը, կտեղակայվեն համեմատաբար մոտ Երկրի մակերևույթին՝ 335կմ հեռավորության վրա։ Դրանք ազդանշաններ կարձակեն և կընդունեն հաճախականության v տիրույթում (40-ից 75 Գհց)։ Նախ, ազդանշանը արբանյակից օգտատեր պետք է հասնի հնարավորինս արագ՝ 25-35 միլիվարկյանում, երկրորդը՝ պետք է մշտապես ապահովվի վարկյանում 1ԳԲիտ տվյալների փոխանցում։

Մնացած 4407 արբանյակը պետք է աշխատեն Ku և Ka տիրույթում (մինչև 40Գհց) և ապահովեն վարկյանում 100Գբիտ կապի արագություն։ Դրանց ուղեծիրը (համապատասխանաբար, ծածկույթը) կգտնվի ավելի բարձր՝ շուրջ 1150կմ-ի վրա։

Նման ճարտարապետությունը կապահովի ազդանշանների հաղորդումն ու ընդունումը ցանկացած պայմաններում։ Եթե “ստորին” արբանյակներց մեկը խիստ ծանրաբեռնված լինի՝ նրան օգնության կհասնեն “վերինները”։ Եթե անգամ դա բավարար չլինի՝ օգնության կհասնեն հարևան սարքերը։ Ինժեներները նախատեսել են դրանց միմյանց հետ հաղորդակցվելու և ալեհավաքները ամենապահանջված ուղղությամբ՝ օրինակ, դեպի խոշոր քաղաքները, շրջելու հնարավորությունը։

Ազդանշաններն ընդունելու համար օգտատերերը պետք է գնեն հատուկ սարքեր։ Ներկայումս ենթադրվում է, որ դրանք կլինեն հասարակ պլանշետի չափի՝ ոչ ավել, քան 300 դոլար արժողությամբ։ Չնայած, ցանցի շահագործման մեկնարկին սարքերի չափսերը և գինն, ամենայն հավանականությամբ, կնվազեն։ Բավական կլինի ձեր հեռախոսը և / կամ համակարգիչը միացնել նմանատիպ ալեհավաքին` աշխարհի ցանկացած վայրում աննախադեպ արագությամբ ինտերնետ ստանալու համար:

Ինչպե՞ս դա անել

Starlink ցանցի ստեղծումը հսկայական ինժեներատեխնիկական խնդիր է, որը նախկինում ոչ ոք չի ձեռնարկել։ Մասկը և նրա գործընկերներն, ինչպես միշտ, հեռատեսորեն են տրամադրված․Վաշինգտոն նահանգում կառուցվել է սեփական արբանյակների արտադրության գործարան։ Այնտեղ կարտադրվի ոչ միայն արբանյակների առաջին խումբն, այլ նաև շարքից դուրս եկած և իրենց ժամանակը սպառած (դա կկազմի շուրջ յոթ տարի) սարքերի փոխարինող ապարատները։

«Բարձր» արբանյակների արձակման համար SpaceX-ն արդեն ստացել է կապի դաշնային հանձնաժողովի թույլտվությունը, որը կարգավորում է այդ հարցերը ԱՄՆ-ում։ Այժմ դիտարկվում է “ցածր” արբանյակների օգտագործման հայտը։ Starlink-ի ամբողջ համակարգը կաշխատի ամերիկյան իրավասության ներքո, քանի որ համարվում է, որ դա թույլ կտա պաշտպանվել խոսքի ազատությունը սահմանափակելու կամ քաղաքական դրդապատճառներով որևէ մեկի համացանցն արգելափակելու փորձերից։

Ծրագրի իրականացման համար SpaceX-ը, բացի սեփական միջոցներից, կներգրավի նաև արդեն առկա ներդրողների միջոցները։ Google կորպորացիան և Fidelity ներդրումային ընկերությունն արդեն հատկացրել են մեկական միլիարդ դոլար։

Բայց այս նախագծի հաջողության համար ամենակարևորը Երկրի ուղեծիր հսկայական քանակությամբ տիփզերական ապարատներ արձակելու կարողությունն է։ Եվ դա, անշուշտ, պետք է իրագործվի Falcon9 և Falcon Heavy բազմակի օգտագործման հրթիռների օգնությամբ, որոնք իրենց գերազանց են դրսևորել նախորդ տարիներին։

Սակայն այստեղ էլ ամեն ինչ հեշտ չէ։ Օգտագործման համար նախատեսված արբանյակները բավականին խոշոր են՝ 4x1.8x1.2 մետր և 400կգ քաշ։ Մեկ Falcon9-ը կարող է տիեզերք տանել միաժամանակ տասից ոչ ավելի նման սարք։ Falcon Heavy-ի հնարավորությունները մի փոքր ավելին են, քանի որ խնդիրը ոչ այնքան քաշն է, որքան ծավալը և ձևը․ֆիզիկապես դրանք շատ դժվար է տեղավորել։

Հետևաբար, միայն 4407 “բարձ” արբանյակներ տեղափոխելու համար պետք է կատարվի մի քանի հարյուր թռիչք։ Համեմատության համար՝ այժմ SpaceX-ը տարեկան կատարում է 3-4 տասնյակ թռիչք։ Նման տեմպերով նախատեսված խմբավորման ձևավորման համար կպանահջվեն տասնյակ տարիներ։ Եվ սա այն դեպքում, եթե SpaceX-ը միայն այդ խնդիրն իրականացնի, ինչն անհնար է։

Հետևաբար, առաջիկա տարիներին մեկնարկերի թիվը պետք է մեծանա, իսկ արբանյակների չափերը՝ կրճատվեն: Սակայն գործընթացն արագացնելու այլ ուղիներ կան:

Նախ, գրեթե ցանկացած առևտրային գործարկման ժամանակ, հաճախորդի ուղեծիր տեղափոխվող բեռը չի զբաղեցնում հրթիռի բեռնախցիկի ամբողջ տարածքը։ SpaceX-ը կարող է օգտագործել ազատ տարածությունն` անվճար ուղեծիր հասցնելով իր սարքերը։ Այսպես են, ի դեպ, տիեզերք ուղարկվել համակարգի առաջին երկու արբանյակները: Tintin-A-ն և Tintin-B- ն “միացել են” Իսպանիայի հետախուզական ապարատի PAZ- ին, որի մեկնարկը ֆինանսավորվել էր այդ երկրի կառավարության կողմից:

Երկրոդ, առաջիկա տարիներին (հավանաբար 2020-ի սկզբին) Իլոն Մասկը խոստանում է շահագործման հանձնել BFR՝ Big Falcon Rocket-ը։ Այս համակարգը զգալիորեն մեծ է անգամ Falcon Heavy-ից, իսկ բեռնափոխադրման արժեքը պետք է, որ ավելի փոքր լինի։ BFR-ում հեշտությամբ կտեղավորվի Starlink-ի շուրջ հարյուր կապի արբանյակ:

Ինչու՞ դա հարկավոր SpaceX- ին

Իլոն Մասկը չի թաքցնում, որ բարձրակարգ ինտերնետի ստեղծման հիմնական նպատակը զգալի շահույթ ստանալն է: The Wall Street Journal- ի տվյալներով, եթե 2025 թ.-ին բաժանորդների թիվը հասնի 40 միլիոնի, 2025-ին նրանք կապահովեն մոտ 30 միլիարդ եկամուտ: Ընկերության գործառնական շահույթը կարող է գերազանցել $20 միլիարդը:

SpaceX-ը դեռևս չի հայտարարել, ինչ կարժենա Starlink-ի միացումն ու շահագործումը։ Անգամ անհայտ է, արդյոք օգտատերերը պետք է բաժանորդական վճար կատարեն։ Սակայն նույնիսկ այս դեպքում հաճախորդների պակաս չպետք է որ լինի։

Նույնիսկ ԱՄՆ-ում գյուղական շրջանների բնակչության շուրջ 40 տոկոսը միացած չէ լայնաշերտ համացանցին։ Սրանք տասնյակ միլիոնավոր պոտենցիալ բաժանորդներ են: Աշխարհի մասշտաբով հաշիվը գնում է միլիարդավոր դոլարների:

Բացի այդ, 2015 թվականին աշխարհում կապի միջին արագությունը մոտավորապես վարկյանում 6 Մբիթ էր: Մասկն առաջարկում է այն մի քանի անգամ մեծացնել։ Եթե ծառայության արժեքը չափազանց մեծ չլինի, դրա համար ուրախությամբ կվճարեն անգամ լիովին քաղաքակիրթ պայմաններում ապրողները։

Ընդ որում, սպասարկման ծախսերը խոստանում են շատ համեստ լինել։ Հարկավոր չէ գնել օպտիկական մանրաթել, մալուխներ անցկացնել մասնավոր տարածքներով, բևեռային տունդրայով, բարձր լեռներով և օվկիանոնսերի հատակով։ Ցամաքային ենթակառուցվածքն էլ նվազագույն կլինի։

Իհարկե, որևէ բեռ տիեզերք արձակելը թանկ գործ է, սակայն երբ համակարգը կարգավորվի, իսկ թռիչքները դրվեն հոսքային գծի վրա՝ ծախսերն էլ կհասնեն նվազագույնի։

Ամեն դեպքում, ամերիկացի ներդրողները և պետական կարգավորողները լուրջ են վերաբերվում Starlink-ի ստեղծման գաղափարին, ոչ ոք այն չի համարում ժամանակի և միջոցների անտեղի ծախս։

Հետաքրքիր է նաև այն, թե ինչի համար է Մասքը նախատեսում է ծախսել իր նոր ձեռնարկությունից ստացվելիք գումարները: Սա գաղտնիք չէ. շահույթը կծախսվի Մարսի վրա գաղութ ստեղծելու և զարգացնելու համար։ Վերջիվերջո, SpaceX- ի լրիվ անվանումն է Space Exploration Technologies՝ “Տիեզերքի հետազոտությունների տեխնոլոգիաներ”:


Գլոբալ հեղաշրջում Երկրի բնակիչների կենսակերպում

Starlink-ը միայն իր զարգացման սկիզբին է, բայց արդեն հասկանալի է, որ գլոբալ, բարձր արագությամբ, անսահմանափակ ինտերնետը կարող է փոխել մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում:

Աշխարհի հեռավոր անկյունների բնակիչները հնարավորություն կունենան անարգելք դիտել ֆիլմեր և հեռուստատեսություն, կարդալ նորություններ, գնումներ կատարել և պարզապես իմանալ, ինչով և ինչպես է ապրում մնացած մարդկությունը:

Հեռահաղորդակցության մենաշնորհները կկործանվեն: Համատարած գիգաբիտ հաղորդակցությունը կարող է հարվածել բջջային կապին, ինտերնետ ծառայություններ մատուցողներին և այս ոլորտում զբաղված այլ ընկերություններին: Տեղեկատվության և հաղորդակցության հավասար և ազատ հասանելիությունը կդառնա համընդհանուր իրավունք, որը շատ դժվար կլինի սահմանափակել:

Դա կարող է հանգեցնել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հետևանքների: ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին փոփոխությամբ պաշտպանված գլոբալ ինտերնետի հասանելիությունը անօգուտ և պարզապես անհնար կդարձնի տարբեր տեսակի գրաքննիչների և «ինքնիշխան ցանցերի» հեղինակների աշխատանքը: Starlink-ը հնարավոր չի լինի անջատել, կտրելով որևէ մալուխ` դրա բացակայության պատճառով:

Մասկը ինքն է ասել, որ որևէ տարածքում ազդանշանի տարածումն արգելափակելու միակ միջոցը “արբանյակը խոցելն է”, նշելով, որ “Չինաստանը կարող է դա անել”: Տեխնիկապես, այո, կարող է: Չինաստանը նույնիսկ կատարել է նման փորձ 2007 թվականին: Ճիշտ է, արդյունքներն աղետալի էին. խոցված արբանյակը բաժանվեց հազարավոր բեկորների, որոնք մշտական սպառնալիք են բոլոր մյուս տիեզերական սարքերի համար։ Տասնյակ արբանյակներ վերացնելու դեպքում ճանապարհը դեպի տեիեզերք փակ կլինի բոլորի համար:

Իհարկե, իշխանությունները կարող են արգելել հայրենակիցներին օգտվել Starlink-ի արբանյակային ընդունիչներից, բայց ժամանակի ընթացքում դա կնմանվի բջջային հեռախոսներից օգտվելու արգելքին: Բացի այդ, սարքերը այնքան էլ մեծ չեն, որ հնարավոր չլինի դրանք թաքցնել։

Ինտերնետային գրաքննությունն ինքնաբերաբար կվերանա։ Դժվար է պատկերացնել մեկին, ով կօգտվի հայրենի կառավարության կողմից լիովին վերահսկվող դանդաղ վերգետնյա կապից՝ ցանցին գերազանց, ազատ և համատարած հասանելիության այլընտրանքի պայմաններում:

Տեղեկատվության տարածման նկատմամբ լիակատար վերահսկողության վրա հիմնվող ռեժիմները ստիպված կլինեն փոխվել, կամ հորինել իրենց հպատակների վրա ազդեցության այլ մեթոդներ:

Ավելին, Starlink-ը իր տեսակի միակ համակարգը չէ: OneWeb եվրոպական ընկերությունը նույնպես հայտարարել է հազարավոր արբանյակներից կազմված սեփական ցանց ստեղծելու մտադրության մասին, որոնք կապահովեն գլոբալ և լայնաշերտ ինտերնետ հասանելիություն:

Այժմ նրա ստեղծողներին կանգնեցնում է միայն տիեզերական թռիչքների բարձր գինը։ Իրենց ծրագրի իրականացման համար նրանք սպասում են Blue Glenn բազմակի օգտագործման հրթիռի փորձարկումների ավարտին: Այս հրթիռը պետք է դառնա ոչ միայն OneWeb արբանյակների հիմնական կրիչն, այլև Falcon Heavy-ի գլխավոր մրցակիցը ցածրարժեք տիեզերական թռիչքների ոլորտում: