Բավ է պառակտվել
11-11-2019 16:51

Կենսալաբորատորիաների մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են․ Լավրով

Կենսալաբորատորիաների մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև հուշագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, հայտնել է երկուշաբթի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ կերաշխավորվի ռուս, այդ թվում՝ ռազմական մասնագետների մուտքը Հայաստանում Պենտագոնի ֆինանսավորմամբ ստեղծված կենսալաբորատորիաներ։

“Այս հարցերը մենք քննարկել ենք այսօր, դրանք քննարկվում են նաև առողջապահության նախարարությունների մակարդակով։ Մեր նախարար Վերոնիկա Սկվորցովան վերջերս այստեղ է եղել այցով և շփվել իր գործընկերների հետ”,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով, այսօր նշվել է, որ հուշագրի տեքստի շուրջ բանակցություններն այսօր ընդհանուր առմամբ ավարտվել են։ “Այժմ փաստաթուղթն անցնում է միջգերատեսչական համաձայնեցում ամեն երկրում, և մենք հույս ունենք, որ այն (պայմանագիրը) մոտ ժամանակներս կստորագրվի”,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ այս հուշագիրը համագործակցության լրացուցիչ հնարավորություններ կընձեռնի կենսաանվտանգության ոլորտում և ընդգծել, որ լայն առումով անվտանգության հարցերի շուրջ գործընկերների շփումներն օրակարգի անչափ կարևոր մաս են կազմում։

Ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ գոյություն ունի կենսաբանական զենքի մասին Կոնվենցիա, որն արգելում է այդ զենքի արտադրությունը, սակայն, ցավոք, չունի ստուգման մեխանիզմ։

“Երկար տարիներ մենք փորձում ենք ստեղծել նման մեխանիզմ, բայց մեր ամերիկացի գործընկերները փորձում են խուսափել նման համաձայնագրից և երկկողմանի հիմքով աշխատանքներ են տանում աշխարհով մեկ “իրենց հարմարացված” լաբորատորիաներ ստեղծելու ուղղությամբ: Բնականաբար, մենք շահագրգռված ենք ունենալ ամբողջական և փոխադարձ թափանցիկություն մեր դաշնակիցների՝ Հայաստանի և այլ գործընկերների հետ», - ասել է Լավրովը:

Իր հերթին Մնացականյանը հավելել է, որ կենսաանվտանգության հարցը շատ կարևոր է Հայաստանի համար: «Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է վերականգնել և ուժեղացնել կենսաանվտանգության մեխանիզմ ստեղծելու մեր հնարավորությունները: Խնդիրը վերաբերում է դաշնակիցների, Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությանը և համագործակցությանը կենսաբանական անվտանգության ոլորտում», - ասել է նա:

ՀՀ արտգործնախարարն ասել է, որ հուշագրի շուրջ բանակցային գործընթացը ավարտական փուլում է, և, որպես ամբողջություն, այս փաստաթուղթը հնարավորություն կտա համախմբել կենսաբանական անվտանգության ոլորտում Հայաստանի հնարավորություններն ու ներուժը:

Հուշագիրը նախատեսում է երկու երկրների միջև համագործակցություն կենսաբժշկական ոլորտում: Նրանց թվում, ովքեր կկարողանան այցելել Հայաստանում աշխատող կենսաբանական լաբորատորիաներ ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության առողջապահության և պաշտպանության նախարարության մասնագետները:

ԱՄՆ ֆիանսավորմամբ արդիականացված լաբորատորիաները, որտեղ իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրվում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:

Ռուսաստանը բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգներին Ռուսաստանի սահմանների մոտ “ռազմական կենսաբժշկական գործունեության” համար և խոստացել է հասնել նրան, որ հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը դառնա բաց իր համար:

Մոսկվան կասկածանքով է վերաբերվում փակ ռեժիմով գործող հետազոտական կենտրոններին նաև այն պատճառով, որ դրանց արդիականացման և սարքավորումներով հագեցման ֆինանսավորումն իրականացվել է Պենտագոնի միջոցով: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը 10 միլիոն դոլար է հատկացրել հիվանդությունների վերահսկման և կանխարգելման հայկական ազգային կենտրոնի արդիականացման համար։